Հայաստանում զբոսարջիկներն ավելանում են, ծառայությունները՝ թանկանում․ նախորդ տարվա համեմատ ոլորտում շուրջ 50% գնաճ կա
Այս օրերին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ընթանում է զբոսաշրջային ամենամեծ «ITB Berlin 2023» ցուցահանդեսը: Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն Եվրոպայում ոլորտի կազմակերպությունների հետ միասին ներկայացնում է Հայաստանը որպես հետաքրքիր զբոսաշրջային ուղղություն` ծանոթացնելով հյուրերին մեր երկրի տուրպրոդուկտներին։
Ոլորտի մասնագետները վստահեցնում են, որ Հայաստանը առաջիկա տարիներին կարող է ընդունել իր պատմության մեջ ռեկորդային թվով զբոսաշրջիկների։ Մինչ այդ, 2022-ի տվյալներով Հայաստան է ժամանել ավելի քան 1 միլիոն 670 հազար զբոսաշրջիկ։ Տուրիստական կազմակերպությունները, սակայն, ահազանգում են՝ Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքները ավելի մեծ հոսքի պատրաստ չեն։ Բացի այդ տարեց տարի Հայաստանում թանկանում է զբոսաշրջությունը, ինչը ևս կարող է բացասաբար անդրադառնալ որոտի զարգացման վրա։
2022–ին մեր երկրից, այսպես ասենք, ողջունել է ավելի քան 1 միլիոն 670 հազար զբոսաշրջիկ։ Սա գրեթե 2 անգամ ավելի է 2021-ի այցելությունների քանակից, սակայն պակաս է 2019-ի ռեկարդային՝ գրեթե 1 միլիոն 900 հազար ցուցանիշից։ Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն ասում է՝ տուրիզմի ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար նախ պետք է վիճակագրությունը վերլուծել, հասկանալ՝ ով ու ինչու է գալիս Հայաստան․
«Հրապարակված թվի ՝ 1 միլիոն 670 հազարի մեջ «առյուծի բաժինը», իհարկե, Ռուսաստանից այցելություններն են, սակայն վերլուծել է պետք, քանի որ շատերն եկել են, որ ավելի երկար մնան, շատերն արդեն կացության ու աշխատանքի իրավունք են ձեռք բերել և, ըստ էության, դարձել են միգրանտներ, շատերն այսօր արդեն այստեղ աշխատում են»,-ասում է Ապրեսյանը։
Հայաստանում ներգնա զբոսաշրջությունը 2022-ին երկու մեծ ռուսական ալիք ունեցավ․ նախորդ տարի սկսված ռուս-ուկրաինական պատերազմը, հետո նաև Ռուսաստանում հայտարարված զորահավաքը շատերին ստիպեցին հայացքն ուղղել դեպի Հայաստան։ Մեխակ Ապրեսյանը, սակայն, նկատում է՝ 2022-ի տուրիստական բումը միայն ռուսական հոսքով չի պայմանավորված։ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների առաջատար հնգյակում են Վրաստանը՝ 190 հազար զբոսաշրջիկ, Իրանը՝ 118 հազար, ԱՄՆ՝ 51 հազար և Գերմանիան 23 հազար զբոսաշրջիկ ցուցանիշերով․
Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյան
«Ես այս ցուցանիշը հիմնականում պայմանավորում են նաև մեր ոլորտի մասնավոր սեկտորի ջանքերով, կարելի է ասել՝ նույնիսկ գերբնական ուժով ու ջանքերով, քանի որ պատերազմից ու կորոնավիրուսից հետո այդ ծանր պայմաններում զբոսաշրջության ոլորտի բիզնեսների վրա պարզապես գոյատևելու հարց էր դրված, իսկ մերոնք կարողացան և՛ գոյատևել, և՛ նույնիսկ ապահովել մեր դիրքերը համաշխարհային շուկայում»,-կարծում է Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
Կառավարությունը նախատեսում է մինչև 2026թ զբոսաշրջիկների թիվը հասցնել 2.5 միլիոնի։ Մասնագետները դա իրատեսական են համարում, սակայն ահազանգում են՝ Հայաստանն իր զբոսաշրջային ենթակառուցվածքներով նման ծավալների պատրաստ չէ։ Բացի այդ, ուզենք, թե չուզենք, Հայաստանում զբոսաշրջությունը թանկ հաճույք է՝ նկատում է տուրիստական գործակալության հիմնադիր տնօրեն Արկադի Սահակյանը։ Նախորդ տարվա ընթացքում, օրինակ՝ դրամի կտրուկ արժեվորումը իր ուղիղ ու բացասական ազդեցությունը ունեցավ զբոսաշրջիկների գրպանի ու տուրիստական ընկերությունների եկամուտների վրա․
«Եթե նախկինում Հայաստանում 3-4 աստղանի հյուրանոցում հանգիստը կազմակերպելը օրական կտրվածքով տատանվում էր 120-130 դոլլարի սահմաններում, որը ներառում էր նաև քիչ թե շատ էքսկուրսիոն ծառայություններ, այսօր արդեն այդ ծառայությունների համար զբոսաշրջիկը պետք է վճարի մինչև անգամ 200 դոլլար։ Բացի այդ, այս տարվա ընթացքում նվազել են նաև զբոսաշրջային ընկերությունների եկամուտները, ինչը ևս դրամի արժևորման հետ է կապված»։
Բանն այն է, որ տուրիստական գործակալությունները 2022-ի համար զբոսաշրջային փաթեթներ սկսել են վաճառել դեռ նախորդ տարի՝ 2021-ին, երբ 1 դոլլարն ավելի քան 500 դրամ արժեր, իսկ այժմյան արտարժույթով արդեն զբոսաշրջիկներին ձեռնտու չէ Հայաստան այցելելը։
«Մենք մասայական զբոսաշրջության երկիր չենք, ծովափնյա երկիր չենք, Թուրքիա, Եգիպտոս, Հունաստան ուՎրաստան չենք։ Եթե ծովափնյա հանգստի համար ընդամենը պետք է ծովափին հյուրանոց կառուցել, ինչը շատ հեշտ է, ապա մեր դեպքում ավելի գիտական մոտեցում է պետք, ճանաչողական տուրիզմ ունեցող երկրները պետք է բոլոր ոլորտների բոլոր օղակների հետ աշխատեն, բոլոր ոլորտներում պետք է բարելավումներ անել, ունենալ ընդհանուր մոտեցումներ»,-ասում է Արկադի Սահակյանը։
Մասնագետները զբոսաշրջային ոլորտի մի շարք խնդիրների լուծումն ու բարեփոխումները նոր մշակվող «Զբոսաշրջության մասին» օրենքի նախագծի հետ են կապում։ Արկադի Սահակյանն ասում է՝ տարբեր վարկանշային աղյուսակներում ամենահյուրընկալ ու ամենաապահով երկրների շարքում դասված Հայաստանը վստահաբար դեռ ահռելի, չօգտագործված զբոսաշրջային պոտենցիալ ունի։