Մեզ մոտ պետականազրկման երկրորդ փուլն է․ Ալեն Ղևոնդյանը՝ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման մասին
Բրյուսելի հանդիպումը Սոչիի հանդիպման շարունակությունն էր`որոշակի քննարկումների, առանձին էլեմենտների ճշգրտմանն էր ուղղված, առավել ևս, որ ՌԴ–ն թեև դեմ չէ Մինսկի խմբի գործունեությանը, բայց իր քայլերով և քաղաքականությամբ հաստատում էր իր առաջատար դերն ու կարգավիճակը՝ կոնֆլիկտի հանգուցալուծման հարցում։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը՝ անդրադառնալով Բրյուսելում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը։
«Բրյուսելի հանդիպումը չորս ժամ է տևել, քննարկման օրակարգը տարբեր է եղել է, և այն, ինչ հայտարարության մեջ արտացոլվել է, դա մի մասն է եղել քննարկման թեմաներից, և երկաթուղու վերագործարկման հարցը եղել է արդյունքներից մեկը։ Արձանագրվել է, որ այն կերպ, ինչպես Ադրբեջանը կօգտվի Հայաստանում կառուցվող երկաթուղիներից, նույն սկզբունքով Հայաստանն օգտվելու է Ադրբեջանի տարածքով անցնող երկաթուղիների ցանցից»,–ասաց նա։
Ալեն Ղևոնդյանը նկատեց, որ մինչ Բրյուսելի հանդիպումը ոչ միանշանակ էր Ալիևի հայտարարությունները՝ կապված միջանցքի իրողության հետ և նրա կողմից՝ Լաչինի միջանցքի և Սյունիքի միջանցքի համեմատությունները մի շարք անհանգստության տեղիք են տալիս։ «Հաշվի առնելով Հայաստանի դիվանագիտության ոչ միշտ հրապարակային լինելը՝ հայ հասարակության հետ Ալիևի այդ հայտարարության մեջ որոշակի ռիսկեր տեսնում եմ»,–ասաց նա։
Քաղաքագետը նշեց, որ երբ Ալիևը Սյունիքի միջանցքը փորձում է համեմատել և համարժեք դարձնել Լաչինում առկա իրավիճակի հետ և եթե փորձում է համեմատություն անել Ադրբեջան–Նախիջևան և Հայաստան–Արցախ, ապա Ալիևը կարող է ընդունել Ղարաբաղի պատկանելիությունը Հայաստանին և հայկական կողմին և միայն այդ պարագայում հնարավոր են քննարկումներ, իսկ այս դեպքում համեմատությունը տեղին չէ։ Նա նկատեց, որ ընդհանրապես մինչև 2020 թվականի պատերազմն էլ ադրբեջանական կողմը միշտ առաջ է քաշել այդ թեզերի համեմատության և համարժեքության գաղափարը՝ փորձելով նույն կարգավիճակի ներքո դիտարկել:
Ալեն Ղևոնդյանը մտահոգիչ համարեց դեմարկացիայի և դելիմիտացիայի խնդիրները, որոնց, ըստ նրա, հայկական կողմը շատ անփույթ է վերաբերում՝ հաշվի չառնելով հայկական պետության շահը։ «Ենթադրում եմ, որ եվրոպացիները դեմ չեն դեմարկացիայի և դելիմիտացիայի պրոցեսներին այս կամ այն կերպ մասնակցելուն։ Կոնֆլիկտի հաղթահարման տրամաբանությունը պատերազմից հետո միաբևեռեր էր․ ռուսական ակտիվ ներգրավվածություն, Թուրքիայի որոշակի ներգրավվածություն, իսկ ԱՄՆ–ի և Եվրոպայի դերակատարությունը կարծես չկար, ինչը հիմա փոխվում է։ Այսինքն` Արցախը նորից դառնում է միջազգային մրցակից ուժերի թատերաբեմ, և ԱՄՆ–ն, եվրոպացիները փորձում են ամեն կերպ ազդեցություն ունենալ, որ տարածաշրջանի միակ ազդեցիկ բևեռը Ռուսաստանը չմնա»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է Ալիև–Փաշինյան առանձնազրույցին, ապա Ալեն Ղևոնդյանն ասաց, իր ենթադրմամբ՝ անդրադարձ է եղել անկլավների փոխանցմանը։ «Ադրբեջանը ինչ–որ տարանքներում այլընտրանքային ճանապարհների կառուցումը, նշանակում է, որ այսօրվա քննարկվելիք քաղաքական հարցերը՝ Արցախի, սահմանազատման հետ կապված հարցերը ավելի վաղ են որոշվել»,–ասաց նա։
Ըստ նրա՝ Ալիևը և Փաշինյանը գերիների հետ կապված հարցեր ևս քննարկել են, քանի որ հայ գերիների վերաբերյալ ցինիկ և լկտի ձևակերպումը, որը թույլ տվեց ԱԺ նախագահը, կարող է ունենալ արտաքին քաղաքական բովանդակություն։ Նա նշեց, որ կարող է առանձնազրույցում անձնական բնույթի քննարկում ևս լիներ, քանի որ Ալիևի վիրավորական հայտարարություններին Հայաստանի վարչապետը երբևէ չի արձագանքել, ինչից ենթադրվում է, որ որոշակի կաշկանդվածություն ունի։ «Առանձնազրույցի խնդիրը նրանում է, թե արդյոք Հայաստանում գործող իշխանությունը սպասարկում է հայկական շահը»,–ասաց նա։
Նա հատկանշական համարեց, որ Բրյուսելի հանդիպմանը զուգահեռ եղան հայտարարություններ հայ–թուրքական հարաբերությունների օրակարգի բարելավման, հանձնակատարներ նշանակելու վերաբերյալ, ժամանեցին սփյուռքահայ բանագնացներ, որոնք սպառնալիք չեն տեսնում՝ ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի։ «Այսինքն` սա զուգահեռ ընթացող գործընթացներ են, և Հայաստանը այս պրոցեսներին ներգրավել է համապարփակ ճնշման ներքո և սպասարկում է շատ էլեմենտի մասով այն շահերը, որոնք համապատասխանում են Ադրբեջանի և Թուրքիայի և ոչ թե Հայաստանի անվտանգությանը»,–ասաց նա։
Քաղաքագետը նկատեց, որ մեր արտաքին գործընկերներն էլ մեզանից հիասթափվել են մեր արկածախնդիր և անըմբռնելի վարքի պատճառով և գործող իշխանություններն ամեն ինչ արեցին, որ մենք մնանք մենակ։ «Կարծում եմ՝ այսօր մեզ մոտ պետականազրկման երկրորդ փուլն է»,–ասաց նա։
Tert.am