Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փետրվարի 12-ին ստեղծված Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կլուծարվի և կստեղծվի սահմանադրական բարեփոխումների խորհուրդ: Համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։

Ըստ որոշման՝ խորհուրդը կնախագահի ՀՀ արդարադատության նախարարը, որը մեկամսյա ժամկետում կկազմի և վարչապետի աշխատակազմ կներկայացնի սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման, խորհրդի անհատական կազմն ու գործունեության կարգը հաստատելու և վարչապետի 2020 թվականի փետրվարի 12-ի որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին վարչապետի որոշման նախագիծը:

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը որոշել է փոխել Սահմանադրությունը։

Դա ամենևին չի նշանակում, թե նրան իր ներկայիս սուպերվարչապետական համակարգը, որի քննադատությամբ, որպես ընդդիմադիր գործիչ, զբաղվել է տարիներ շարունակ, այլևս չի բավարարում, և Նիկոլ Փաշինյանը՝ հանուն ժողովրդավարության, որոշել է փոխել այն։ Ոչ, պարզապես նա նոր սահմանադրությամբ փորձելու է լուծել միանգամից երկու խոշոր խնդիր՝ ներքաղաքական և արտաքին քաղաքական։

Նոր Սահմանադրությամբ, Նիկոլ Փաշինյանն ամենայն հավանականությամբ անցում է կատարելու կառավարման կիսանախագահական համակարգին՝ դրանում իրեն, բնականաբար, վերապահելով երկրի նախագահի պաշտոնը։ Գլոբալ առումով, դա առանձնապես մեծ փոփոխություն չի լինելու նրա ներկայիս սուպերվարչապետական իշխանության համեմատ, նա, գոնե իր հաշվարկով, շարունակելու է ունենալ բացարձակ իշխանություն, փոխարենը՝ ավելանալու է պաշտոնների թիվը, որոնցով կարող է բավարարել սեփական թիմակիցների ախորժակը։

Բայց այս սխեման, հաջողության հասնելու դեպքում, Նիկոլ Փաշինյանին հնարավորություն է տալու առնվազն 1.5-2 տարով երկարաձգել սեփական իշխանությունը․ գործող խորհրդարանն ընտրվել է 2021 թվականի հունիսին, և եթե ֆորսմաժորներ չլինեն, գործելու է մինչև 2026 թվականի հունիս, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետությանն այլ հավասար պայմաններում  մնացել է 4.5 տարի ժամանակ։

Հաշվի առնելով Փաշինյանի վարած խայտառակ քաղաքականությունը, հինգ տարի անց իշխանությունը պահպանելու նրա շանսերը գրեթե զրոյական են։ Ահա այդ պայմաններում, օրինակ, մեկ տարվա ընթացքում փոփոխելով սահմանադրությունը և սահմանելով նախագահի պաշտոնավարման, ասենք, 5 կամ 6 տարի ժամեկետ, դիցուք, 2022 թվականի վերջում կարող է կազմակերպել նախագահի ընտրություն և վարչական ու այլ լծակներով դառնալ նախագահ՝ առանց ֆորսմաժորների ընթացքի դեպքում պաշտոնավարելով մինչև 2027-2028 թվականները։

Հաշվի առնելով իշխանության նկատմամբ անհագուրդ սերը, Նիկոլ Փաշինյանը կամայական քայլի կդիմի, եթե դա նրան ավելացնի անգամ իշխանության ավելի մեկ օր, հետևաբար՝ 1.5-2 տարվա ավելացում խոստացող փոփոխություններն ուղղակի երազանք են նրա համար։

Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների արտաքին քաղաքական ասպեկտին, ապա ակնհայտ է, որ դրանք կատարվելու են՝ հաշվի առնելով Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման հեռանկարը։ Հայտնի է, որ Թուրքիան որպես Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման նախապայման՝ մշտապես պահանջել է Հայաստանի անկախության հռչակագրից հանել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հանձնառություն ենթադրող դրույթը, իսկ ՀՀ զինանշանից՝ Արարատ լեռան պատկերը։

Մեծ է վտանգը, որ Հայաստանի անկախության հռչակագրից կարող է բացառվել նաև Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի, 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման մասին դրույթը։

Այս երկու խնդիրներն էլ կարող են լուծվել սահմանադրական փոփոխություններով, որոնց ընթացքում որևէ ձևակերպմամբ կփոխվի նաև անկախության հռչակագիրը, հնարավոր է, դա կատարվի, ասենք՝ չորրորդ հանրապետության հռչակման միջոցով։ Նախագահ Արմեն Սարգսյանի բազմաթիվ հայտարարությունները՝ չորրորդ հանրապետություն հիմնադրելու մասին, հենց այնպես չեն հնչել, և խիստ մեծ է հավանականությունը, որ կատարվել է հենց այս գլոբալ գործընթացի շրջանակներում։

Այսպիսով, Սահմանադրություն փոխելով՝ Նիկոլ Փաշինյանը փորձելու է մի կողմից՝  բավարարել սեփական իշխանության երկարաձգման, մյուս կողմից՝ Թուրքիայի պահանջները։ Եվս մեկ կետ, որտեղ Նիկոլ Փաշինյանի ու Էրդողանի շահերը գրեթե նույնական են։

Ռոբերտ Տեր-Սարգսյան

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն