Ինչո՞ւ է Բայդենը Հայոց ցեղասպանությունը «ցեղասպանություն» կոչել․ Պետդեպը բացատրել է
Թուրքական TRT հեռուստաընկերությունը ԱՄՆ պետքարտուղարությունից պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ նախագահ Բայդենի ապրիլքսանչորսյան ելույթի վերաբերյալ՝ մասնավորապես հետաքրքվելով, թե ինչու է կիրառվել Հայոց ցեղասպանություն եզրույթը։
«Նախագահ Բայդենի կողմից «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը հիմնված է պատմական արձանագրումների վրա, որոնք պատրաստվել են Օսմանյան կայսրությունում ծառայող ԱՄՆ Պետքարտուղարության անձնակազմի զեկույցների հիման վրա, և դրանք համապատասխանում են ժամանակակից հետազոտություններին»,- ասվում է Պետդեպի՝ թուրքական TRT Haber-ի հարցման պատասխանում։
Դրանում նաև ընդգծվել է․ «Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի հետ տեղի ունեցածը համապատասխանում է 1948-ին ընդունված Ցեղասպանության կոնվենցիայի սահմանմանը, սակայն 1951 թվականին ուժի մեջ մտած կոնվենցիայի պարտավորությունները չեն կարող հետադարձ կիրառվել, քանի որ իրադարձությունների ժամանակ «ցեղասպանություն» եզրույթը չի օգտագործվել»։
Արդեն երկու տարի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ի իր ուղերձում օգտագործում է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը, ինչը հարուցել և հարուցում է Թուրքիայի իշխանությունների զայրույթը։ Էրդողանն անգամ հանդգնել էր ճշգրտումների անվան տալ խեղաթյուրված տեղեկություններ հրապարակել՝ նշելով, թե, իբր, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերն են խոշտանգել ու կոտորել թուրքերին։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ իրական փաստերը խեղաթյուրելու թուրքական ճիգերը վկայում են, որ Ցեղասպանությունից հետո այդ երկրում ոչինչ չի փոխվել․
«Սա նշանակում է, որ Թուրքիայում ոչինչ չի փոխվել, համաշխարհային ստանդարտները Թուրքիայում դեռես չունեն ընկալումներ, որովհետեւ թուրքական ժխտման մտածողությունը ուղիղ բախվում է մարդկային բարոյականությանն ու համամարդկային արժեքներին։ Հետեւաբար՝ Թուրքիայի նախագահի հայտարարություններն իրենց կեղծիքի ճահճի մեջ ավելի խորանալու դրսեւորումներ են եւ որեւէ կապ չունեն իրականության ու օբեկտիվության հետ»։
Սա տխուր դեժավյու է, որ տասնամյակներ շարունակ կրկնվում է եւ ցույց է տալիս, որ Թուրքիայի հասարակական–քաղաքական վերնախավի մտածողություն մեջ ոչ մի փոփոխություն չկա՝ պնդում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։ Մինչդեռ, ըստ նրա, քաղաքակիրթ աշխարհը գիտի իրողությունը եւ վաղուց տվել է այդ դեպքերի գնահատականը։ Աշխարհի երեք գերտերություն 1915 թվականի կատարվածին իրական անվանում է տվել, ինչը համընդհանուր ճանաչման է հանգեցնելու․
«Հայոց ցեղասպանության խնդիրը վաղուց մեծ քաղաքականության մաս է, եւ տարբեր պետություններ, ըստ նպատակահարմարության, փորձում են օգուտներ քաղել։ Բայդենի հայտարարությունը դրական առաջընթաց է, որովհետեւ գերտերության ղեկավարը կիրառում է իրավական տերմինը եւ այդ դեպքերին տալիս է բուն անվանումը՝ ցեղասպանություն։ Սակայն միայն դրանով գոհանալը բարոյական հաղթանակների շարքից է, իսկ մեզ պետք են շոշոփելի հաղթանակներ։ Կարծում եմ՝ այս տարի այդենի կողմից այդ բառի կիրառումը կարող է նպաստել, օրինակ, Հայոց ցեղասպանության՝ ամերիկյան կրթական ծրագրերում ավելի լայն ընդգրկում ունենալուն»։
Բայդենի ձևակերպումն, ըստ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկանի, ցույց է տալիս, որ ԱՄՆ եւ Սենատը, եւ նախագահը չեն խուսափում իրավական գնահատականներից։
Թուրքիայում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը ցավով է արձանագրում, որ Թուրքիան Հայոց ցեղասպանության հարցում իր քաղաքական մոտեցումներից չի հրաժարվում․
«Ամեն տարի ապրիլի 24–ին Վաշինգտոնի ու Անկարայի միջեւ տարակարծություններ ու լարվածություն են առաջանում։ 2010 թվականից ի վեր Թուրքիայի նախագահը ապրիլի 24–ին ուղերձներ է հրապարակում, 1915 թվականի զոհերի համար իր կարեկցանքն է հայտնում, բայց դա չի հասնում այն բանին, որ Թուրքիան իր պետական քաղաքականության բանաձեւումներից շեղումներ թույլ տա»։
Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, Հայոց ցեղասպանության փաստերը խեղաթյուրելու քայլերը թերեւս չեն նպաստելու հարաբերությունների կարգավորման գործին։ Ռուբեն Մելքոնյանն արձանագրում է՝ որեւէ դեպքում Հայոց ցեղասպանության հարցը սակարկության առարկա չի կարող դառնալ։
hy.armradio.am