Ռուս-ուկրաինական բանակցությունների չորրորդ փուլը կարող է նշանավորվել կոնկրետ համաձայնությունների ձեռք բերմամբ։ Կողմերը  խոսում են որոշակի առաջընթացի մասին՝ չբացառելով փաստաթղթի ստորագրումը։  Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, թե «հատուկ օպերացիան ընթանում է ըստ ծրագրի, իսկ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարն ակնարկել է վերջնական փաստաթուղթ ստորագրելու  հնարավորության  մասին։ Պոդոլյակի խոսքով՝ այս փուլում կողմերը  փորձում են քննարկված հարցերին իրավական ձևակերպումներ տալ։

Կրակի դադարեցում, ռուսական զորքի դուրս բերում և անվտանգության երաշխիքների ապահովում. սրանք այն պահանջներն են, որոնք ուկրաինական կողմը ներկայացրել է ռուս-ուկրաինական բանակցությունների չորրորդ փուլի ժամանակ․ դրանք ընթացել են հեռավար, տեսակապի միջոցով։

Կողմերը վերջին օրերին խոսում են բանակցություններում առաջընթացի մասին։ ՌԴ Պետդումայի միջազգային գործերով կոմիտեի ղեկավար, բանակցություններում ռուսական պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկին մարտի 13-ին հայտարարել էր, որ առաջընթացը կարող է վերաճել երկու պատվիրակությունների միասնական դիրքորոշման, ստորագրման ենթակա փաստաթղթերի։ Մարտի 7-ին Բելառուսում տեղի ունեցած բանակցությունների երրորդ փուլում ռուսական կողմը իրավաբանական փաստաթղթի տեսքով  կոնկրետ նկատառումներ էր ներկայացրել  ուկրաինական կողմին։ 

«Ռադիոլուր»-ի զրուցակից  քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նշում է, որ ուկրաինական կողմի հայտարարություններից պարզ է դառնում, որ Կիևը Մոսկվայի առաջ քաշած պայմաններից որոշներին արդեն  համաձայնել է։

«Ուկրաինայի նախագահն ասում է, որ պատրաստ ենք համաձայնության, բայց դեմ ենք կապիտուլյացիային, մենք չենք կարող Ուկրաինան դավաճանել։

Ղրիմը Ռուսաստանի կազմում ճանաչելու, Լուգանսկ-Դոնեցկին ինչ-որ չեզոք կարգավիճակ տալու մասին ուկրաինական կողմի հայտարարություններն այժմ լղոզված են, բայց միջանկյալ ձևակերպումներն առաջիկայում կհստակեցվեն։ Այստեղ կարևորը ձևակերպումներն են, միևնույն ժամանակ նաև քննարկվում է Ուկրաինան ռազմական դաշինքներից դուրս, չեզոք երկիր դիտարկելու հարցը։ Հարկ է նշել, որ այս պարագայում Ռուսաստանը մեղմել է նախապայմանների հռետորաբանությունը։ Ռուսական կողմի պահանջներից մեկն առնչվում է ուկրաինական բանակին, որի թվաքանակը չպետք է գերազանցի 50 հազարը, հիմնականում պետք է լինեն ոստիկանական ուժեր»։

Քաղաքագետը հիշեցնում է՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նման պահանջ կար նաև Գերմանիայի նկատմամբ ։ Սրանք այն հիմնական կետերն են, որոնց շուրջ բանակցում են կողմերը, դրանցում կարևորը քաղաքական խնդիրներն են։  Ինչ վերաբերում է Ուկրաինայի տարածքում ավերածությունների հետ կապված փոխհատուցման վերաբերյալ Կիևի հայտարարություններին, ապա ըստ Ստեփան Դանիելյանի՝ սա ևս մեկ անգամ հուշում է, որ Ուկրաինան որոշակի համաձայնության արդեն եկել է։ 



«Սրանք ամենակարևոր կետերը չեն, ամենակարևորը քաղաքական կետերն են,  դրանցից երկուսը ռուսական կողմի առաջ քաշած ապառազմականացման և ապաազգայնականացման պահանջներն  են` Ուկրաինայում որոշակի զինատեսակներ չտեղադրելու, Արևմուտքի կողմից զենքեր չմատակարարելու հետ կապված։ Սրանց շուրջ դարձյալ ինչ-որ համաձայնություն կա,  եթե կողմերը ստորագրեն Ուկրաինայի չեզոք կարգավիճակի վերաբերյալ  փաստաթուղթը»։

Երրորդ փուլի բանակցություններից հետո Ռուսաստանի ԱԳ նախարարը մատնանշել էր արևմտյան երկրների կողմից Կիևին զենքի և սպառազինությունների մատակարարման վտանգավորությունը։ Այդ համատեքստում Լավրովը շեշտել էր նաև հազարավոր շարժական զենիթահրթիռային համալիրների խնդիրը: «Հարցն այն է, թե ուր կհասնեն այդ համալիրները, և արդյոք դրանք հետագայում սպառնալիք չեն դառնա ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի քաղաքացիական ինքնաթիռների համար»,- ասել էր  Ռուսաստանի արտգործնախարարը` ընդգծելով, թե Ռուսաստանը որևէ երկրի վրա չի պատրաստվում հարձակվել։ «Մենք Ուկրաինայի վրա էլ չենք հարձակվել, մենք մեր գործողություններով պարզապես մատնանշել ենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ առկա ուղղակի սպառնալիքները։ Մեր բոլոր հորդորներին, առաջարկներին, դիտողություններին որևէ արձագանք չի եղել, մեզ ոչ ոք չի լսել»,- հայտարարել էր Ռուսաստանի ԱԳ նախարարը։

Ստեփան Դանիելյանն այս համատեքստում նշում է, որ նոր իրողություններում  աշխարհն առաջնորդվում է ուժի գերակայության սկզբունքով, ինչը նոր մարտահրավեր է երկրների համար։ Փլուզված է աշխարհի անվտանգային համակարգը՝ ասում է վելուծաբանը։   

«Հատկապես Եվրոպայում անվտանգային համակարգ այլևս գոյություն չունի։ Ուկրաինայի այս պատերազմով շատ ավելի գլոբալ համաշխարհային հարցեր են առաջացել․ անվտանգային համակարգ ձևավորելու համար նոր բանակցություններ պետք է վարվեն։ Ուկրաինայի հարցում ինչ-որ լուծում գտնելը այն առանցքն է, որով հիմք է դրվելու աշխարհի անվտանգության շուրջ հետագա բանակցությունների համար,  և դա տարիներ կտևի»։

Ըստ էության, անվտանգային զսպող մեխանիզմի ներդրման խնդիրն առկա է նաև Կիևի կողմից հակամարտության լուծմանը երրորդ երկրների մասնակցության վերաբերյալ հայտարարություններում` ասում է քաղաքագետը` մատնանշելով  Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի խոսքերը, թե «երրորդ երկրները ցանկացած պահի կարող են նստել բանակցային սեղանի շուրջ և միանգամից միանալ վերջնական աշխատանքին` նախնական ամփոփիչ փաստաթղթի ստորագրմանը»։ Քաղաքական այս տեքստն, ըստ Ստեփան Դանիելյանի, իր տողատակն ունի։

«Ուկրաինայի պահանջն այլ է` որտեղ է այն երաշխիքը, որ նոր համաձայնության դեպքում Ռուսաստանը նորից այն չի խախտի։ Դրա համար Ուկրաինան ասում է, որ երրորդ երկրները պետք է գան, մասնակցեն և երաշխավորեն երկրի անվտանգությունը։ Ուկրաինան, ինչ-որ երկրներ ներքաշելով, լոկալ առումով ուզում է անվտանգության համակարգ ձևավորել»։

Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ այս պահին Ռուսաստանի համար կարևորագույն խնդիրը Մարիոպոլը և Խարկովը լիարժեք վերահսկողության տակ վերցնելն է, իսկ Ուկրաինայի համար՝ օր առաջ հաշտության համաձայնության գալը՝ լրացուցիչ տարածքներ չկորցնելու համար։ 

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն