Պե՞տք է արդյոք հայ-թուրքական երկխոսություն
Հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումների շուրջ զրուցել ենք ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ։
- Այսօր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հստակ գործընթաց կա, որի շրջանակներում կողմերը շուտով հատուկ ներկայացուցիչներ՝ բանագնացներ են նշանակելու: Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում այսօր հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու գործընթացին:
- Վերջին շրջանում բավականին շատ են հարցերը, որոնք չեն կարող ունենալ միանշանակ «այո» կամ «ոչ» պատասխան: Օրինակ, կան մարդիկ, ովքեր հայտարարում են, որ մեզ դելիմիտացիա եւ դեմարկացիա պետք չեն: Այդ գործընթացը, իհարկե, մեզ պետք է, սակայն դրա իրականացման ընտրված պահը, առկա իրավիճակը, դիմացի կողմի հետ ունեցած այլ խնդիրների համախումբն այսօր այդ գործընթացը դարձնում է բավականին խնդրահարույց, եթե չասենք՝ վտանգավոր:
Նույն խնդիրն ունենք հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման հետ կապված: Եթե հարցը հնչում է տեսական՝ պե՞տք է արդյոք կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները, բնականաբար, այո՛, քանի որ երկու ժողովուրդները շարունակելու են ապրել կողք-կողքի, եւ, հետեւաբար, պետք է գտնել այդ հարաբերությունները բնականոն հուն բերելու բանալին: Սակայն սա՝ ընդհանրապես:Հիմա փորձեմ այդ հարցը պրոյեկտել այս պահին առկա իրավիճակի վրա: Ի՞նչ ունենք մենք այսօր: Առաջին խնդիրը Թուրքիայի օժանդակությունն է Ադրբեջանին՝ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայում: Այդ օժանդակությունը եղել է թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի եղանակով՝ միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ, ինչի մասին շատ լավ տեղյակ էին մեր գործընկերները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները: Սրա համար Թուրքիայի առջեւ պե՞տք է դրվի պատասխանատվության խնդիր, պետք է այդ խնդիրը դրվի ընդհանրապե՞ս, թե՞, ավելին՝ հնարավորինս արագ, քանի դեռ այդ ամենը թարմ է եւ նույն միջազգային հանրության աչքերում ընկալելի կարող է լինել, հատկապես որ նրանք տիրապետում են փաստերի: Որեւէ կերպ արդարացվա՞ծ է այս խնդիրը չբարձրաձայնելը: Չբարձրաձայնելն ի՞նչ քաղաքական դիվիդենտներ է բերում, եթե անգամ այս իշխանությունը, ելնելով իր ձեռագրից, քաղաքական առեւտրի մեջ է:
- Արդյոք Թուրքիան փոխե՞լ է իր քաղաքականությունը՝ այլեւս նախապայմաններ չի՞ թելադրելու:
- Առաջին հայացքից շատերին կարող է թվալ, թե նախապայմաններից հիմնականը, որը կապված էր Ադրբեջանի եւ արցախյան հիմնախնդրի կարգավորման հետ, կարծես թե, այսօր ունի պակաս նշանակություն, եւ դրանով է պայմանավորված հայ-թուրքական ներկայիս գործընթացը: Բայց ես նորից հարցը տամ՝ Թուրքիան այսօր Հայաստանի առջեւ դրվող նախապայմանները հանե՞լ է իր քաղաքական օրակարգից: Ես ունեմ հստակ տպավորություն, որ ոչ միայն չի հանել, այլեւ նախապայմանների, հարկադրանքի քաղաքականությունը նոր դրսեւորումներ է ստանում: Դրա վառ օրինակներից մեկը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» առնչությամբ Թուրքիայի պահվածքն է: Շատ դեպքերում Թուրքիան, Ադրբեջանից առաջ ընկնելով, այդ խնդրի առնչությամբ տարաբնույթ պահանջներ է դնում: Էական փոփոխությո՞ւն է կրել Թուրքիայի հռետորաբանությունը: Այսինքն՝ ժամանակ առ ժամանակ հնչող «մտրակի եւ բլիթի» քաղաքականության տարբեր էլեմենտներից «մտրակները» փորձում են մոռանա՞լ եւ տեսնել ինչ-որ եկած ազդակներ: Սրանք պարզ հարցեր են, որոնք եթե մենք անտեսենք, կկարողանա՞նք հավասարը հավասարի հետ երկխոսության հույս ունենալ, թե՞ փորձելու ենք «երկխոսել» «պարտվածը՝ հաղթողների տանդեմի եւ հաղթողներից յուրաքանչյուրի հետ» կարգավիճակով, կատարելով վերջիններիս պահանջները: Ես կարծում եմ՝ այս ամենն այնքան տեսանելի է, որ անգամ զարմանք է առաջացնում, երբ դառնում է դիսկուրսի առարկա եւ լուրջ հարցադրումներ է իր հետ բերում:
Վերջապես, Թուրքիայի հետ ինչ-որ գործընթաց սկսելու տարաբնույթ դրսեւորումների ականատես եղանք: Իբրեւ թե իրար հետ ոչ մի առնչություն չունենալով (Հայաստանի իշխանություններն անընդհատ հերքում էին, որ Թուրքիայի հետ կա ինչ-որ գործընթաց)՝ օդից որսում էին իրար հանդեպ դրական ազդակներ, ինչի համար, ի դեպ, մեծ երեւակայություն է պետք ունենալ: Հետո պարզվեց, որ անգամ Վրաստանի վարչապետին են դիմել՝ Թուրքիայի նախագահի հետ հանդիպում կազմակերպելու խնդրանքով, ինչը հանրության համար բացահայտեց Թուրքիայի նախագահը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար եղավ ՌԴ-ի կողմից միջնորդության առաջարկ: Այսօր արդեն հայտարարվում է հարաբերությունների կարգավորման համար Հայաստանից եւ Թուրքիայից ներկայացուցիչներ նշանակելու մասին: Այս գործընթացը երկկո՞ղմ է՝ առանց որեւէ միջնորդի, թե՞, այնուամենայնիվ, կա միջնորդ կամ միջնորդներ: Ռուսական միջնորդությունն ուժի մե՞ջ է, կապ ունի՞ ընթացիկ գործընթացի հետ, եթե այո, փորձեք վերականգնել հնարավոր օրակարգը, եթե ոչ՝ սա ի՞նչ է նշանակում: Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն այսօր չկան, կա միայն հայտարարություն ներկայացուցիչների նշանակման մասին:
Հետեւաբար, պե՞տք է արդյոք հայ-թուրքական երկխոսություն: Այո, միանշանակ: Այն, ինչ այսօր տեղի է ունենում այս համատեքստում, արդյունավե՞տ է: Միանշանակ՝ ոչ: Արդյունավետ չէ ո՛չ բովանդակային տեսանկյունից, ո՛չ ընտրված ժամանակի: Եվ, իհարկե, այս իշխանությունները չէ, որ պետք է իրականացնողը լինեն նման գործընթացի:
Hraparak.am