ՀՀԿ 17-րդ համագումարում ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հատված․

«Հարգելի՛ գործընկերներ,

Մենք ապրում ենք աշխարհաքաղաքական նոր և ակտիվ վերափոխումների ժամանակաշրջանում, որտեղ մեր աչքի առաջ ակտիվ գործընթացներ են տեղի ունենում ինչպես գերտերությունների, այնպես էլ խոշոր տարածաշրջանային դերակատարների միջև առկա ուժային հավասարակշռության փոփոխման, ազդեցության նոր գոտիների ձևավորման ուղղությամբ։ Նման մասշտաբային փոփոխությունները անխուսափելիորեն հանգեցնում են նոր ճգնաժամերի և մեծացնում անկանխատեսելի զարգացումների ռիսկերը:

Աշխարհի տարբեր անկյուններում գնալով խորանում են հակամարտությունները, լարվածության ավանդական օջախներին ավելանում են նորերը, և այս ամենը ոչ մի լավատեսություն չի ներշնչում։

Աշխարհաքաղաքական առկա իրավիճակում մեր խնդիրները աշխարհին ավելի հետաքրքիր չեն, քան սեփական հոգսերը։ Մենք չենք կարող քայլել համաշխարհային գործընթացների տրամաբանությանը հակառակ և պահանջել, որ աշխարհն ու միջազգային հանրությունը մեր փոխարեն լուծեն մեր խնդիրները։ Այս պարզ ճշմարտության գիտակցումը պետք է ընկած լինի ցանկացած  ողջամիտ իշխանության քաղաքականության հիմքում, քանի որ դրա անտեսումը պատմականորեն ողբերգական հետևանքներ է ունեցել պետությունների համար։ 

Վերջին հարյուրամյակի ընթացքում աշխարհում այսպիսի մասշտաբային փոփոխություններ տեղի են ունեցել Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների շրջանում, ինչպես նաև ԽՍՀՄ փլուզումից հետո։ 100 տարի առաջ, չնայած բոլոր դժվարություններին ու զրկանքներին, մենք կարողացանք վերականգնել Հայոց պետականությունը, միաժամանակ` հենց աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային գործընթացները ճիշտ չընկալելու, սեփական ուժերը ճիշտ չգնահատելու, անփորձության, պառակտվածության արդյունքում կարճ ժամանակ անց կանգնեցինք մեծ կորուստների փաստի առջև։ Սեփական սխալներից դասեր չքաղելը հղի է նոր աղետների կրկնություններով:

Գլոբալ փոփոխությունների վտանգավոր ժամանակահատվածում, մեծ հաշվով, կարողանում են ճիշտ դիրքավորվել այն երկրները, որոնց հաջողվում է գրագետ քայլերով, ճկուն դիվանագիտությամբ պահպանել հավասարակշռությունը բարդ աշխարհաքաղաքական միջավայրում. ոչ թե փորձել աշխարհին քայլեցնել քո կամայական ու հաճախ չհիմնավորված ցանկությունների ուղղությամբ, այլ քայլել համաշխարհային և տարածաշրջանային գործընթացներին զուգահեռ։ Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության հռչակումից սկսած՝ մեր քայլերը հենց այդպիսին են եղել, որոնց վրա ընթացիկ առանձին խնդիրները մեծ ազդեցություն չեն ունեցել: Արդյունքում` մենք ունեինք կայուն և զարգացող երկու հայկական պետություն, մեզ հարգում էին որպես հաղթանակած ազգ, որպես ընկալելի ու կանխատեսելի գործընկեր։ 

Ցավոք, վերջին տարիներին մեր երկիրը շեղվել է այս պարզ տրամաբանությունից և շարժվում է անհասկանալի ու խիստ վտանգավոր ճանապարհով։ Գործող վարչակարգի անհեռատես ու արկածախնդիր քայլերի հետևանքով Հայաստանը կորցրել է երբեմնի հեղինակությունը, դիրքավորվել որպես աշխարհի համար լրացուցիչ խնդիր դարձած երկիր և ակնկալում է, որ իրեն աջակցեն։ Ընդ որում, այդ ակնկալիքը արտահայտվում է մե՛րթ անհասկանալի ամբիցիաներով ու հռետորաբանությամբ, մե՛րթ նվաստացուցիչ խեղճուկրակ զիջողականությամբ:  Սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, որը, առհասարակ, կասկածի տակ է դնում մեր պետության և ժողովրդի կենսունակությունը։

Անհրաժեշտ է գիտակցել, որ միայն ուժեղ, ինքնիշխան, արժանապատիվ Հայաստանը կարող է հարգանքի արժանի և վստահելի գործընկեր լինել:

Վերը թվարկածիս գումարվել է մարդկությանը պատուհասած կորոնավիրուսի համավարակը, որը ոչ միայն առողջապահական, այլև անվտանգային լրջագույն խնդիր է դարձել բոլոր երկրների և առաջին հերթին ճգնաժամային իրավիճակներում գործելու անկարողունակ և անպատասխանատու իշխանություններ ունեցող երկրների համար։ Այդպիսիներից մեկն էլ Հայաստանի ներկայիս իշխանությունն է, որը համավարակի հենց սկզբնական շրջանում այնպիսի անլուրջ և անպատասխանատու մոտեցում ու գործելակերպ որդեգրեց, որ մարդիկ սկզբից ևեթ ամբողջ լրջությամբ չընկալեցին վերահաս վտանգը և անգրագետ ղեկավարի անպատասխանատու վարքագիծը, անհեթեթ որոշումները, ուշացած արդարացումներն ու ստեղծված ճգնաժամային իրավիճակում ձեռնարկած քայլերը ոչ միայն ցանկալի արդյունք չապահովեցին, այլև Հայաստանը հայտնվեց համավարակից ամենաշատը տուժած երկրների ցանկում»:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն