Եւ այսպես, մոտենում է 2021 թվականի ավարտը։ Լավ թե վատ, ուրախ թե տխուր սրտով, սակայն որեւէ մեկս չենք կարող ընդդիմանալ ժամանակի անկասելի ընթացքին, ու երկու օրից մեր սեղանի օրացույցը կթարմանա եւս 365 թերթով, ու կշարունակենք ապրել արդեն նոր տարեշրջանում։ Ինչպիսին էր աշխարհը ավարտվող տարում։ Մենք առանձնացրել ենք այն հիմնական իրադարձությունները, որոնք կարծում ենք, որ առավել ուշագրավն են ու կարեւորը եղել աշխարհում։ 

• Տարին սկսվեց բավական անհանգիստ՝ ամերիկյան դեմոկրատիայի միջնաբերդ Կապիտոլիումի գրոհով։ 2020 թվականի նոյեմբերին Դոնալդ Թրամփը պարտվեց ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Սակայն նրա բազմաթիվ կողմնակիցներ չհաշտվեցին այդ պարտության հետ։ Սոցկայքերում պայմանավորվեցին, որ գրոհով վերցնելու են Կապիտոլիումը։ Եւ ահա՝ հունվարի 6-ին, 400 մարդ ներխուժեց Վաշինգտոնի Կապիտոլիումի շենք։ Միայն մի քանի ժամ անց Կապիտոլիումը նորից վերադարձվեց իշխանությունների հսկողության ներքո։ 

• Ջո Բայդենը, ներամերիկյան անհանգիստ քաղաքական մթնոլորտում, Կապիտոլիումի գրոհից երկու շաբաթ անց՝ հունվարի 20-ին երդվեց ու ստանձնեց ԱՄՆ 46-րդ նախագահի պաշտոնը։ Փոխնախագահ դարձավ Քամալա Հարիսը։ 78-ամյա Բայդենը առաջին նախագահը դարձավ ամերիկյան պատմության մեջ, որ այդ տարիքում ստանձնեց աշխարհի թիվ մեկ գերտերության ղեկավարի պաշտոնը։ 

• 2021-ը բավական հետաքրքիր շրջադարձեր բերեց Ռուսաստանի թիվ մեկ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու կյանքում։ Մոտ կես տարի նա բուժվում էր Գերմանիայում, այն բանից հետո, երբ նրան փորձեցին թունավորել «Նովիչոկ» թույնով։ 2021-ի հունվարին նա վերադարձավ Մոսկվա, ձերբակալվեց հենց օդանավակայում ու չնայած բոլոր բողոքի ակցիաներին, 3,5 տարի դատապարտվեց բանտարկության։ Նրա ստեղծած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը փակեցին՝ մեղադրելով ծայրահեղականության մեջ։ 

• Համաշխարհային առեւտուրը վեց օր շարունակ գրեթե կաթվածահար էր այն պատճառով, որ Ever Given բեռնանավը հայտնվել էր ծանծաղուտում ու փակել համաշխարհային առեւտրի հանգույցներից մեկը հանդիսացող Սուեզի ջրանցքը։ Արդյունքում Կարմիր ծովում առաջացավ մոտ 400 նավից բաղկացած ահռելի հերթ։ Միջադեպի վնասը չափվեց միլիարդավոր դոլարներով։ Ահռելի ջանքերի գնով հնարավոր եղավ բեռնանավը դուրս բերել ծանծաղուտից եւ բացել ջրանցքը։ 

• Ամերիկյան իրականության համար տարին աչքի ընկավ նաեւ նրանով, որ Ջորջ Ֆլոյդի սպանության մեջ հիմնական մեղադրվող Դերեք Շովինի դատավճիռը հրապարակվեց։ Նշենք, որ Շովինը ոստիկան էր եւ նա էր գետնին տապալել ու ոտքով սեղմել Ֆլոյդին գետնին, որի հետեւանքով Ֆլոյդը մահացել էր՝ խեղդվելով։ Նշենք, որ այս միջադեպն աշխարհում ահռելի մեծ բողոքի ալիք բարձրացրեց ընդդեմ ռասիզմի եւ ոստիկանական բռնության։ Դատավճռի հրապարակումով կարծես թե այս հարցում դրվեց վերջակետ, թեեւ Շովինը դատավճիռը բողոքարկել է։ 

• Տարին իհարկե անցավ կորոնավիրուսային համավարակի ճիրաններում, սակայն այն ինչ համավարակն «արեց» Հնդկաստանում ապրիլին, սահմռկեցրեց նույնիսկ ամենաամուր նյարդերն ունեցողներին։ Նոր «դելտա» շտամը բերեց վարակակիրների թվի կտրուկ աճի։ Հիվանդանոցները գերբեռնված էին։ Թթվածնի սուր պակասորդ սկսվեց հնդկական հիվանդանոցներում։ Դելիում դիակիզարանները չէին հասցնում իրականացնել դիակիզումները։ Ստիպված դիակիզումներ էին իրականացնում բաց դաշտում։ Միայն հունիսին իրավիճակը կայունացավ։ 

• Համավարակը թելադրեց իր կանոնները նաեւ սպորտի բնագավառում։ Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական հետաձգված խաղերը կայացան այս տարի, եւ՝ առանց հանդիսատեսի։ Մարզիկները հանդես եկան դատարկ տրիբունաներով ստադիոններում։ Իհարկե դա մի փոքր տխուր մթնոլորտ էր ստեղծում, բայց դե մարզիկների ոգին մնաց անկոտրում։ 

• Դարի բնական տարերային աղետը տեղի ունեցավ Գերմանիայում՝ Ար գետի հովտում եւ մի շարք այլ շրջաններում։ Մի քանի օր տեւած հորդառատ անձրեւները հանգեցրեցին հեղեղումների։ Գետերը դուրս եկան ափերից։ Աղետը խլեց 143 մարդու կյանք, ավերածությունները ահռելի էին իրենց մասշտաբներով։ Վերականգնման համար կպահանջվեց տարիներ։ 

• Տարին նշանավորվեց նաեւ Աֆղանստանից Ամերիկայի հեռանալով։ Քաբուլում բավականին արագ իշխանության եկան թալիբները։ Այն ժամանակվա նախագահ Աշրաֆ Ղանին դիմեց փախուստի։ Ավելի քան 100 հազար մարդ ցանկություն հայտնեց հեռանալ Աֆղանստանից։ Նրանց մի մասին ամերիկյան եւ արեւմտյան ուժերը տարհանեցին։ Սակայն շատերը չկարողացան հեռանալ երկրից։ Տարհանումն աչքի ընկավ նաեւ տխուր դրվագներով, որոնք օգտագործեցին ռուսական քարոզչամիջոցները՝ հակաամերիկյան պրոպագանդայի համար։ 

• Աշունն իր հետ բերեց նոր մարտահրավեր՝ սեպտեմբերի 19-ին ժայթքեց կանարյան Պալմա կղզու հրաբուխը։ Տոննաներով մոխիրն ու լավան տարածվեց կղզով մեկ, կղզի, որը աշխարհում ամենասիրված տուրիստական ուղղություններից էր։ Աղետը ահռելի տնտեսական վնասներ հասցրեց։ Միայն 85 օր անց իշխանությունները հայտարարեցին, որ կղզու պատմության մեջ հրաբխի ամենից տեւական ժայթքումը դադարել է։ 

• Եվրոպայի տնտեսական լոկոմոտիվ Գերմանիան ունի նոր կանցլեր։ Բունդեսթագի ընտրություններում հաղթեցին գերմանացի սոցիալ-դեմոկրատները։ Օլաֆ Շոլցը դարձավ կանցլեր։ Նա այդ պաշտոնին հաջորդեց Գերմանիան 16 տարի փայլուն ղեկավարած Անգելա Մերկելին։ 

• 16 տարի Գերմանիան փայլուն ղեկավարած Անգելա Մերկելը հեռացավ կանցլերի պաշտոնից ու նաեւ՝ քաղաքականությունից։ Նա որպես կանցլեր կարողացավ երկիրը պատվով դուրս բերել մի քանի ճգնաժամներից։ Նրան հրաժեշտ տվեցին պաշտոնական հատուկ միջոցառումներով, մեծ հարգանքով ու պատվով։ Նվագախումբը Մերկելի համար կատարեց մի քանի կրոնական երգեր եւ նաեւ՝ Նինա Հագենի երգը 

• Հազարավոր միգրանտներ Սիրիայից, Իրաքից եւ Աֆղանստանից «լռվեցին» բելառուսա-լեհական սահմանին։ Նրանք դարձան քաղաքական շանտաժի պատանդները, շանտաժ, որի հեղինակը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էր եւ որով նա փորձում էր ինչ որ բաներ հասկացնել Եվրամիությանը։ Լեհ սահմանապահները միգրանտներին թույլ չտվեցին, որ մտնեն երկիր։ Մերկելի հեռախոսազանգից հետո, բելառուսական իշխանությունները նրանց ժամանակավոր կայաններում տեղավորեցին ու սկսեցին ուղարկել տուն։ Ճգնաժամը դեռ ամբողջապես ավարտված չէ։ 

Տարին նաեւ աչքի ընկավ կլիմայի փոփոխություններին ու բնապահպանական խնդիրներին նվիրված Գլազգոյի կոնֆերանսով, ու այլ միջոցառումներով։ 2022 թվական աշխարհը մտնում է կրկին պանդեմիայի պայմաններում, անհանգիստ ու անորոշ իրավիճակում՝ պայմանավորված այս անգամ Ռուսաստան-Արեւմուտք առճակատման սրացման նոր փուլով։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն