ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով Լեզվի կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Վ. Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Այդ նշանակումը բուհի ուսանողության և դասախոսական կազմի կողմից միանշանակ չի ընդունվել: Համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը նշանակումը համարում է նախարարության հերթական ապօրինություն։ Այսօր առավոտյան դասադուլ ու գործադուլ են սկսել բուհի մի խումբ ուսանողներ ու դասախոսներ։ Այդ կերպ նրանք պահանջել են չեղարկել որոշումը։ Ցոլակ Ակոպյանը դիմել է նախարար Ժաննա Անդրեասյանին, խնդրելով հանդիպել համալսարանի ուսանողության և դասախոսական կազմի հետ։

Մարտի 15-ին Բրյուսովի անվան համալսարանում լարված իրավիճակ էր։ Տեղեկանալով, որ բուհի ռեկտոր է նշանակվել լեզվաբան, հայերենագետ, Լեզվի կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Գյուրջինյանը, մի խումբ ուսանողներ ու դասախոսներ առավոտյան դասադուլ և գործդուլ են կազմակերպել՝ պահանջելով չեղարկել որոշումը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում էին, որ նախարարությունում հաշվի չեն առել իրենց կարծիքը և ռեկտորի պաշտոնակատար են նշանակել Դավիթ Գյուրջինյանին։

«Ես Բրյուսովի անվան համալսարանի 3-րդ կուրսի ուսանող եմ։ Ուսանողները բոյկոտում են, որովհետև ռեկտորի ընտրությունը 4 մասի է բաժանված։ 25 տոկոսը ուսանողներն են կազմում։ Սակայն, ուսանողի ձայնը հաշվի չառնելով,  նոր ռեկտոր են նշանակում։ Այս ամեն ինչը տանում է նրան, որ ուսանողները ընտելանան միանալու մանկավարժականին, ֆիզկուլտ ինստիտուտին»։

«Մենք հիմա պարոն Գյուրջինյանի փոխարեն չենք կարող ասել՝ նա  կօգնի՞ միավորմանը, թե՞ ոչ։ Բայց փաստն այն է, որ ինչպես նախորդ անգամ, այժմ էլ  4500 ուսանող թույլ չի տալու համալսարանի միավորումը»։ 

Համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը, որը մինչ այս ռեկտորի պարտականություններն էր կատարում, հակասահմանադրական է համարում Գյուրջինյանի նշանակումը։ Նա հայտարարում է, որ այս նշանակումը ապօրինի է։

Նա ասում է, որ չի պատրաստվում գիտական խորհրդի նիստ հրավիրել և ներկայացնել ժամանակավոր պաշտոնակատարին, թեև այդպիսի հանձնարարական է ստացել նախարարությունից։ Փոխարենը պատասխան նամակով դիմել է նախարար Ժաննա Անդրեասյանին, խնդրելով անձամբ գալ բուհ, հանդիպել  համալսարանի ուսանողության և դասախոսական կազմի հետ։

«Սահմանադրությամբ բուհերը ինքնավար են, ակադեմիական ազատություն ունեն, և չի կարելի դրսից, բուհի հետ կապ չունեցող 3 անձով որոշում կայացնել։ Սա առաջին ապօրինությունն է, և մենք բողոքարկելու ենք այդ որոշման դեմ։ Իրենք խախտել են նաև հիմնադրամների մասին օրենքը, որտեղ ժպ–ի մասին ոչ մի բան չկա գրված։ Այսինքն՝ իրենք ինչ ուզում, անում են։ Կբերեք նորմալ  ռեկտոր կընտրեք, և ես առաջինը առհավետ դուրս կգամ այս համալսարանից ու այլևս այստեղ չեմ մտնի։ Բայց  նախարարության գրությունն ապօրինի է, և այսօր գիտխորհրդի նիստ չի կարող հրավիրվել»։

Ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնի վարիչ Անահիտ Վարդանյանը, սակայն, այլ կարծիքի է։ Նա ոչ միայն կողմ է Դավիթ Գյուրջինյանի նշանակմանը, այլև չի ընդունում դասադուլը, որը, իր ձևակերպմամբ՝ բուհի ղեկավարության կողմից է կազմակերպվել և ոտնահարում է ուսանողների կրթության իրավունքը։ 

«Այսպես հանել են այս երեխաներին դասից, իսկ նրանց ծնողները վճարում են երեխաների ուսման համար, և մենք բարոյական իրավունք չունենք այս երեխաներին թույլ չտալ գնալ դասի։ Ասացին՝ մեզ ստիպել են գնալ դահլիճ, ասել եմ՝ ոչ  ոք ձեզ չի կարող ստիպել։ Մինչև հիմա 5 տարի ունեցել ենք ռեկտոր ֆիզիկոս,  ներկա պահին մեզ ղեկավարում և հետապնդում են քաղաքագետ և իրավաբան։ Իսկ պարոն Գյուրջինյանը լեզվաբան է, որն աշխատել է մեզ մոտ երկար տարիներ, և ես կողմ եմ, որ մեր բուհը ղեկավարի լեզվաբան։ Ոչ մի ապօրինի բան չի եղել։ Օրենքով նման կրիտիկական իրավիճակում նշանակվում է 3 կառավարիչ, որոնք նշանակվել են և կատարում են հոգաբարձուների խորհրդի պարտականությունները։  Իսկ հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի նշանակել ռեկտոր, ինչպես նշանակվել է նախկին ռեկտորը, բայց նման իրարանցում չեղավ, մենք լուռ ընդունեցինք»։ 

Ռոմանական լեզուների ամբիոնի դոցենտ Դոնարա Ղազարյանը ևս կածում է, որ Գյուրջինյանի նշանակումով բուհը միայն կշահի․

«Կառավարման խորհուրդը ունի նույն լիազորությունները, ինչ հոգաբարձուների խորհուրդը։ Նա նշանակել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, և պարոն Ցոլակ Ակոպյանի լիազորությունները, բնականաբար, որպես ռեկտորի պարտականությունները կատարողի, դադարեցվում են։  Այստեղ անօրինական ոչինչ չկա։

Անօրինականն այն վիճակն է, որ հոկտեմբերի 11-ից մինչ այսօր այս համալսարանում տիրում է։  Գյուրջինյանը հայտնի լեզվաբան է և գիտնական։ Պարկեշտ մարդ, որն ունի կամային այնպիսի հատկություններ, որով այս համալսարանը կարող է մի քիչ խելքի բերել»։ 

Ի տարբերություն Գյուրջինյանից մեծ  և դրական սպասելիքներ ունեցողների՝ համալսարանի Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ Նատալյա Խաչատրյանը համոզված է, որ ռեկտորի նորանշանակ պաշտոնակատարը գալիս է բուհը լուծարելու կոնկրետ հանձնարարությամբ։

«Ես  չեմ պատկերացնում մի մարդու, որին մի անգամ մերժել են, և ինքնասիրությունը թույլ է տալիս գալ այդ համալսարան։ Նշանակում է՝ ինքը հանձնարարությամբ է գալիս, որովհետև տղամարդ լինելով,  պետք է ասեր՝ բուհն ինձ չուզեց, ես չեմ գնալու այնտեղ»։

Ինքը՝ Դավիթ Գյուրջինյանը, իրեն օտար չի համարում բուհում։ 25 տարի աշխատել է Բրյուսովում։ Այստեղ տարիներ շարունակ հայոց լեզու առարկան հենց իր համահեղինակությամբ ստեղծված ձեռնարկով են դասավանդել։ Նա ասում է՝  անհանգստացած է բուհի հետագա ճակատագրով։ Ավելին՝ պատրաստ է ներկայացնել ծրագիր, որը համալսարանին կվերադարձնի բարի համբավը․

«Բարի համբավը մի համալսրանի, որը կրթել է օտար լեզուների ուսուցիչների՝ տասնամյակներ շարունակ, և այդ գործը լավ է արել մինչև վերջերս։ Խոշորացման գաղափարին, այո, ես կողմ եմ և դա ասել եմ հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ նաև։ Հիմա էլ եմ կարծում, որ Հայաստանի նման փոքր երկրի համար  այսքան պետական բուհեր, իրենց մասնաճյուղերով և հեռակայի ուռճացած համակաևրգով, ուղղակի շռայլություն է»։

Թեև Դավիթ Գյուրջինյանը չի թաքցնում բուհերի խոշորացման վերաբերյալ իր տեսակետը, ԿԳՄՍ նախարարությունը, հատկապես այսօրվա դասադուլին և գործադուլին ի պատասխան, հայտարարում է, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը որևէ առնչություն չունի բուհերի խոշորացման գործընթացի հետ, հավաստիացնելով, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի միավորման հարց այս պահին չի քննարկվում:

Հիշեցնենք` 2022-ի դեկտեմբերի 9–ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում ռեկտորի ընտրություն տեղի ունեցավ։ Գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվեց։ Ընտրությանը մասնակցում էին 2 թեկնածու` Կարինե Հարությունյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:

Դեկտեմբերի 22–ին հայտնի դարձավ, որ Պետական վերահսկողության ծառայությունը համալսարանում մի շարք խախտումներ է հայտնաբերել և տեղեկանքներ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետաքննության հետագա ընթացքն ապահովելու համար։ Մասնավորապես, ըստ ՊՎԾ–ի, բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանն ինքն իրեն շուրջ հինգուկես միլիոն դրամի պարգևատրում և լրավճար է հատկացրել։

Մարտի 14-ին արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվեց բուհի ժամանակավոր խորհրդի կազմը։ Խորհուրդը 3 անդամ ունի՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան, Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյան, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյան։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն