Ինչ մեսիջներ է փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերջին օրերին
Շառլ Միշել-Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ բրյուսելյան հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահն իսպանական «El Pais» պարբերականի հետ հարցազրույցում մի քանի հայտարարություն է արել։ Հարցազրույցն Ադրբեջանի՝ Հայաստանի հետ կապված վարվելիք քաղաքականության մասով, ընդհանուր առմամբ, կարելի է ծրագրային համարել։
Ալիեւը հիմնականում արտահայտել է հետեւյալ մտքերը․
• Սահմանային իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հիմնականում կայուն է։ Եթե միջադեպեր են լինում, ապա մեղավորը հայկական կողմն է։
• Հայկական կողմի մոտ կան ռեւանշիստական տրամադրություններ, ինչն էլ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական սադրանքների է հանգեցնում։
• Հայկական կողմը չի կարող սադրանքներ անել Ղարաբաղում, որը համարվում է ռուսների պատասխանատվության գոտին։
• Հայերի ռազմական սադրանքները հիմնականում ձախողվում են, ինչը բերում է նրան, որ հայկական կողմը սահմանագոտում դիրքեր է կորցնում։
• Ադրբեջանը չի ներխուժել Հայաստանի տարածք, այլ այնպիսի դիրքերում է ամրացել եւ ամրապնդվել, որոնք, կարծում է՝ իրենն են, քանի որ հայ-ադրբեջանական սահմանը դելիմիտացված-դեմարկացված չէ։
• 44-օրյա պատերազմը հօդս ցնդեցրեց հայկական անպարտելի ռազմական ուժի, խիզախության եւ հերոսականության մասին միֆերը, ինչը հայաստանյան հանրությունը չափազանց ծանր է տանում։
• Ադրբեջանը չի ուզում պատերազմ։ Ադրբեջանն ուզում է խաղաղություն։ Բավական է, ինչքան պատերազմ եղավ։
• Ադրբեջանն ուզում է կանխատեսելիություն, բայց աչալուրջ է լինելու, որպեսզի ռեւանշիզմի կամ Ադրբեջանին սպառնալիք դառնալու հնարավոր ցանկացած բան վերացնի։
• Հայ-ադրբեջանական սահմանները պետք է դելիմիտացվեն եւ դեմարկացվեն․ դա անայլընտրանք գործընթաց է։
• Ադրբեջանը բազմաթիվ անգամներ առաջարկել է Հայաստանին՝ սկսել խաղաղության բանակցություններ եւ աշխատանքներ իրականացնել համապարփակ խաղաղության համաձայնագրի շուրջ, բայց Հայաստանի ղեկավարությունը դա թողել է անարձագանք։
• Ադրբեջանը հաղթել է ղարաբաղյան 2-րդ պատերազմում, եւ դրա հետ պետք է հաշվի նստել։
• Ադրբեջանի կողմից Եվրոպային գազի մատակարարումների հարցը, ինչպես նաեւ այն, որ այդ մատակարարումներով Ադրբեջանը մրցակցում է Ռուսաստանի հետ, չափազանցված են եւ քաղաքականացված։ Ադրբեջանը նման նկրտումներ չունի, եւ նմանատիպ հարցեր չեն քննարկվել Ալիեւի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ։
• Եվրոպայում գազի գնի բարձրացումը շարունակվելու է, քանի որ Եվրոպան իր համար ընտրել է այնպիսի էներգետիկ ռազմավարություն, ինչը դա է ենթադրում։
• Խաղաղության համապարփակ լիարժեք համաձայնագրի ստորագրումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչելու են մեկմեկու տարածքային ամբողջականությունը։
• Հայաստանը չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դրա համար էլ չի համաձայնում խաղաղության համապարփակ լիարժեք համաձայնագրի կնքմանը։
• Հայաստանն ու Ադրբեջանն ունեն լիարժեք համաձայնություն՝ երկաթուղային հաղորդակցության գործարկման մասին, որով Ադրբեջանը կկապվի Նախիջեւանի հետ, իսկ Հայաստանը կկապվի Իրանի եւ Ռուսաստանի հետ։
• Ադրբեջանը հետաքրքրված է Հայաստանի հետ սահմանների բացմամբ։
• Ոչ ոք ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը այլ մոլորակ չի տեղափոխելու։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ապրեն կողք- կողքի եւ վերստին սովորեն լինել հարեւաններ։
• Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապը գործում է արդյունավետ, եւ այն ստեղծվել է ԵԽ ղեկավար Շառլ Միշելի անմիջական աջակցությամբ։
• Պատերազմից հետո, բնականաբար, աճել է Ադրբեջանի հետաքրքրությունը ռազմական պրոդուկցիայի հանդեպ։
• Գերիների եւ պահվող անձանց վերադարձը շարունակական պրոցես է։ Այն հիմնված է մարդասիրության՝ հումանիզմի, ու ադրբեջանական օրենսդրության վրա եւ իրականացվում է ըստ այդմ։
Hraparak.am