Երեւանի ավագանին բաժանվել է հակամարտող թեւերի
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մեծամասնությունը մեկ գիշերում իշխանության հրահանգով դուրս եկավ գործող քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ։ Նախկինում ընդդիմադիրների մեղադրանքներից եւ սուր ելույթներից Մարությանին պաշտպանող իմքայլականներն այժմ նրան անվստահություն հայտնելու նախագիծ են ներկայացնում։ Քաղաքական իշխանությունը իշխանական խմբակցությանն էլ բաժանեց թեւերի՝ իշխանականների եւ մարությանականների։ Նրանք, ովքեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ են, ի դեպ՝ նրանց թիվը գերակշռում է, ստորագրել են անվստահության նախագծի տակ, իսկ ովքեր անկուսակցական են, դեմ են արտահայտվել նման գործընթաց սկսելուն։ Քաղաքապետի «Իմ քայլի» նոր թեկնածուն փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն է։
Ովքեր համաձայն չեն
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը, Սաթենիկ Մկրտչյանը, Գայանե Վարդանյանը, Էռնեստ Ավանեսովը, Պավել Մազմանյանը, Սերգեյ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանը, Վահե Գեւորգյանը, Լեւոն Զաքարյանը, Արմեն Սարգսյանը, ինչպես նաեւ ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանը եւ Սերգեյ Գյոզալյանը չեն միացել ստորագրահավաքին։ «Իմ քայլից» ավագանու անդամ Արմեն Սարգսյանը, որն անկուսակցական է, մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ չի հանդիպել խմբակցության անդամների հետ, չի խոսել այդ թեմայով․ «Ծանրաբեռնված եմ աշխատանքով, անկեղծ ասած՝ տեղյակ չեմ այդ գործընթացներից։ Որպես քաղաքապետ՝ աշխատել է Մարությանը, ավագանին էլ է աշխատել, մնացածը՝ ինչ կա-չկա, պետք է հանդիպենք, հասկանամ, իհարկե, խնդիրներ կան»։ Նա նաեւ նշեց, որ դիմել են իրեն՝ ստորագրելու համար, բայց ինքը ժամանակ չի ունեցել տեքստին ծանոթանալու, երեկ էլ ներկա չի եղել Նիկոլ Փաշինյան-ավագանու անդամներ հանդիպմանը։ Իսկ հանդիպումը կայացել է, որպեսզի Փաշինյանն ուղիղ տեքստով հայտնի իր կարծիքը եւ պարտադրի Մարությանին դեմ քվեարկել։
Ընդդիմադիր «Լույս» խմբակ-ցությունն էլ է այս հարցի վերաբերյալ երկու թեւի բաժանվել․ խմբակցության անդամ, «Հանրապետություն» կուսակցությունը ներկայացնող Անի Խաչատրյանը միանալու է նախաձեռնությանը, իսկ Թեհմինա Վարդանյանը եւ Դավիթ Խաժակյանը դեռ որոշում չունեն։ Նրանք դժվարին ընտրության առաջ են կանգնել՝ անվստահություն հայտնե՞լ մի քաղաքապետի, որի գործունեությունը պարբերաբար քննադատել են, թե՞ չմիանալ, որպեսզի «ջուր չլցնեն իշխանության ջրաղացին»։ Իսկ մյուս ընդդիմադիր՝ ԲՀԿ խմբակցությունը միացել է Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագծին։ ԲՀԿ-ից ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի վերաբերյալ տարբեր լուրեր էին շրջանառվում։ Նա Մարությանի կնոջ՝ Իվայի ընկերուհին է, նաեւ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրենը։ Ժամանակին մենք գրել էինք, որ հենց կնոջ ընկերուհին լինելու համար է Մարությանը, ընդ որում՝ օրենքի խախտմամբ (Վարդանյանը զուգահեռ Երեւանի ավագանու անդամ էր ու իրավունք չուներ Մարությանի ենթակայության տակ գտնվող կառույցում պաշտոն ստանալ), պաշտոնի նշանակել։ Վարդանյանը սկզբում չի ցանկացել դեմ դուրս գալ իրեն պաշտոնի նշանակած քաղաքապետին, բայց ԲՀԿ ղեկավարության հետ հանդիպումից հետո ենթարկվել է։ Մենք կապ հաստատեցինք նրա հետ, որպեսզի հասկանանք՝ միացե՞լ է ստորագրահավաքին, թե՞ ոչ, սակայն նա հարցը լսելուն պես անջատեց հեռախոսը։
ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը մեզ հետ զրույցում ասաց՝ օրակարգում կա քաղաքապետի հեռացման հարց, ինչն իրենք նախկինում եւս նախաձեռնել են․ «Կա կոնկրետ հարց, որը եղել է քո օրակարգում, ԲՀԿ-ն քաղաքապետի փոփոխման հարց ունեցել է, հիմա այս նախագծի ստորագրահավաքը որ գնում է, դա չի նշանակում, որ դու միանում ես «Իմ քայլին», դա ուղղակի նախագիծ է, թե դու դրան կողմ ես, թե ոչ։ Մենք առաջնորդվում ենք մեր հիմնավորմամբ, մենք ոչ թե նայելու ենք նախագծի տված հիմնավորմանը, այլ մենք ունենք մեր հիմնավորումը»։
Ով է նախաձեռնել
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը չի դիմել ավագանու բոլոր անդամներին՝ քաղաքապետին անվստահություն հայտնելու նախագծին միանալու համար։ Նախաձեռնողը, ի դեպ, խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն է։ Քանի որ ներսում պառակտվածություն կա, ստորագրահավաքին միանալու համար դիմել են իշխանական անդամներին, Մարությանի կողմնակիցներին ո՛չ տեքստն են ուղարկել, ո՛չ էլ դիմել են։ Արդեն իմաստ էլ չկա՝ Մարությանի դեմ կա 40 ստորագրություն, ինչն ավելի քան բավարար է հարցն օրակարգ մտցնելու համար։
Ընթացակարգը
Քաղաքապետին անվստահություն հայտնելու նախագիծը ներկայացվում է ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի ստորագրությամբ: Որոշման նախագծում ներառվում է ավագանու այն անդամի անունը, որին նախաձեռնող խումբն առաջարկում է որպես քաղաքապետի թեկնածու։ Նախագիծը պետք է ստորագրեն նախաձեռնող խմբի բոլոր անդամները: Քանի որ Երեւանի ավագանու մանդատների թիվը 65 է, նշանակում է, որ առնվազն 22 անդամ պետք է ստորագրի համապատասխան փաստաթուղթը, եւ անպայման պետք է նշվի քաղաքապետի թեկնածուի անունը։ Այնուհետեւ քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծը հանձնվում է քաղաքապետին, ինչպես նաեւ մյուս խմբակցություններին:
Քաղաքապետին անվստահություն է հայտնվում, եթե առաջադրված թեկնածուն (թեկնածուներից մեկը) ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Այսինքն՝ որպեսզի Հայկ Մարությանին կարողանան անվստահություն հայտնել, պետք է առնվազն 33 անդամ քվեարկի փոփոխության՝ նախագծում նշված թեկնածուի օգտին։ Այդ դեպքում գործող քաղաքապետը դադարեցնում է լիազորությունները, իսկ նորընտիր քաղաքապետը լիազորությունները ստանձնում է մեկշաբաթյա ժամկետում։
Hraparak.am