Մեկ տոննայի դիմաց՝ 200 հազար դրամ․ գերբեռնված մեքենաների տուգանքը կավելանա
Մարտի 23-ից ուժի մեջ մտնող «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում կատարված փոփոխություններով կավելանա ավտոմոբիլային ճանապարհներով առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ մեքենաներով երթևեկելու տուգանքի չափը։ Ըստ այդմ, եթե գործող կարգավորումներով բեռի քաշի բոլոր դեպքերում սահմանվում է տուգանք 200 հազար դրամ տուգանք, ապա մարտի 23-ից ուժի մեջ մտնող կարգավորմամբ՝ մինչև մեկ տոննա և ավելի յուրաքանչյուր տոննայի համար կգանձվի 200 հազարական դրամ։ Այսինքն, որքան շատ է թույլատրելիից ավելի բեռի քաշը, այնքան մեծ է լինելու տուգանքի չափը:
Ծանրաքաշ բեռներ փոխադրելիս ճանապարհածածկը շատ արագ է քայքայվում և փչանում: Բեռնատար մեքենաների կշռման անշարժ կայանների տեղադրմամբ փորձ է արվում նվազագույնի հասցնել այդ վնասները։ Սակայն քաշի վերահսկողությունը և խստացումները բեռանտարների վարորդների սրտով չեն․
«Կշռում են, սահմանվածից ավելի քաշ ունեցող մեքենաները տուգանում են՝ առաջին անգամ 200 հազար դրամ, երկրորդ անգամ՝ 400 հազար դրամ։ Երկաթի ջարդոն է, հազիվ ապրում ենք։ Սկզբում բերեցին կշեռքը դրեցին, որոշեցին, որ պետք է 18 տոննա լինի։ Այդ ժամանակ ընդհանուր քաշն էին կշռում ։ Մի քանի անգամ կշռեցին, տեսան, որ չեն կարողանում տուգանել, որոշեցին փոխել կարգը՝ հիմա առաջը առանձին են կշռում, հետևը՝ առանձին»։
Մինչ վարորդները դժգոհում են գործող կարգավորումից, ըստ որի՝ բեռի քաշի բոլոր դեպքերում սահմանված տուգանքը կազմում է 200 հազար դրամ, մարտի 23-ից ուժի մեջ մտնող կարգավորմամբ՝ 200 հազարական դրամ տուգանք է նախատեսվում մինչև մեկ տոննա և ավելի յուրաքանչյուր տոննայի համար։ Իսկ դա նշանակում է, որ ինչքան թույլատրելիից ավելի է բեռի քաշը, այնքան մեծ է լինելու նաև տուգանքի չափը, «Ռադիոլուրին» հայտնեց քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը․
«Անցյալ տարի դեպք եղավ, երբ տրանսպորտային միջոցը սահմանված թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցել էր 20 տոննայով։ Եվ ունենք դեպք, երբ ընդամենը 2 տոննայով է գերազանցել։ Երկուսի դեպքում էլ նույն տուգանքը նշանակելը մի փոքր ճիշտ չէր ու, բացի այդ, ավելի շատ բեռնված տրանսպորտային միջոցները նախընտրում էին մուծել 200 հազար դրամ տուգանքը և շարունակել փոխադրել իրենց բեռը»։
Տուգանքների չափն էլ ինքնանպատակ չէ, նկատում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Այվազյանը։ Այդ մեքենաների հասցրած վնասը ավելի քաշի դեպքում շատ ավելի մեծ է․
«Եթե դրանք գերբեռնված են իրականացնում փոխադրումը, էական վնաս են հասցնում ճանապարհային ծածկույթին։ Ճանապարհների հիմնանորոգման դեպքում 1կմ ճանապարհի արժեքը 100-200 մլն դրամ է նստում պետության վրա։ Եթե բեռնատարը գերբեռնված է, և նրա սռնիների վրա գերծանրաբեռնվածությունը գերազանցում է սահմանված նորմերը, վնասը շատ ավելի մեծ է լինում։ Կարճ ժամանակ անց այդ նոր կառուցված ճանապարհը պետությունը ստիպված է լինում նորից վերանորոգել, իսկ ընդհանուր օգտագործման ճանապարհը ոչ միայն բեռնատարների, այլև ամբողջ բնակչության համար է նախատեսված։ Հետևաբար, դրա պահպանումը շատ կարևոր է պետության համար»։
«Ռադիոլուրի» հարցին՝ արդյո՞ք սահմանված տուգանքը փոխհատուցում է ճանապարհին հասցված վնասը, և արդյո՞ք միայն տուգանքով խնդիրը լուծվում է, պաշտոնյան պատասխանեց՝ խախտումների նկատմամբ կիրառվող զսպող մեխանզմը վարչական տույժն է։
2022 թվականին ՀՀ ամբողջ տարածքում շարժական և 2 անշարժ կշեռքներով հենակետերում ընդհանուր կշռվել է շուրջ 22 500 ծանրաքաշ և մեծ եզրաչափերով փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոց, 1470 վարչական արձանագրություն է կազմվել։ Տեսչական մարմինն անշարժ կշռման հենակետեր ունի Սիսիանում և Արմավիրում։ Այս տարվա տվյալներով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ 9760 տրանսպորտային միջոց է կշռվել և 478 վարչական արձանագրություն կազմվել, որից 455-ը Սիսիանում։
«Ցանկացած ծանրաքաշ բեռներ տեղափոխող տրանսպորտային միջոց պարտադիր կերպով պետք է կշռման կետերում կշռվի, ապա նոր շարունակի երթուղին։ Տեսչական մարմնի մասնագետները համագործակցում են նաև ՃՈ աշխատակիցների հետ, կարգավորելով գործընթացը։ Բոլոր ծանր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցները կշռվում են։ Խախտումը կրկնելու դեպքում տուգանքի չափը կրկնապատկվում է։ Բայց ընդհանուր առմամբ՝ բեռնված փոխադրման խախտումների նվազում ունենք։ Մարդիկ հասկացել են, որ անխտիր կշռվելու են։ Օտարերկրյա փոխադրողները ևս արտոնություն չունեն։ ՀՀ մուտք գործած բոլոր տրանսպորտային միջոցները կշռվում են»։
Տեսչական մարմինը միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ծանրաքաշ տրանսպորտային միջոցների կշռման գործընթացը սկսել է դեռ 2020 թվականից: Այն մարզերում, որտեղ դեռ անշարժ կայաններ չկան, շարժական կշեռքներն են այդ բացը լրացնում։