Իշխանությունը չընդունեց ընդդիմության «աջակցությունը»
Երեկ իշխանությունը տապալեց ընդդիմության առաջարկը` արտահերթ նիստ անել՝ «Սահմանագծման եւ սահմանազատման մասին» հայտարարություն ընդունելու համար: Հիշյալ նախագծով ընդդիմությունը կառավարությունից պահանջում է զերծ մնալ որեւէ բանակցությունից, որը կխախտի Սահմանադրությունը, սահմանագծման ու սահմանազատման հարցում չկատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են չեղարկել Արցախի ժողովրդի՝ իր պատմական տարածքում ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումը եւ այլն։
Իշխող մեծամասնության պատգամավորները չբարեհաճեցին անգամ ներկայանալ նիստին, ելույթներ ունենալ եւ հիմնավորել իրենց տեսակետը, թե ինչու չեն կարող նման հայտարարություն ընդունել կամ, ասենք, դեմ քվեարկել հայտարարությանը։ Ուստի նիստն ընդամենը մի քանի րոպե տեւեց, ներկա էին «Հայաստանի» եւ «Պատիվ ունեմ»-ի մի քանի պատգամավորներ՝ ի դեմս խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի, անգամ ԱԺ նախագահն ու փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը չէին ներկայացել: Նիստը բացեց մյուս փոխնախագահը` Հակոբ Արշակյանը, քվեարկություն հայտարարեց, եւ քվորումի բացակայության պատճառով նիստը չկայացավ։
Բայց ամենազավեշտալին այն էր, որ խորհրդարանի կայքում` «Նիստի ուղիղ հեռարձակում» բաժնում ընթացող նիստն անձայն էր` պատկերը կար, ձայնը չկար, ԱԺ ղեկավարությունն իրեն նեղություն չէր տվել անգամ տեխնիկական հարցերով զբաղվել։ Նիստի տապալումից հետո «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենց բերած օրակարգով արտահերթ նիստն ինչ-որ առումով նաեւ իշխանությանն աջակցություն էր, որը նրանք չհասկացան։ «Այսպիսով ցույց կտայինք, որ կա հավաքական կամք՝ թույլ չտալու միջանցքի գաղափարը»,- հիմնավորեց Օհանյանը։ Նա հերթական անգամ պնդեց, որ սահմանազատման ու սահմանագծման իրական պայմաններ չկան, ու եթե դրանք չկապենք Արցախի ինքնորոշման հետ մեկ փաթեթում, ապա լուրջ վտանգ է սպառնում Արցախի ճակատագրին: «Սահմանազատում ու սահմանագծում նշանակում է խաղաղության պայմանագիր, նշանակում է փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչում ու նշանակում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նաեւ մեծ քար գցել Արցախի ճակատագրի վրա»,- ասաց նա։
Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ ՀՀ-ում որեւէ անձ չի կարող ասել, թե որտեղով է անցնում մեր սահմանը, քանի որ ԽՍՀՄ կազմ մտնելուց հետո Հայաստանի սահմանները տարիների ընթացքում բավականին մեծ փոփոխությունների են ենթարկվել, եւ սահմանազատման ու սահմանագծման խնդիրներն իրականացնելու շրջանակում լուրջ ուսումնասիրություններ են պետք։ «Ապաշրջափակումը՝ առանց ճշգրիտ ուսումնասիրությունների, անվտանգության, տնտեսության համակարգում մեծ վնաս է հասցնելու ՀՀ-ին եւ Արցախին։ Ճանապարհների ենթակառույցների ապաշրջափակումը բերելու է ՀՀ-ի խորը շրջափակման, տնտեսական ճնշման, ինչպես նաեւ ժողովրդագրական պատկերի փոփոխության»։ Մինչդեռ՝ «Հայաստանի իշխանությունները գնում են բանավոր պայմանավորվածությունների՝ խախտելով այն բոլոր օրենսդրական կետերին հավատարիմ լինելու ընթացակարգերը»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ Զանգելանի, Կուբաթլուի հատվածից զորքերը հետ քաշելու հրաման էր տրվել։
ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին հարցրինք՝ ե՞րբ են սկսելու դիմադրության խոստացած շարժումը, հատկապես, երբ ամեն օր հասկանում են, որ սահմանադրական ճանապարհով հնարավոր չէ կանխել իշխանությունների կողմից երկրի «հանձնման» գործողությունները։ Սաղաթելյանն ասաց, որ պահը պետք է հասունանա, որպեսզի մեկ անգամ եւ վճռական փողոց դուրս գան․ «Այս իրավիճակից կարող ենք դուրս գալ միայն համազգային դիմադրություն ձեւավորելով, համաժողովրդական ընդվզում սկսելով։ Որքան շուտ հասնենք դրան, այդքան շուտ դուրս կգա երկիրն այս վիճակից»։ Ապա ավելացրեց․ «Եթե մեզ հաջողվի այս իշխանությանը վռնդել իրենց զբաղեցրած աթոռներից, աշխարհը մեզ հետ խոսելու է այլ լեզվով։ Մենք մեր ամենօրյա քայլերով փորձելու ենք հասնել դրան»։ Իսկ ի՞նչ են անում իշխանությանը վռնդելու համար։ Սաղաթելյանն ընդունեց, որ չունեն կազմակերպվածության այն մակարդակը, որ անցնեն փողոցային լայնածավալ աշխատանքների, սակայն մեկ անգամ էլ վստահեցրեց, որ մեկ անգամ պետք է դուրս գան փողոց ու վերջնական։
«Շատ ավելի կազմակերպված պետք է դուրս գանք, որ ժողովրդին չտանենք հիասթափության։ Այսօր մենք ունենք խնդիր՝ փողոցային պայքարը լայնածավալ կազմակերպելու։ Այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են, ակտիվ քննարկումներ կան արտախորհրդարանական ուժերի, քաղաքական, հասարակական գործիչների, անհատների հետ։ Կա դիմադրության գրանցման պրոցեսը, մարզերում մեծ թվով քաղաքացիներ գրանցվել են։ Նրանց հետ անհատական եւ խմբերով աշխատանք ենք սկսել։ Այն հինգ տոկոսը որ օրը լինի, այս իշխանությունը մեկ օր ավելի չի մնա իշխանության»։ Սաղաթելյանը «վերջնական» պայքարի կոնկրետ ժամկետ չնշեց։
Hraparak.am