Մոսկվան կասկածում է, որ Փաշինյանն ու Ալիեւն ունեն գաղտնի պայմանավորվածություններ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումներն ու բանակցությունները նախ Սոչիում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ, եւ ապա՝ Բրյուսելում՝ ԵԽ ղեկավար Շառլ Միշելի հովանու ներքո, իսկ վերջում էլ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ, հիշեցնում են բազմասերիանոց մոդեռն ոճի բեմականացում, ինչպես նկատել է ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ «Ռեգնումում» հրապարակած հոդվածում։ Ամեն ինչ վերածվում է մի յուրատեսակ շոուի, որտեղ անակնկալ կերպով կուլիսների հետեւից դուրս են գալիս նոր դերակատարներ, իսկ նախկինները տեղավորվում են երկրորդ կամ երրորդ պլանում։ Եվ հընթացս զարգացնում են սյուժետային գծերը, ու բոլորը դառնում են քողարկված սցենարի մասնակիցներ, երբ ամենեւին էլ ելակետային իրադարձությունները չէ, որ որոշում են այս պատմության զարգացման ընթացքը։
«Կարող եք դատել ինքներդ,- շարունակում է Տարասովը,- Ալիեւն ու Փաշինյանը բանակցություններ են վարել Բրյուսելում՝ Արեւելյան գագաթնաժողովի ֆորմատում։ Դրանից առաջ երկու առաջնորդներն առանձին-առանձին հանդիպում են Միշելի հետ, ով կողմերի միջեւ հանդես է գալիս որպես միջնորդ։ Դրանով հանդերձ, ինչպես հենց Միշելն է ներկայացրել, ինչ-որ պահի Փաշինյանն ու Ալիեւը մնացել են միասին դեմառդեմ՝ առանց երրորդ անձի ներկայության, եւ այդպես են շփվել։ Քննարկումներում ամեն բան պտտվել է Հայաստանի համար ցավոտ հետկոնֆլիկտային կարգավորման շուրջ, Ադրբեջանից դեպի Նախիջեւան ճանապարհի բացման, որը Բաքվում անվանում են զանգեզուրյան միջանցք։ Ավելին, դատելով սուր բանավեճից, որը Սոչիի գագաթնաժողովի ժամանակ ծավալվել էր Ալիեւի ու Փաշինյանի միջեւ, կապված այդ հարցի հետ, քչերը կենթադրեին, որ կողմերին կհաջողվի այս ուղղությամբ արագ շարժվել առաջ։ Ու հանկարծ Բրյուսելում հայտնի է դառնում այն մասին, որ կողմերը կարողացել են այս հարցի հետ կապված համաձայնության գալ եւ պատրաստ են սկսել երկաթուղային տրանսպորտի վերականգնումը՝ սահմանապահ եւ մաքսային վերահսկողության, փոխադարձության սկզբունքին համահունչ։
Դրանից բացի, նշվում է, որ ԵՄ-ն կտրամադրի փորձագետներ՝ սահմանազատման գործընթացում երկու երկրներին տեխնիկական առումով աջակցելու համար։ Ըստ էության, նույն ձեւակերպումներն էին, որոնք ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն էր հանրայնացրել՝ փորձելով մոտեցնել Բաքվի եւ Երեւանի մոտեցումները, սակայն՝ իր մասնակցությամբ։ Հիմա կարծես թե նախաձեռնությունը մասամբ իր ձեռքն է վերցնում Փարիզը։ Պատահական չէ, որ Ալիեւ-Փաշինյան երկխոսության ժամանակ, ինչպես ադրբեջանական մեդիայում ենք կարդում, անակնկալ կերպով միանում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը»։
Ռուս վերլուծաբանը կարծում է, որ չնայած տիրապետող մտայնությանը, թե բրյուսելյան եւ Սոչիի բանակցությունների արդյունքները նույնն են, իրականում դրանք տարբեր են։ Տարբերություններից մեկն այն է, որ Բաքվի եւ Երեւանի համաձայնությամբ` պրոցեսներին միանում է Փարիզը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, եւ հնարավորություն է ստանում, ըստ Տարասովի, իր տեղն ունենալ Անդրկովկասում Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ միասին, որպես եւս մեկ ազդեցիկ խաղացող, այսինքն՝ անում է այն, ինչից նախկինում խուսափում էր։ Ընդ որում, եթե նախկինում Մակրոնը խաղադրույք էր կատարում միայն Հայաստանի վրա, հիմա լայնացրել է շրջանակը, նաեւ նվաճել է ադրբեջանական կողմի համակրանքը։ Իհարկե, խաղն իմաստ ունի, քանի որ այսկերպ Ֆրանսիան կարողանում է ոչ միայն ներդրվել 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնությունների կյանքի կոչման գործընթացում, այլ նաեւ հաստատել դրա որոշակի արդիականացումն ի շահ իրեն՝ քաղաքական-դիվանագիտական մակարդակում առաջ քաշելով հակամարտության կարգավորման իր մեխանիզմները։
Իրավիճակն ինտրիգային է նրանով, որ Բաքուն եթե նախկինում միշտ Փարիզի գործողություններում հօգուտ Հայաստանի դավադրություն էր տեսնում, հիմա, հակառակը՝ Ֆրանսիայի հետ հարաբերությունների սերտացման կուրս է որդեգրել։ Թերեւս, Ալիեւն ու Փաշինյանը դեմառդեմ հանդիպմանն ինչ-որ բան են պայմանավորվել, որը թղթի վրա չեն արձանագրել։ Ռուս վերլուծաբանը նկատում է, որ եթե Միշելը հայտարարել է, թե պատրաստ են խորհրդատվական հարթակ տրամադրել սահմանների սահմանազատման համար, ապա Սոչիի հայտարարությունում, որը վավերացրել են 3 երկրների ղեկավարները, ասվում է, որ 2 երկրները պետք է հանձնաժողով ստեղծեն եւ դիմեն Մոսկվային՝ միջնորդական առաքելության համար։
Դատելով Տարասովի եզրահանգումից, Մոսկվայում անհանգ- ստացած են, թե հնարավոր է կորցնեն նախաձեռնողականությունը, եւ սկսել են ակնարկել, որ Հայաստանը գաղտնի դիվանագիտության ոլորտում մշտապես պարտվել է Ադրբեջանին, եւ, բացի այդ, Ալիեւը կոնկրետ նպատակ ունի ու դրա իրականացմանն է գնում, որը կարող է Հայաստանի համար լուրջ խնդիրներ առաջացնել, հատկապես, որ Վլադիմիր Պուտինն էլ էր ասել, որ սահմանների դելիմիտացիայի եւ դեմարկացիայի համար երրորդ կողմի կարիքը չկա։
Տարասովն ուղիղ տեքստով ասում է, որ, ամենայն հավանականությամբ, Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ գաղտնի բանավոր պայմանավորվածություններ կան, որի մասին կարծես Ռուսաստանում չգիտեն եւ վախ ունեն, որ կարող են կորցնել «Անդրկովկասի խաղաղարարի» դափնին` «ամեն ինչով» հանդերձ։ Նկատի ունի քաղաքական, դիվանագիտական եւ այլ դիվիդենտները։
Hraparak.am