Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանին, նախարարության պատասխանատու այլ պաշտոնայների: Հանդիպմանը ներկա են եղել նաև մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը և մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը:

Փոխնախարարը մարզի ղեկավարին է ներկայացրել այցի նպատակը՝ նշելով, որ շրջայցերի միջոցով մարզերի շահագրգիռ կառույցներին հանգամանորեն ներկայացվում են «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքը և ՀՀ կառավարության 2022թ. հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու մասին» N 1180-Ն որոշման կիրարկման մեխանիզմները: Բացի այդ, նախարարության ներկայացուցիչները մարզպետարանի պաշտոնայների հետ պետք է մասնակցեն Վանաձորում՝ «Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում», «Հատուկ գույքադարանի» բացման միջոցառմանը: Վերջինս իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանյան գրասենյակի կողմից՝ «ՍՈՐՍ» հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհայակություն է հայտնել մարզում իրազեկման միջոցառում նախաձեռնելու համար՝ նշելով, որ մարզպետարանը պատրաստակամ է աջակցելու գործընթացի պատշաճ կազմակերպմանը: Նա նաև իր խոսքում կարևորել է «Հատուկ գույքադարանի» բացման նախաձեռնությունը:

-Սոցիալական տարբեր խմբերի պատկանող անձինք, հաշմանդամություն ունեցող քաղաքացիները մեր ամենօրյա հոգածության ներքո են և մենք շատ ենք կարևորում նրանց խնդիրների մեղմմանն ուղղված ցանկացած ծրագիր կամ միջոցառում,-ասել է մարզի ղեկավարը:

«Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի» նիստի շրջանակներում փոխնախարարը, նախարարության ներկայացուցիչները մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներին, մարզի ՄՍԾ-ների, բժշկական կենտրոնների տնօրեններին, բուժաշխատողներին, ոլորտային հասարակական կազմակերպությունների և շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներին, «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի» անդամներին ներկայացրել են «Հաշմանդամության սահմանման բժշկական մոդելից» անցումը՝ ֆունկցիոնալության գնահատման մոդելի:

Նշվել է, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքները հնարավորություն են տալիս իրականացնելու անձի կարիքների բազմակողմանի գնահատում. այն է՝ հաշմանդամությունը կդիտարկվի ըստ անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի՝ հաշվի առնելով նաև միջավայրային գործոնների ազդեցությունը:

Մինչ այս, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության մոտեցումներն ու սկզբունքները սահմանված են եղել «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» 1993 թվականին ընդունված օրենքով, ինչը հնարավորություն չի տվել իրականացնելու անձի կարողությունների բազմակողմանի գնահատում, հաշվի չեն առնվել շրջակա միջավայրի գործոնները, որոնք էական ազդեցություն ունեն հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կյանքում լիարժեք գործունեություն իրականացնելու վրա:

Նոր օրենքով սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության նպատակը, հիմնական սկզբունքները և ուղղությունները։

Հաշմանդամության խմբերի փոխարեն (1-ին, 2-րդ, 3-րդ խումբ և հաշմանդամ երեխա) սահմանվել են անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճաններ՝ թեթև, միջին, ծանր, խորը: Այս համատեքստում հաշմանդամությունն այլևս չի դիտարկվի՝ որպես մշտական առողջական խնդիր․ հաշմանդամության գնահատման հիմքում կդրվի ոչ միայն առողջական խնդիրների գործոնն, այլև՝ անձի հասարարական կյանքի գործունեության ու մասնակցության միջավայրային գործոնները։

Անձի ֆունկցիոնալության գնահատման մոդելը կնպաստի օբյեկտիվ որոշումների կայացմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, անձի կարիքների բազմակողմանի գնահատման հիման վրա հասցեական ծառայությունների մատուցմանը:

Ներկաները նաև հարցեր են հնչեցրել, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ:

Նիստի շրջանակներում քննարկվել են նաև օրակարգային այլ հարցեր:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն