Բրյուսելն ավելի ընդգծեց Ռուսաստանի դերակատարումը Կովկասում
Երեկ Բրյուսելում կայացած հանդիպումից պարզ էր մի բան՝ դա հանդիպում էր, որը տեղի ունեցավ Պուտինի «օրհնությամբ»: Եթե ամփոփենք ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը, կարող ենք արձանագրել, որ այն, ընդհանուր առմամբ, Սոչիի հանդիպման շարունակությունն էր։ Այս առումով խորհրդանշականորեն կարելի է հիշել նոյեմբերի 26-ին Սոչիի հանդիպման արդյունքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բրյուսելյան հանդիպման մասին ասածը, թե ինքը Միշելի հետ խոսել է, նա սպասում է Փաշինյանին եւ Ալիեւին եւ հուսով է, որ հանդիպումը կլինի արդյունավետ։ Այսինքն՝ մեծ հաշվով, սա մի հանդիպում էր, որը տեղի ունեցավ Ռուսաստանի նախագահի «օրհնությամբ», քանի որ բոլոր քննարկումներն ու բանակցությունները, ինչպես նաեւ՝ եզրահանգումները, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտնի հայտարարությունների շրջանակներում են եղել։
Սա իր հերթին նշանակում է, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում գործ ունենք արդեն նոր փուլի հետ, որում նշված երկու հայտարարությունները ձեռք են բերում հիմնարար նշանակություն։ Թերեւս, նաեւ սա է նկատի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարելիս, թե «Ադրբեջանը հաղթել է պատերազմում, եւ դրա հետ պետք է հաշվի նստել»։
Ըստ էության, դատելով հրապարակային մակարդակում հասանելի՝ մինչ այժմ առկա տեղեկատվությունից, առաջիկայում կարելի է սպասել որոշակի հումանիտար ժեստեր, ասենք` գերիների վերադարձ եւ այլն, որոնք միտված են լինելու կողմերի միջեւ վստահության մթնոլորտի հաստատմանը կամ այդ մթնոլորտի ամրապնդմանը, եթե, իհարկե, համարվի, որ այդպիսի մթնոլորտ, ամեն դեպքում հաստատվել է։ Վերջնանպատակն ինքնին հասկանալի է՝ կայուն, տեւական խաղաղություն ունեցող եւ բարգավաճում ապրող Հարավային Կովկաս, ինչը նշանակում է, որ ռուսական կողմի այն թեզը, թե Հարավային Կովկասի տնտեսական, կոմունիկացիոն, լոգիստիկ եւ այլ պոտենցիալը պետք է բացվի, մնում է որպես հիմնական վերջնանպատակ առնվազն երկու աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների՝ Արեւմուտքի, ի դեմս ԵՄ-ի, եւ Ռուսաստանի համար, եւ հանուն այդ նպատակի նրանց միջեւ կա որոշակի կոնսենսուս։
Եվրամիության ներդրում կարելի է համարել Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների միջեւ ուղիղ կապի ստեղծումը, որն իրականություն է դարձել Շառլ Միշելի աջակցությամբ։ Կարող ենք արձանագրել, որ Եվրամիությունը, ի դեմս Միշելի հայտարարության, լեգիտիմացրեց նաեւ նոյեմբերի 26-ին ստորագրված հայտարարությունը կամ փոխըմբռնումները։ Ըստ էության, կարող ենք ասել, որ որպես «փող ունեցող» կառույց՝ Եվրամիությունը որոշել է առեւտրատնտեսական եւ այլ շահագրգռիչ բաղադրիչներով ակտիվացնել իր ներգրավվածությունը Հարավային Կովկասի նոր ճարտարապետության կերտման գործում՝ լինի դա սահմանային հստակեցումներին աջակցում, խորհրդատվական, առեւտրատնտեսական եւ այլ հարթակի ստեղծում, թե մարդասիրական ականազերծմանն աջակցություն եւ այլն։ Ուշագրավ է թերեւս այն, որ կողմերի միջեւ միջադեպերի կանխման համար համապատասխան հեռավորության ապահովումն ընդգծվել է Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցչի կողմից։
Ի դեպ, հաղորդակցության ուղիների տրանսպորտային ճանապարհների բացման, երկաթուղային ուղիների վերագործարկման կամ վերականգնման հարցերը, որոնք պետք է իրականացվեն փոխադարձության սկզբունքով, համապատասխան սահմանային հսկողությամբ, ըստ էության, դարձյալ ռուսական կողմի տրամադրությունների շրջանակներում են եւ «ճանապարհները վերահսկելու են նրանք, որոնց սուվերեն տարածքում են գտնվում» թեզին համահունչ են, որի մասին երեւանյան իր վերջին այցերից մեկի ժամանակ ասել էր Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը: Նա նաեւ այդ նույն խնդիրներով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի ռուսական կողմը ներկայացնող համանախագահն է։
Ի դեպ, տպավորությունն այնպիսին է, որ այս հանդիպումից հետո Ռուսաստանը եւս մեկ տարեվերջյան ամփոփիչ հանդիպում է նախաձեռնելու՝ ինչ-որ առումով ղարաբաղյան կարգավորման հարցում իր արդեն իսկ ճանաչված ու լեգիտիմացված առաջնայնությունն ընդգծելու համար։
Hraparak.am