Կառավարությունը մի բան է բանակցում, նախարարությունը լրիվ այլ բան է անում
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը որոշել է երկարացնել թուրքական ապրանքների ներկրման արգելքը Հայաստան եւ դրա վերաբերյալ նախագիծ է դրել շրջանառության մեջ։ Նախարարությունն ակտիվորեն լոբբինգ է անում իր այս գաղափարը, որը, իրենց կարծիքով, շատ հայրենասիրական մոտեցում է՝ արգելել թուրքական ապրանքների ներկրումը։ Եվ սա՝ այն դեպքում, երբ կառավարությունը, որի անդամ է Վահան Քերոբյանը, պաշտոնական ամենաբարձր մակարդակով բանակցում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ կոմունիկացիաների ապաշրջափակման շուրջ, ինչը նշանակում է նաեւ ազատ ապրանքաշրջանառություն ցամաքային եւ օդային ճանապարհներով։ Ու հիմա էկոնոմիկայի նախարարի «հայրենասիրությունն» ու իր կառավարության բանակցածն իրար հետ, մեղմ ասած, չեն բռնում։ Քերոբյանի այս նախաձեռնությունը միանշանակ չի ընկալվել նաեւ ԱԺ իշխող մեծամասնության, այդ թվում՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից, որոնք եւս տարակուսած են, թե ինչու է Քերոբյանն այսպիսի նախագիծ դրել շրջանառության մեջ։
Երեկ, երբ հնչեցրինք այս հարցադրումները, թե ինչպես է ստացվում, որ մի կողմից կառավարությունը բանակցում է կոմունիկացիաների ապաշրջափակման շուրջ, նաեւ խոսվում է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու գործընթաց սկսելու եւ հատուկ բանագնաց նշանակելու մասին, մյուս կողմից ինքը Թուրքիայից ներկրվող ապրանքների արգելքն է փորձում երկարաձգել եւ խստացնել։
«Ոչինչ էլ չենք խստացնում, փոքր-ինչ ձեւափոխմամբ երկարացվում է, եւ կարծում եմ, որ այն տնտեսական արդյունքները կամ սպասումները, որ ունենք, մեզ թույլ են տալիս տալ էն գնահատականը, որ մենք ճիշտ ենք անում։ Եվ ես կարող եմ ասել, նախկինում էլ եմ ասել, որ, ընդհանուր առմամբ, մենք տնտեսական հարաբերությունները Թուրքիայի հետ տեսնում ենք ճիշտ նախագծված ու սիմետրիկ եւ չենք քննարկում, որ միակողմանի պետք է լինեն հարաբերությունները։ Այսինքն՝ կարծում եմ, որ այն ապագա խոսակցությունները, եթե դրանք լինեն ապաշրջափակման, շուկաների վերաբացման վերաբերյալ, պետք է շատ մանրամասն քննվեն, եւ դա պետք է լինի երկկողմանի գործողություն»,- ասաց նախարարը։
- Դուք կառավարության ամբողջ կազմի, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի, Մհեր Գրիգորյանի հետ, որոնք բանակցում են կոմունիկացիաների բացման շուրջ, այս հարցը քննարկե՞լ եք, իրենք կո՞ղմ են Ձեր այս որոշմանը։ Նաեւ ԱԺ իշխող մեծամասնության, տնտեսական հարցերի հանձնաժողովի հետ այս հարցքը քննարկե՞լ եք, իրենց կողմից կարծես թե տարակուսանք կա այս նախագծի վերաբերյալ։
- Կա լայն, այդ թվում՝ հանրային երկխոսություն այս հարցի վերաբերյալ, եւ կառավարությունն ու իշխող քաղաքական ուժը չեն թաքցնում, որ կան տարբեր կարծիքներ։ Նորմալ ենք համարում, որովհետեւ կան տարբեր տեսանկյուններ, տարբեր հաշվարկներ, ոմանց համար լիբերալիզմը շատ ավելի կարեւոր է, քան թե տնտեսության պաշտպանությունը, մյուսների համար շատ կարեւոր է ներքին շուկայի բավարար պաշտպանությունը, այն էլ այս պահին թուրքական լիրայի սարսափելի էժան ֆոնի վրա։ Եվ էդ տեսանկյունից մենք բազմաթիվ քննարկումների արդյունքում կառավարության հաստատմանը ներկայացրել ենք էս նախագիծը։ Ասել, որ կա համապարփակ կոնսենսուս, ճիշտ չի լինի։ Ես կարծում եմ՝ մինչեւ տարվա վերջ մենք ընդհանուր հայտարարի եւ ինչ-որ որոշման կգանք։
- Այս որոշմամբ ի՞նչ հարց եք լուծում՝ տնտեսական անվտանգությա՞ն, հայրենասիրակա՞ն, որ իրենցից ապրանք գնելով՝ պետք չէ մեր թշնամի երկրի բանակը զինել կամ տնտեսությունը զարգացնել, թե՞ այլ խնդիր։
- Դուք գուշակեցիք՝ բոլորը։
- Ի դեպ, թեպետ այս պահին էլ թուրքական ապրանքների ներկրման արգելքը գործում է, բայց շուկայում ամենուր թուրքական ապրանքներ են՝ տարբեր ճանապարհներով կամ գուցե հենց ուղիղ ճանապարհով ներկրված։ Նաեւ հայտնի բրենդներ կան, օրինակ՝ LC Waikiki-ն ազատորեն գործում է Հայաստանում։ Այսինքն՝ արգելքը փաստացի չի գործում։
- Շնորհակալություն, շատ լավ հարց եք տալիս, իրականում էս հարցը մեր նախարարությանը շատ հուզող հարց է, եւ մենք այս շաբաթ ունեցել ենք նաեւ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստ, որի ընթացքում նաեւ քննարկել ենք, թե ինչպես կարող ենք ուժեղացնել շուկայի վերահսկողությունն արդեն սահմանի ներսում։ Տեսեք, ՊԵԿ-ն ունի որոշակի դժվարություններ ԵԱՏՄ-ից դեպի Հայաստան փոխադրված ապրանքների մասով, քանի որ գիտեք՝ ԵԱՏՄ-ից Հայաստան առաքված ապրանքները չեն մաքսազերծվում, մաքսային սահման չեն անցնում, այդ առումով ՊԵԿ-ն ունի բավականին լուրջ խոչընդոտներ։ Այնուամենայնիվ, իրենք ջանք չեն խնայում, որպեսզի կարողանան հնարավորինս զսպել թուրքական ապրանքների մուտքը Հայաստան։ Խնդիրը գիտենք, բայց խնդիրն այնպես չէ, որ, որեւիցե ազդեցություն չի ունենում շուկայի վրա։ Այսինքն, եթե անցած տարի Հայաստան ներմուծվել է մոտ 260 մլն դոլարի ապրանք Թուրքիայից եւ արտահանվել է, կարծեմ, 2-3 միլիոնի, ապա այս տարի գնահատված ներմուծումը մոտ տասն անգամ ավելի քիչ է, իսկ արտահանումը՝ զրո։
Hraparak.am