Ինչ ելք կառաջարկի Բայդենը Պուտինին
Պուտինը հաշվենկատ մարդ է, ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, նշելով, թե իրեն այժմ մտահոգում է այն, որ Պուտինը Ուկրաինայում չունի ելք: «Փորձում եմ հասկանալ, թե ինչ անել դրա հետ», հայտարարել է Բայդենը: Նրա այդ հայտարարությունները բավականին հատկանշական և որոշակիորեն ինդիկատորային են Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական և քաղաքական զարգացումների համատեքստում: ԱՄՆ նախագահի խոսքերը տալիս են մի քանի հիմնարար եզրահանգման հիմք, որոնք թույլ կտան պահել ձեռքը ուկրաինական ռազմական թատերաբեմի զարկերակի վրա, ինչը նաև էական նշանակություն է ունենալու Կովկասի, այդ թվում արցախյան հարցի, հայ-ադրբեջանական կոնֆլիկտի վրա: Փաստորեն, Վաշինգտոնն ազդարարում է, որ չունի Ուկրաինայում Պուտինին անելանելի դրության մեջ թողնելու մտադրություն: Ինչո՞վ է դա պայմանավորված, պարզ չէ: Դա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ այդուհանդերձ տեղի ունեցողը ունի որոշակի լայն համաձայնությունների համատեքստ՝ իսկ ռազմական թատերաբեմում կատարվողը այդ լայն համաձայնությունների շրջանակում ընթացող պայքար է, կամ Վաշինգտոնը պարզապես չի ցանկանում դիմել ռիսկի՝ Պուտինին դնելով անելանելի վիճակում, նրան հրահրել առավել արկածախնդիր որոշումների, որոնք կարող են ռազմական բախումը իրապես դուրս բերել ուկրաինական շրջանակից և բառի բուն իմաստով վերածել համաշխարհայինի, ընդհուպ՝ միջուկայինի:
Առաջ է գալիս հարց՝ իսկ Ռուսաստանի դեմքը փրկելու, Պուտինին ելք տալու ի՞նչ տարբերակ է դիտարկում ԱՄՆ, որը մյուս կողմից ընդունում է «լենդ-լիզի» մասին օրենքը, ավելի շուտ վերստին այն մտցնում ուժի մեջ և ստանում արագացված ու դյուրացված ռեժիմով Ուկրաինային սպառազինություն ու այլ բնույթի օգնություն հատկացնելու հնարավորություն, ավելի արագ, ավելի մասշտաբային, ավելի ծանր: Խոսքը այսպես ասած պարտքով տրամադրվող ռազմական և այլ կարգի օգնության մասին է, ինչն ԱՄՆ արել է երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ եվրոպացի դաշնակիցներին օգնելով ֆաշիզմի և նացիզմի դեմ պայքարում: Որքանո՞վ է համատեղելի Ուկրաինային ավելի շատ և ավելի ծանր սպառազինությամբ օգնելու հնարավորությունը Պուտինին Ուկրաինայում անելանելիությունից դուրս գալու հնարավորության մասին Բայդենի արտահայտած մտահոգության հետ: Թե՞ Ուկրաինային օժանդակության այդ ակտը ավելի շուտ ունի ներամերիկյան նշանակություն՝ առաջիկայում սպասվող Կոնգրեսի միջանկյալ ընտրության համատեքստում, որտեղ դեմոկրատական կուսակցությունը պետք է փորձի պահպանել իր մեծամասնությունը հանրապետականների հետ պայքարում, որպեսզի պահպանի երկու տարի անց թե Կոնգրեսի հիմնական, թե նախագահի ընտրությանը բարձր մրցունակության հնարավորությունը:
Անշուշտ, այսպես, թե այնպես, ոչ միայն ԱՄՆ, այլ նաև արևմտյան բոլոր երկրների վարքագծում՝ Ուկրաինայի հանդեպ, առկա է ոչ միայն արտաքին-անվտանգային մոտիվների համակարգը, այլ նաև հենց ներքաղաքական հարցերից բխող մոտիվը, սեփական հանրության հետ հարաբերության խնդիրը: Այդուհանդերձ, ի՞նչ ելք է առաջարկելու Բայդենը Պուտինին, և Պուտինն ընդունելո՞ւ է դա, որովհետև ՌԴ նախագահը չի ընդունում, որ Ուկրաինայում իրադրությունը շեղվել է պլանից և օպերացիան խափանվել է, թեև անկասկած է, որ համենայնդեպս առաջխաղացումը էապես հետ է ընկել պլանավորված ժամանակացույցից, ինչպես նաև կորուստներն են կարծես թե նախատեսվածից էապես ավելի: Բայց, Պուտինը աննահանջ է, հետևաբար Բայդենի առաջարկը՝ ելքի վերաբերյալ, Պուտինը կարող է քննարկել այն դեպքում, երբ առնվազն պահպանում է ներկայիս դրությամբ ռազմական ստատուս-քվոն: Այսինքն, եթե Վաշինգտոնն ունի առաջարկ, ապա մեղմ ասած անհավանական է, որ այն ընդունելի լինի, եթե ենթադրելու է Ռուսաստանի նահանջ նվազագույնը այսօրվա դիրքերից: Ավելին, իրավիճակը առավել բարդ է, որովհետև ռուսական գեներալակազմը հայտարարել է հարավային Ուկրաինան վերցնելու ծրագրի մասին: Նաև մեծ է հավանականությունը, որ այդ հարցում գեներալակազմը նույնիսկ ինքն է թելադրող, այլ ոչ Պուտինը: Այդպիսով, ի՞նչ կարող է առաջարկել Բայդենը Պուտինին՝ որպես ելք, որպես Ուկրաինայի հարցում դեմքը փրկելու տարբերակ: Թե՞ այդօրինակ հայտարարությունների նպատակը հենց Բայդենի դեմքը պահելն է, այն պարագայում, որ Ռուսաստանն այդուհանդերձ՝ չնայած զգուշացումներին և պատժամիջոցներին, չնայած մեծ կորուստներին, Ուկրաինայում լուծի որոշակի ռազմական և քաղաքական խնդիրներ և օկուպացնի այդ երկրի արևելքն ու հարավը: Իսկ կարո՞ղ է Բայդենի առաջարկը ենթադրել Ուկրաինայից դուրս շրջանակ, երբ Պուտինին կարող են լինել առաջարկներ այլ ռեգիոնների մասով, այսպես ասած «փոխանակման» սկզբունքով: Այստեղ է նաև, որ Կովկասը կարող է հայտնվել որևէ ուղիղ «պլանի» տակ, եթե չի հայտնվել արդեն:
1in.am