ՖՐԱՆՍԻԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՋԱԿՑԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, հայտնում են Ելիսեյան պալատից։

Մակրոնը նշել է, որ իր երկիրը պատրաստ է նպաստելու Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրման վերաբերյալ հնարավոր համաձայնագրին։ Նախագահները քննարկել են նաև Ուկրաինայում հակամարտության երկարաժամկետ կարգավորման շուրջ բանակցությունների հեռանկարները։

Էմանուել Մակրոնը մտահոգություն է հայտնել Մարիուպոլում ստեղծված իրավիճակի և Ուկրաինայում չդադարող կրակի կապակցությամբ։ Նա խոստացել է ավելացնել Կիևին ռազմական և մարդասիրական աջակցությունը, ինչպես նաև օգնել ռազմական հանցագործությունների վերաբերյալ ապացույցներ հավաքելու հարցում։

Շուրջ մեկ ժամ տևած հեռախոսազրույցից հետո Զելենսկին Թվիթերի միկրոբլոգում հայտնել է, որ Ելիսեյան պալատի ղեկավարի հետ քննարկել է պաշտպանական ոլորտում, ինչպես նաև Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության հարցում գործակցությունը։

ՆԱՏՕ-Ն ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎՏԱՆԳ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ

Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման անմիջական վտանգ ՆԱՏՕ-ն չի տեսնում: Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալը։

«Մտահոգությամբ արձանագրում ենք, որ այս թեմայի շուրջ հայտարարություններ շատ ավելի հաճախ են հնչում: Մեր գնահատմամբ՝ դա հոգեբանական ճնշման տարր է ինչպես Ուկրաինայի, այնպես էլ ՆԱՏՕ-ի անդամ երկրների բնակչության նկատմամբ»,- նշել է Միրչա Ջոանեն:

Նա կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը տևական կլինի: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հավելել է նաև, որ Մոլդովայի և Վրաստանի համար անմիջական ռազմական սպառնալիք ներկայումս չկա, սակայն նրա կանխատեսմամբ, սադրանքներ դեռ կլինեն:

ԿԻԵՎՆ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԽՆԴՐԻ ԱՌՋԵՎ Է

Ուկրաինայում խաղաղություն ապահովելու միակ ճանապարհը Կիևի ինքնիշխանության վերականգնումն է։ Նման հայտարարությամբ է հանդես եկել արտգործնախարարը «Սինհուա» լրատվական գործակալության հետ հարցազրույցում։

«Ուկրաինայում երկարաժամկետ կայունություն ապահովելու միակ միջոցը միջազգայնորեն ճանաչված սահմաններով երկրի ամբողջ տարածքում ինքնիշխանության վերականգնումն է», - նշել է Դմիտրո Կուլեբան։

ՌԴ-Ն ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԹԵՄԱՆ ՉԻ ՇԱՀԱՐԿՈՒՄ. ԼԱՎՐՈՎ

Ուկրաինայում հատուկ գործողությունը կավարտվի, երբ կյանքի կոչվեն դրա բոլոր նպատակները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Al Arabiya» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական բանակցություններին։ Լավրովի խոսքով՝ դրանք ձգձգվում են Կիևի ոչ հետևողական դիրքորոշման և Վաշինգտոնի ցուցումները կատարելու պատճառով։

«Եթե նրանք ազնիվ բանակցողներ լինեին, հավատարիմ մնային ձեռք բերված պայմանավորվածություններին, մենք կարող էինք զգալի առաջընթաց գրանցել», - հավելել է դիվանագետը։

Նախարարը հայտնել է, որ Մոսկվան չի համարում, թե պատերազմում է ՆԱՏՕ-ի հետ, սակայն դաշինքը, կարծես, այդպես չի մտածում։ Նա ընդգծել է նաև, որ ռուսական կողմը երբեք չի շահարկել միջուկային պատերազմի թեման։

«Արևմուտքը ոչինչ չգիտի Մոսկվայի արտաքին քաղաքականության մասին և սխալվում է՝ կարծելով, թե պատժամիջոցները կստիպեն մեզ ներողություն խնդրել։ Այնուհանդերձ, եթե մարդիկ հասկանան, որ չարաչար սխալվել են, մենք կփորձենք վերսկսել հարաբերությունները»,- վստահեցրել է դիվանագետը։

Լավրովը համոզմունք է հայտնել՝ Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովուրդները կրկին կապրեն խաղաղության և բարեկամության մթնոլորտում։

ՄՈԼԴՈՎԱՆ ԵՎ ՄԵՐՁԴՆԵՍՏՐԸ ԵՐԿԽՈՍՈՒՄ ԵՆ

Ուկրաինայում լարվածության ֆոնին Մոլդովայի և Մերձդնեստրի դիրքորոշումներում տարաձայնությունները նվազել են, հայտարարել է Մոլդովայի վերաինտեգրման բյուրոյի փոխտնօրենը։

«Քիշնևի և Տիրասպոլի երկխոսությունն ավելի կառուցողական է դարձել, չեմ կարող ասել՝ թե այն ավելի դրական է, բայց հնարավորություն է տալիս խուսափելու ռիսկերից»,- ընդգծել է Նիկոլայ Ցվյատկովը։

Նա նշել է, որ չարժե թերագնահատել տարածաշրջանում ուկրաինական որոշ ուժերի շահերը և կարողությունը՝ ազդելու ստեղծված իրավիճակի վրա։

Ավելի վաղ՝ ապրիլի 25-ին և 26-ին, Մերձդնեստրում ահաբեկչական երեք հարձակում էր տեղի ունեցել։ Ինքնահռչակ հանրապետության ղեկավար Վադիմ Կրասնոսելսկին տեղի ունեցածի համար մեղադրել է Ուկրաինային։

Ապրիլի 29-ին նա Մոլդովայի նախագահի խորհրդականի հետ հանդիպմանը քննարկել է անվտանգային մի շարք հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև հումանիտար և տնտեսական գործակցության հնարավորությանը։ 2020 թվականին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի ընտրվելուց հետո սա Քիշնևի և Տիրասպոլի միջև նման մակարդակով առաջին հանդիպումն էր։

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն