Դեկտեմբերի 13-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը հարաբերությունները կարգավորելու համար կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ՝ հավելելով, որ Երևանի հետ կբացվեն նաև չարտերային թռիչքներ։

Թուրքիայի արտգործնախարարի այս հայտարարությունից մեկ օր անց Հայաստանը հաստատեց, որ այդ տեղեկատվությունը ճիշտ է, և Հայաստանն էլ իր հերթին՝ կնշանակի հատուկ ներկայացուցիչ։

168.am–ի հետ զրույցում Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանն անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին և դրա հետ կապված գործընթացներին, նկատեց՝ Թուրքիայի հետ Հայաստանը հարևան է, և մի օր պետք է սովորեն կողք կողքի ապրել, սակայն Թուրքիան պետք է առանց նախապայմանների գնա հարաբերությունների հաստատման։

«Նախկինում Թուրքիան նախապայման էր առաջ քաշում Արցախի հարցը, հիմա իրենք համարում են, որ այդ հարցը լուծված է, և նման նախապայման առաջ չեն քաշում, բայց չէ՞ որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Եթե Հայոց ցեղասպանության փաստը մի կողմ են դնում, ապա այդ դեպքում մենք կորցնում ենք մի ամբողջ սփյուռք։ Սա նշանակում է, որ մեր ազգը բաժանվում է երկու մասի։ Սփյուռքի համար հիմնական ապրելու, հայ մնալու համար հիմնական գաղափարը ցեղասպանության ճանաչումն էր, բայց հիմա Թուրքիան առաջ կքաշի դրանից հրաժարում։ Եվ ես կարծում եմ՝ այս իշխանությունները հեշտությամբ ընդառաջ կգնան Թուրքիայի այդ պահանջին»,- նշեց Ամատունի Վիրաբյանը։

Ըստ նրա, նման իրավիճակում հայ-թուրքական հարաբերություններ հաստատելուն ուղղված բոլոր քայլերում ու գործողություններում Թուրքիան թելադրող է, նա թելադրում է իր պայմանները։

«Բոլորն էլ լսել են Ալիևի հայտարարությունները, որ եթե Հայաստանը փորձի արդիականացնել իր բանակը և այլն, ապա իրենք անմիջապես այդ ամենը կկանխեն, սա ի՞նչ է նշանակում՝ սա սպառնալիք է, և իրենք այս պահին ունեն գերիշխող դիրք, որովհետև ՀՀ իշխանությունը մեկը մյուսի հետևից գնում է զիջումների, ինչ է թե՝  իրենց աթոռը պահեն»,- հավելեց նա։

Ամատունի Վիրաբյանն անդրադարձավ նաև Բրյուսելում արած Ալիևի մեկ այլ հայտարարության, թե «Զանգեզուրի միջանցքի իրավական ռեժիմը պետք է լինի նույնը, ինչ Լաչինի միջանցքինը: Լաչինի միջանցքում մաքսակետեր չկան։ Ըստ այդմ՝ Զանգեզուրի միջանցքում մաքսակետեր չպետք է լինեն։ Եթե Հայաստանը ցանկանում է վերահսկել բեռները և մարդկանց, մենք մաքսակետ կբացենք Լաչինի միջանցքում»։

«Ալիևի այդ հայտարարությունն անտրամաբանական է։ Նա բազմիցս հայտարարել է, որ իր համար Արցախի հարցն այլևս լուծված է, իսկ Մինսկի խմբի համանախագահներն էլ վաղուց ակտիվություն չեն ցուցաբերում՝ առիթից առիթ։ Այս ամենը նշանակում է, որ փաստորեն միջազգային հանրությունն ընդունում է, որ այդ հարցը լուծված է։ Հիմա և՛ մուրճն է Ալիևի ձեռքին, և՛ զնդանը։ Հիմա իրենք իրենց կամքն են թելադրում։ Լաչինում մաքսակետ դնելը նշանակում է՝ Արցախի հայաթափում մի քանի շաբաթների ընթացքում։ Եթե Ադրբեջանը Լաչինում մաքսակետ դնի, ապա կարող եք համարել, որ Արցախի խնդիրը լուծված է»,- եզրափակեց Ամատունի Վիրաբյանը։

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն