Հայ-արաբական հարաբերություններ՝ կարևոր ու ներուժով, բայց առայժմ առանց հստակ օրակարգի
Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար, Սաուդյան Արաբիա․հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հաճախ է այցելում արաբական երկրներ, ու այդ այցերը դառնում են առիթ՝ քննարկելու Հայաստան-արաբական աշխարհ հարաբերությունների այսօրվա մակարդակն ու ներուժը։ Ինչպե՞ս են նպաստում նախագահի այցելությունները հայ-արաբական հարաբերությունների զարգացմանը․ ակնկալվում է, որ արդյունքները կերևան մոտ ապագայում, ի՞նչ ունենք այսօր՝ ներկայում։
Հայաստանի համար կարևոր են հարաբերությունները արաբական աշխարհի հետ․ որոշ երկրների հետ դրանք դեռ նոր են հաստատվում, մյուսների դեպքում՝ քայլեր են արվում խորացնելու ուղղությամբ։ Նախագահ Արմեն Սարգսյանն, օրինակ, հաճախ է այցելում արաբական երկրներ, և այս առումով բացառիկ է համարվում նրա այցելությունը Սաուդյան Արաբիա։ Մասնագետների գնահատմամբ, սա շրջադարձային իրադարձություն է Հայաստանի միջազգային հարաբերություններում։ Անկախությունից հետո մեր երկիրը Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չի ունեցել, Հայաստանից որևէ պաշտոնյա չէր այցելել իսլամական աշխարհում բացառիկ դեր ու նշանակություն ունեցող այդ պետություն։ Արաբագետ Արաքս Փաշայանի պնդմամբ, արաբական երկրներ կատարված բոլոր այցերն էլ կարևոր են, իսկ Սաուդյան Արաբիան առանձնանում է նրանով, որ բավականին սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ։ Արաբական աշխարհ-Հայաստան երկխոսության հստակ օրակարգ, մասնագետի կարծիքով, դեռ չունենք, բայց նա հուսով է, որ ճիշտ աշխատանքի արդյունքում հաջողություններ կգրանցվեն․
«Մնում է հուսալ, որ առաջիկայում ինչ-որ արդյունավետ քայլեր, այնուամենայնիվ, կարվեն։ Հաշվի առնելով այն, որ Հայաստանի արտաքին քաղաքականության արաբական ուղղությունը շատ կարևոր է, ինչպես նաև այն, որ մերձավոր արևելյան տարածաշրջանում Հայաստանն ունի մարտահրավերներ ու ռիսկեր, որոնց մի մասը ձևավորվել է Թուրքիայի ու Ադրբեջանի ջանքերով, արաբական ու մերձավոր արևելյան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների առավել սերտաճումն ուղղակի հրամայական է»։
«Կան արաբական երկրներ, որոնց հարաբերությունները Թուրքիայի հետ ջերմությամբ աչքի չեն ընկնում, և երբ սրան ավելանում է հայկական լոբբինգը, ստեղծվում են Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու առավել բարենսպաստ պայմաններ»,-ասում է Արաքս Փաշայանը։ Իսկ ընդհանուր առմամբ, մասնագետի գնահատմամբ, արաբական երկրների հետ մենք չունենք քաղաքական տարաձայնություններ․մեր հարաբերությունները կառուցված են փոխադարձ հետաքրքրությունների վրա։ Զրուցակիցս ուշադրություն է հրավիրում այն իրողության վրա, որ վերջին 30 տարում Ադրբեջանը իսլամական աշխարհում իր համար բարենպաստ միջավայր ստեղծել, դաշնակիցներ գտել, իսկ մենք՝ ոչ։ Պետք է սովորենք դասեր քաղել պատերազմից, ասում է Արաքս Փաշայանը․
«Ուզում եմ նշել, որ այս առումով շատ կարևոր է նաև Պակիստանի օրինակը։ Մենք 30 տարի այդ ուղղությամբ նույնպես ոչինչ չենք արել, իսկ ահա այսօր, Պակիստան- Թուրքիա – Ադրբեջան հարաբերությունները աննախադեպ զարգացում են ապրել։ Պակիստանից մենք ունենք այժմ թշնամական վերաբերմունք, ինչը դրսևորվեց պատերազմի շրջանում»։
Հայկական դիվանագիտությունը տասնամյակներ շարունակ հենվել է հայկական համայնքների վրա։ Այդ համայնքները եղել են կամուրջ նաև արաբական աշխարհի հետ հարաբերություններում։ Այսօր, ըստ արաբագետի, մեր պետք է ջանքեր ներդնենք նաև արաբական երկրների պետական ինստիտուտների հետ հարաբերություններ հաստատելու գործում։
Ասել արաբական երկրներ՝ նշանակում է խոսել առնվազն 800 միլիոնանոց շուկայի մասին,-ասում է տնտեսագետ Գագիկ Մակարյանը։ Այստեղ կան տարբեր զարգացվածության երկրներ․ տարբեր են հետաքրքրությունները, գոյատևման սկզբունքները, ռեսուրսները։ Լսենք Գագիկ Մակարյանին․
«Այսինքն, համագործակցությունն արաբական երկրների հետ ունի երկու ուղղություն։ Առաջինը՝ ի՞նչ կարող ենք այնտեղ վաճառել ու դրա արդյունքում ավելի բարելավել մեր հարաբերությունները, ու երկրորդը՝ ինչի՞ կարիք ունեն այդ պետությունները, ի՞նչ կարող են պատվիրակել մեզ, ի՞նչ ներդրումներ կարող են կատարել մեր տարածքներում՝ իրենց պարապուրդի գումարներն օգտագործելով մեր ներդրումային ծրագրերում»։
Տնտեսագետը կարևորում է արաբական շուկայի ուսումնասիրությունը՝ նաև ավանդույթների ու մշակույթի տեսանկյունից։ Ասում է՝ քաղաքական շահը դիվանագիտության միջոցով պետք է լրացնի տնտեսական շահին, տնտեսականը՝ քաղաքականին ու մշակութայինին։ Եթե կա տնտեսական խոշոր ներդրումային ծրագիր, այդ երկրների միջև վաղ թե ուշ կհաստատվեն նաև քաղաքական հարաբերություններ։ Այս սկզբունքը պետք է կիրառել արաբական երկրների հետ համագործակցելիս ու չմոռանալ, որ, օրինակ, «ալկոհոլով» չենք կարող մուտք գործել արաբական շուկա։ Գագիկ Մակարյան․
«Այսինքն, մենք պետք է ուսումնասիրենք, թե իրենց մշակույթը ինչ ուղղություններով է թույլ տալիս համագործակցել։ Մի շրջանում մենք ոչխար կամ ոչխարի միս ենք արտահանել, որովհետև իրենց մոտ շատ ընդունված է ոչխարի մսով ուտեստներ պատրաստել՝ խորոված և այլն»։
Արաբական երկրներն ունեն գերժամանակակից շինարարական տեխնոլոգիաներ, մասնագիտացված են ենթակառուցվածքների բնագավառում․քաղաքաշինության ոլորտը կարող է հետաքրքրել մեզ համար, ասում է Գագիկ Մակարյանը՝ ընդգծելով արաբական աշխարհի մեծ ներուժը նաև կրթության ոլորտում․
«Ինչու՞ եմ այս ամենն ասում, որովհետև Հայաստանի տնտեսությունն այդքան ուժեղ չէ ինովացիոն գործիքներ առաջարկելու համար։ Արաբական երկրները ոչ թե գնացել են սեփական ինովացիոն մեխանիզմներ ստեղծելու, այլ իրենց բնական ռեսուրսների օգտագործմամբ բարեկեցություն ու ներդրումների համար պայմաններ ստեղծելու ճանապարհով։ Նրանց ստեղծած արտոնյալ համակարգերը գրավում են տուրիստներին, ներդրողներին, գործարարներին»։
2020 թվականին Հայաստանը արաբական երկրներ է արտահանել մոտ 303 մլն 275 հազար դոլարի ապրանք։ Ըստ Մակարյանի՝ սա մեծ թիվ չէ, մինչդեռ կա նաև տնտեսական համագործակցությունը ընդլայնելու ներուժ։
hy.armradio.am