2022-ը՝ թվերով․ կառավարությունը զեկուցել է, թե ինչ է արել
1 տարի՝ կառավարության գործունեության հնգամյա ծրագրից։ Գործադիրը 2021-26թթ․ ռազմավարական ծրագրում բազմաթիվ խոստում-նպատակներ էր ամրագրել։ Թե ինչ ընթացքով են դրանք իրականություն դառնում, կառավարությունն ամեն տարի ամփոփում է հաշվետվությամբ։ 2022-ի կատարողականը գործադիրն արդեն ներկայացրել է խորհրդարան։ Ոլորտային հանձնաժողովներում լսվելուց հետո այն կքննարկվի լիագումար նիստերի ընթացքում։ Մինչ այդ առանձնացրել ենք զեկույցի ուշագրավ թվերն ու փաստերը։
2022 թվականի արդյունքներով Հայաստանի կառավարության գործունեության առանցքային մարտահրավերը շարունակում է մնալ արտաքին անվտանգության ապահովումը: Չնայած դրան՝ 2022-ը եղել է լայնածավալ բարեփոխումների տարի։ Այս ամրագրումով է սկսվում կառավարության ծրագրի կատարողականը։ 83 էջանոց փաստաթղթում գործադիրն ամփոփել է բոլոր ոլորտների արդյունքները՝ անվտանգությունից ժողովրդավարություն։ Զեկույցում գերակշռողը փաստերն ու թվերն են։
Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթաց
2022-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ունեցել են 5 եռակողմ և 2 քառակողմ հանդիպում։ Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով խորհրդականը հանդիպել են 6 անգամ, 6 հանդիպում էլ արտաքին գործերի նախարարներն են ունեցել։
Զեկույցից տեղեկանում ենք, որ նախորդ տարվա ընթացքում Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 31 գերեվարված քաղաքացու, 33-ին պահում է անազատության մեջ։ Հայաստանը Ադրբեջանին է վերադարձրել ենթադրաբար անհետ կորած համարվող ադրբեջանցիների 35 ոսկոր և մարմինների գտնվելու հնարավոր վայրերի երեք քարտեզ:
2022–ի ընթացքում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Արտաքին քաղաքականանություն
Ըստ գործադիդրի կատարողականի՝ Հայաստանն ամենաակտիվը հաղորդակցվել է Ռուսաստանի հետ։ ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը 6 երկկողմ հանդիպում և 20 հեռախոսազրույց են ունեցել, Արարատ Միրզոյան ու Սերգեյ Լավրովը՝ 8 հանդիպում և 10 հեռախոսազրույց։
Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ վարչապետը հանդիպել և հեռախոսով զրուցել է 3-ական անգամ, կարճատև 1 հանդիպում էլ ունեցել է 2023 թվականի փետրվարին կայացած Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում: 2022-ին տեղի են ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի 4 հանդիպում և 5 հեռախոսազրույց։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ Փաշինյանը 2 հանդիպում և 4 հեռախոսազրույց է ունեցել։ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները 2022-ին 2 հեռախոսազրույց և 1 հանդիպում են ունեցել։ Հայատսանը Թուրքիա հումանիտար օգնություն, փրկարարների խումբ է ուղարկել։
Անվտանգություն
«44-օրյա պատերազմում կրած պարտությունն ահռելի բացասական ազդեցություն է ունեցել բանակի մարտունակության, բարոյահոգեբանական վիճակի, նյութատեխնիկական ապահովվածության մակարդակի վրա, բայց նշված խնդիրների մանրամասն ուսումնասիրությունը հանգեցնում է եզրակացության, որ այդ ամենը ոչ թե հետևանք է, այլ պատճառ»,- նշված է զեկույցի այս բաժնում: Պատճառներից մեկը, ըստ կառավարության, տասնամյակներ շարունակ բանակում քրեական ենթամշակույթի առկայությունն է։
2022-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից զինված ուժերի զինծառայողների նկատմամբ նախաձեռնվել է 143 քրեական վարույթ, որոնցից 17-ը՝ պետական դավաճանության, 47-ը՝ կոռուպցիոն, 9-ը՝ զենքզինամթերքի, 12-ը՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության և 58-ը՝ զինվորական բնույթի այլ հանցագործությունների դեպքերով:
Հայաստանում 2022-ին արձանագրվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության 134 դեպք, որից 37-ը՝ իրացնելու, իսկ 97-ը՝ ձեռք բերելու։ Արգելափակվել է «Տելեգրամ» հավելվածում գործող 17 համացանցային խանութի գործունեություն, որոնց վարողները ձերբակալվել են։
Տնտեսություն
Տնտեսական աճը կազմել է 12,6%, առևտուրն ու ծառայություններն աճել են 17,7%-ով, առևտուրն ու ծառայությունների ոլորտը՝ 17,7, շինարարության ոլորտ՝ 18,8, արդյունաբերությունը՝ 6.4 տոկոսով։ 2022-ին Արտահանումն աճել է 54.4, ներմուծումը՝ 33.8 տոկոսով։
ՊԵԿ տվյալների համաձայն՝ 2022-ի դեկտեմբերին Հայաստանում եղել է 704 հազար աշխատատեղ։ Գործազրկությունը 3-րդ եռամսյակում գործազրկության մակարդակը կազմել է 11,6%։ 2022-ին մեկ աշխատողի միջին անվանական աշխատավարձը կազմել է 235 576 դրամ։
ՀՀ օդանավակայանների կողմից սպասարկվել է 3 698 256 ուղևոր։ Նրանցից 951 100-ը օգտվել է հայկական ավիաընկերություններից։ Տարվա ընթացքում տրամադրվել է արդյունահանման և երկրաբանական ուսումնասիրության համար անհրաժեշտ ավելի քան 60 ընդերքօգտագործման իրավունք։
***
Ըստ զեկույցի՝ բնակչության աճ ապահովելու համար ահրաժեշտ է, որ Հայաստանում տարեկան ծնվի ավելի քան 44 000 երեխա։ Այս տարի ծնվել է 36 300-ը։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ավելի քան 8000 դիմում է ստացել հայրենադարձության և ինտեգրման տարբեր հարցերով։