Մեղրին հարյուր տարի առաջ էլ, հիմա էլ ռուս-թուրքական դաշինքի հիմնական խնդիրն է. Արթուր Դանիելյան
1920 թվականի ապրիլի 26-ին Մուսթաֆա Քեմալը նամակ է գրում Լենինին, որում առաջարկում է Մոսկվային Անկարայի հետ համատեղ ռազմավարություն իրականացնել, որը պետք է հաղթահարի «կովկասյան պատնեշը»: Քեմալը Կովկասյան պատնեշ էր անվանում, «հայերի, վրացի մենշևիկների ու Անգլիայի կողմից ստեղծված տրանսպորտային խոչընդոտը, որը խանգարում էր ռուս-թուրքական կապը անխափան դարձնելուն»: Երեք կետից բաղկացած առաջարկի երկրորդ կետում Քեմալն ասում է՝ «Եթե Սովետական ուժերը պլանավորում են ռազմական գործողություն իրականացնել Վրաստանի դեմ կամ դիվանագիտական ճանապարհով կստիպեն վրացիներին մտնել միութենական պետության մեջ և կընդունեն անգլիացիների վտարումը Կովկասից, ապա թուրքական կառավարությունն իր վրա կվերցնի ռազմական գործողություններն ընդդեմ իմպերիալիստական Հայաստանի և կպարտավորվի ստիպել Ադրբեջանին մտնել միութենական պետության մեջ»:
Այս նամակը Լենինը ստանում է հունիսի 4-ին, իսկ արդեն օգոստոսի 24-ին ստորագրվում է Ընկերության մասին համաձայնագիրը, ըստ որի Թուրքիան Սովետից ստանում է 8 տոննա ոսկի (էսօրվա գներով մոտ կես միլիարդ դոլար), 6 հազար հրացան, 5 միլիոն փամփուշտ և 17,600 հրանոթային արկ: Սա Թուրքիայի համար ահռելի ռեսուրս էր, որը գերազանցում էր իրենց տարեկան բյուջեն: Ու ինձ միշտ հետաքրքրել է, թե որտեղի՞ց, Առաջին համաշխարհայինով բարձված ու քաղաքացիական պատերազմից ավերված, Ռուսաստանում այդքան փող, մինչդեռ իրականությունը, սովետական պրոպագանդայի տակ մեծացած մարդկանց համար, ապշեցուցիչ կարող է լինել:
Սովետական Միությունն իր գոյության առաջին տարիներին մեր գիտակցության մեջ արմատավորվել է որպես նոր կազմավորվող, աղքատ, խեղճ ու կրակ մի պետություն, որ նոր էր դուրս եկել ավերիչ քաղաքացիական պատերազմից և սուզված էր խորը տնտեսական ճգնաժամի մեջ: Ու մասամբ այս ենթադրությունը ճիշտ էր: Նախորդ դարի 20ականներին ու 30ականներին պետական համակարգի տրանսֆորմացիաների պատճառով սովի մի քանի մեծածավալ ալիքները միլիոնավոր կյանքեր են խլում, իսկ համատարած աղքատությունը շարունակվում է ընդհուպ մինչև 60ականները: Այնուամենայնիվ աղքատության ու սարսափելի սովի ֆոնին Սովետը ոչ մի կերպ հնարավոր չէր խեղճ համարել, նույնիսկ կազմավորման առաջին տարիներին ու դրա գլխավոր ցուցիչն այն չէ, որ միությունը կազմող բոլոր հանրապետությունները փաստացի գրավվել են Մոսկվայի կողմից: Շատերիս կողմից չգիտակցվող, բայց օբյեկտիվ իրականությունը փաստող այլ կարևոր ցուցանիշ կա:
Տեսեք, Սովետի կազմավորման թվին՝ 1922-ին, երկրի ռազմական բյուջեն կազմում էր մոտ 1,5 մլրդ դոլար, ինչը երկու անգամ ավելի մեծ էր, քան աշխարհի երկրորդ ամենամեծ ռազմական բյուջե ունեցող ԱՄՆ-ի ցուցանիշը: Նույն 22 թվին, օրինակ Ուկրաինայում, Նանսենի հավաստմամբ, մոտ 8 մլն սովի մատնված մարդ կար, Ղազախստանի բնակչությունն այդ թվերի սովից կրճատվեց 1 միլիոնով, իսկ բուն Ռուսաստանում սովի էին մատնվել մոտ 40 միլիոն մարդ: Սակայն, նույնիսկ երբ Մոսկվան ավարտում է 11 հանրապետությունների սովետիզացիան, ռազմական բյուջեն չի նվազում, ընդհակառակը` աճում է: 1929 թվականին այն հասնում է 3 մլրդ դոլարի, ինչը գերազանցում էր առաջատար տասնյակի երկրների ռազմական բյուջեներին` ԻՐԱՐ ՀԵՏ ՎԵՐՑՐԱԾ: Երկրորդ տեղում գտնվող ԱՄՆ-ի ռազմական բյուջեն Սովետը գերազանցում էր 4,5 անգամ: Այս ամենը վկայում էր այն մասին, որ Սովետական պետության ամբիցիաները շատ ավելի հեռուն էին գնում, քան կենտրոնական Ասիան ու Կովկասը: Սովետական հայրերը չէին էլ թաքցնում, որ իրենց հիմնական նպատակը համաշխարհային հեղափոխությունն է, որն առաջին հերթին պետք է տարածվեր Եվրոպայում: Սա էր աներևակայելի ռազմական ծախսեր անելու և սոցիալակ խնդիրները անտեսելու պատճառը: Որոշում կայացնողները վստահ էին, որ այդ սոված տասնյակ միլիոնները միևնույն է երջանիկ չէին կարող լինեին, եթե կուշտ ու ապահով լինեին: Իրենք վստահ էին, որ առանց սոցիալիզմի մարդը չի կարող երջանիկ լինել, հետևաբար իր կյանքը միևնույն է անիմաստ է անկախ կուշտ կամ սոված լինելուց:
Բնական է, որ աշխարհում կապիտալի չեղարկման հեռանկարը չէր հրապուրում այդ կապիտալի տերերին, և 1928 թվականին 2,6% հավաքած կուսակցությունը 1932 թվականին արդեն 34,7% է հավաքում ու վերցնում է իշխանությունը Գերմանիայում: Հաջորդ տարի՝ 1933 թվականին Վերսալյան պայմանագրի համաձայն բանակ չունեցող Գերմանիան հրաժարվում է կատարել այդ պայմանագրի կետերը և իր ռազմական բյուջեն դարձնում է 500 մլն դոլար` դառնալով այդ ցուցանիշով չորրորդ երկիրը: 1934-ին Գերմանիան դառնում է երկրորդը 1 մլրդ դոլար ռազմական բյուջեով, 35-ին այն նորից կրկրնապատկվում է` հասնելով 2 մլրդ-ի, 36-ին այն հավասարվում է Սովետի բյուջեին, իսկ 37-ին արդեն գերազանցում Սովետին:
Բնական է նաև, որ Գերմանիայի նկատմամբ, վերսալյան կապիտուլյացիոն պայմանագիրը պարտադրած պետություններից և ոչ մեկ, որևէ պատժամիջոց չի կիրառում այդ պայմանագիրը խախտելու համար: Երկրորդ համաշխարհայինի մեկնարկի պահին` 1939 թվականին, Գերմանիայի ռազմական բյուջեն արդեն 3 անգամ գերազանցում էր սովետականը և հասել էր 20 միլիարդի: Այս միլիարդները հետագայում կչեղարկեն համաշխարհային սոցիալիստական հեղափոխության վտանգը: Երկրորդ համաշխարհայինի արդյունքներով Ստալինը հասկացավ, որ հեղափոխության հետագա արտահանումը փակուղի է մտել ու ինքնակամ իջեցրեց երկաթյա վարագույրը, ինչն էլ հենց արևմուտքի իղձն էր:
Ամենաուշագրավն այս ամենում այն է, որ մոտ հարյուր տարի անց հենց ԱՄՆ է փաստացի իրագործում Մարքսիստական հեղափոխության դրույթներն ու համաշխարհային հեղափոխություն տարածում: Ըստ Էնգելսի մասնավոր սեփականության հիմքում ընտանիքի ինստիտուտն է իր հայրապաշտական սկզբունքներով, իսկ մասնավոր սեփականության գեներացրած կապիտալի հիմնական պահապանը պետական ինստիտուտներն են: Հետևաբար, ըստ կոմունիստների պետք է վերացնել պետություններն ու ավանդական ընտանիքը, որպեսզի մասնավոր սեփականության անհրաժեշտություն չլինի ու բոլորը կարողանան բավարարել իրենց այսօրեական պահանջները չմտածելով վաղվա օրվա համար փող կուտակելու մասին և հետևաբար ապրեն գոհ ու երջանիկ:
Եվ այսօր հենց ԱՄՆ-ն ունի ռազմական բյուջե, որը հավասար է առաջին տասնյակ երկրների ռազմական ծախսերին իրար հետ վերցրած:
Հ.Գ. Ջոգի՞ք որ Քեմալի ասած «իմպերիալիստական Հայաստանը» Նժդեհի Լեռնահայաստանն էր: Մեղրին հարյուր տարի առաջ էլ, հիմա էլ ռուս-թուրքական դաշինքի հիմնական խնդիրն է: