Չեմ կարծում, թե ՀՀ իշխանություններն ունեն ԱՄՆ-ի հետ այդ բարդ աշխատանքն իրականացնելու կարողություն
Մարտի 7-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպական և Եվրասիական հարցերի Բյուրոյի Կովկասի հարցերի գրասենյակի ղեկավար Լաուրա Հոկլայի համանախագահությամբ կայացել է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստի առցանց խորհրդակցությունների բազմաոլորտ համագործակցության վերաբերյալ հերթական նիստը: Իր բացման խոսքում Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանին շարունակական աջակցություն տրամադրելու համար՝ կարևորելով ռազմավարական բարեփոխումների և ընդհանուր ժողովրդավարական արժեքների խթանման շուրջ հայ-ամերիկյան համագործակցությունը: Հայկական կողմից ելույթներով հանդես են եկել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Կենտրոնական բանկի ներկայացուցիչները, ինչպես նաև` ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը: Ամերիկյան պատվիրակության կազմում էին ԱՄՆ պետքարտուղարության մի շարք գրասենյակների բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ԱՄՆ առևտրի դեպարտամենտի ներկայացուցիչներ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Լաուրա Հոկլան նիստի ընթացքում ներկայացրել է հայ-ամերիկյան երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները և նշեց հետագա համագործակցության ուղիների կարևորությունը: ԱՄՆ ՄԶԳ փոխտնօրենի տեղակալ Մարկ Սիմակովսկին իր ելույթում ներկայացրեց ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և Կառավարության ներկայացուցիչների հետ քննարկեց համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց տնտեսական, էներգետիկ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցությանը և դրանց զարգացման հեռանկարին: Ամփոփելով նիստը՝ հայկական և ամերիկյան կողմերի պաշտոնյաները վերահաստատեցին փոխադարձ հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը տնտեսական, էներգետիկ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում և կարևորեցին նման ձևաչափով քննարկումները՝ ընդգծելով դրանց արդյունավետությունը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից:
ԱՄՆ-ում լույս տեսնող «Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ կա հայ-ամերիկյան հանձնաժողով, երկար տարիներ տեղի են ունենում հանդիպումներ, քննարկում են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող զանազան հարցեր․ «Վերը նշված հանդիպումը չեմ կարծում, թե հատուկ նշանակություն ունի, բացի հերթական հանդիպում լինելուց։ Որևէ բացառիկ բան չկա այս հարցում։Ընդհանրապես կզանկանայի նշել, որ հայ-ամերիկյան հարաբերությունների ամենաթույլ կետն այն է, որ մենք Հայաստանի կողմից մի դեսպան ունենք, որն անփորձ է, դիվանագիտությունից չի հասկանում և որի պատճառով որևէ բան չի փոխվում։ Այն հատուկ կապերը, որ հաստատել էր ՀՀ նախկին դեսպան Վարուժան Ներսիսյանը, դրանք լրիվ կորել են։ Այժմ Լիլիթ Մակունցը նորից պետք է սկսի այդ կապերը հաստատել։ Սա ունի երկու խնդիր։ Առաջինն այն է, որ երկար ժամանակ կպահանջվի այդ կապերը հաստատելու համար և երկրորդ այն է, որ քանի որ ինքը դիվանագիտական փորձառություն չունի, սա մի մասնագիտական աշխատանք է, որն ինքն անկարող է իրականացնել»։
Սասունյանը ցավով նշում է, որ վարչապետը սխալվել է Լիլիթ Մակունցին ԱՄՆ դեսպան ուղարկելով․«Եվ հատուկ ցավալուս պատճառն այն է, որ վերջին տարվա ընթացքում ու հիմա էլ պատերազմի պատճառով մենք ոչ թե սկսնակ դեսպանի կարիք ունենք, որը չի կարողանում աշխատել,այլ մի տաղանդավոր, փորձառու դեսպանի, ինչպիսին որ պարոն Ներսիսյանն էր։ Դեսպանը պետք է ավելի սերտ կապեր հաստատեր ԱՄՆ-ի հետ՝ մանավանդ, որ Բայդենի կառավարությունը շատ ավելի հայամետ է, քան թե Թրամփի նախկին կառավարությունը։ Բազմաթիվ առիթներ կան, որ Հայաստանն օգտագործի՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելու համար, բայց այդ բոլորը մենք տանուլ ենք տալիս, որովհետև ներկայիս դեսպանը չի կարողանում այդ առիթներից օգտվել»։
Մեր զրուցակիցն ընդգծեց․«Չեմ կարող իշխանությունների միտքը կարդալ՝ իմանալու, թե ինչ ունեն իրենց մտքում։Հավանաբար եթե իմանային իրենց անելիքը, պետք է բազմակողմանի հարաբերություններ ստեղծեին աշխարհի զանազան երկրների հետ, որպեսզի միակողմանի կապեր չլինեն։Մենք Չինաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի ու Միջին Արևելքի հետ պետք է բազմակողմանի կապեր ունենանք։ Քանի որ Ռուսաստանի հետ դաշնակցություն ունենք, հատուկ զգուշություն է պետք, որ գլխավոր դաշնակցին չնեղացնենք։ Եթե մեր իշխանությունները զգուշավոր կապեր հաստատեն այլ երկրների հետ՝ հասկանալի կլինի։ Բայց ես չեմ տեսնում, որ մեր ղեկավարությունը, ՀՀ իշխանություններն այդ կարողությունն ունեն, որ կարողանան այս բարդ աշխատանքն իրականացնել։ Դիվանագիտությունը մի բան է, որ մարդուց պահանջում է փորձառություն, մասնագիտական բարձր որակներ, երկար տարիների փորձ՝ մի բան, որ ոչ պարոն Միրզոյանը ունի, ոչ էլ վարչապետ Փաշինյանն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը»,-եզրափակեց նա։
1in.am