ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուն չի մեկնաբանում Ալեն Սիմոնյանի հայտարարությունը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում այսօր առաջադրեց Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ԱԺ նախագահի երեկ կատարած քայլը, երբ խորհրդարանում հավաքել էր լրագրողների ու օպերատորների համար նախատեսված բոլոր աթոռները։
Մարդու իրավունքների պաշտպանի աթոռին հավակնող թեկնածուն պատասխանեց, որ չի հասցրել հետևել, թե երեկ ինչ է տեղի ունեցել ԱԺ-ում, սակայն մեկ բան պարզ է, որ ԱԺ աշխատակազմում կա լրագրողների հավատարմագրման կարգ, որ ըստ էության ընդհանուր կանոններ են սահմանում։
«Այստեղ երկխոսելու շանս կա։ Ես ասացի, որ մանրամասներին տեղյակ չեմ, չգիտեմ՝ աթոռ են հավաքել, թե այլ բան։ Սրա մասին առաջին անգամ եմ լսում և որևէ ձևով չեմ կարող ողջամիտ ու իմաստալից մեկնաբանություն տալ։ Համագործակցությունը պետք է միտված լինի, որ լրագրողի համար նորմալ աշխատանքային պայմաններ լինեն, որպեսզի նա կարողանա իրականացնել հանրային հսկիչի իր դերը»,- ասաց Քրիստինե Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է գերիների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ու Ալեն Սիմոնյանի հայտարարություններին, Քրիստինե Գրիգորյանն ասաց, որ դրա առնչությամբ տարբեր պարզաբանումներ եղել են։
«Մենք որևէ ձևով, որևէ բան չենք կարող ասել, մենք իրավական պետություն ենք, և իրավական գործընթացները պետք է գնան իրենց ընթացքով և տրվեն իրավական գնահատականներ։ Կան իրավական պրոցեսներ, և դրանց արդյունքում է, որ պիտի տրվեն անձանց վարքագծերի վերաբերյալ գնահատականներ։ Ես Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որպես այդպիսին, չեմ անդրադառնա»,- ըստ էության հարցին չպատասխանելով՝ ասաց Քրիստինե Գրիգորյանը, բայց անդրադարձավ իշխանության ներկայացուցիչների՝ ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունների առնչությամբ հնչեցրած գնահատականներին: Մասնավորապես, որ Արման Թաթոյանը հանդես է եկել քաղաքական հայտարարություններով, քանի որ նա բարձրաձայնել էր Սյունիքում տիրող անվտանգային խնդիրների մասին։
«Որևէ ոլորտում և անվտանգային միջավայրին առնչվող ոլորտների վերաբերյալ ՄԻՊ-ի կողմից հայտարարությունները՝ թե՛ մեր օրենսդրության տրամաբանությամբ, թե՛ մանդատի էությունից, բխում է, որ դրանք վերջին միջոցն են։ Ինչը նշանակում է, որ ՄԻՊ-ը գնահատել, արձանագրել է խախտումը, առաջարկություններով դիմել է իրավասու մարմիններին, այդ լուծումներով եղել են քննարկումներ, և դրանք չեն լուծվել և արվել են հայտարարություններ։ Սա է իմ ընկալմամբ Պաշտպանի հայտարարության մոտեցումը, ինչը նաև արձանագրված է մեր օրենսդրությամբ։ Պարոն Թաթոյանը շատ կարևոր առաքելություն է իրականացրել և իրականացնում նաև՝ ներառյալ սահմանամերձ հատվածներում մարդկանց հումանիտար իրավունքների, բնականոն կյանքի ապահովման առնչությամբ, և ստեղծված ռիսկերի վերաբերյալ ՄԻՊ-ը շատ հստակ է արտահայտվել։ Վստահ եմ, որ պաշտպանը ներկայացրել է կոնկրետ առաջարկություններ»,- շեշտեց Քրիստինե Գրիգորյանը։
168.am