Արցախում փոքր ՀԷԿ–ներն ավելի շատ հոսանք են արտադրում, քան Սարսանգի ՀԷԿ–ը
Արդեն 4 ամիս Ադրբեջանը թույլ չի տալիս վերացնել Աղավնո-Բերձոր հատվածում Հայաստանից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի վթարը: Արցախը գոյատևում է էներգետիկ ներքին ռեսուրսների հաշվին։ Խնդիրներն ավելի են սրվում Հայաստանից Արցախ մտնող գազատարի խափանմամբ․ արդեն շուրջ երկու ամիս Արցախը նաև գազ չունի: Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ-ն էներգետիկ ճգնաժամը մեղմելու միակ հնարավորությունն է, բայց ձմռանն էլեկտրաէներգիա ստանալու համար աննախադեպ մեծ քանակի ջուր է բաց թողնվել ջրամբարից․ այն այսօր կրիտիկական նվազագույն մակարդակում է։
Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը Սարսանգի ջրամբարի երկու լուսանկար է հրապարակել, որոնցից առաջինում ջրամբարը մինչև շրջափակումն է, երկրորդում՝ այսօր․ Սարսանգը գրեթե դատարկ է։ Ջրամբարի ՀԷԿ–ի արտադրած հոսանքի հաշվին է բավարարվում Արցախի էլեկտրաէներգիայի պահանջարկը։ Արցախի ջրային կոմիտեի նախագահ Արարատ Խաչատրյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ընդգծում է՝ նախորդ 28 տարիներին ջրամբարում ջրի ծավալը երբեք այսքան քիչ չի եղել։ Ջրամբարի հաշվեկշիռը բացասական է։
«Այսօրվա դրությամբ վայրկյանում 11 մլն խորանարդ մետր ջուր մտնում է, 14 մլն–ը՝ դուրս գալիս։ Խնդիրն այն է , որ էլեկտրաէներգիա քիչ է արտադրվում»։
Արցախում հունվարի 9–ից հոսանք ստանում են սեփական ռեսուրսների հաշվին, քանի որ արդեն չորս ամիս վթարված է Հայաստանից Արցախ գնացող միակ բարձրավոլտ էլեկտրագիծը: Ադրբեջանը թույլ չի տալիս վերացնել վթարը։ Արցախում փորձում են հնարավորինս քիչ հոսանք օգտագործել։ Արցախ ՀԷԿ–ի գլխավոր ինժեներ Արմեն Գասպարյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում նշում է, որ այս պահին Արցախում գործող փոքր ՀԷԿ–երն ավելի շատ հոսանք են արտադրում, քան Սարսանգի ՀԷԿ–ը։ Ցանցն անկայուն է աշխատում՝ ասում է զրուցակիցս
«Մենք Սարսանգ ՀԷԿ–ով արտաքին ցանցի դեր ենք կատարում, կարգավորում ենք և’ լարումը, և’ հաճախականությունը։ Մեկ ամիս առաջ փոքր ՀԷԿ–երի հզորությունը ցածր էր, ջուր չկար գետերում, ամբողջ ծանրությունը Սարսանգ ՀԷԿ–ի վրա էր։ Այժմ ջրի հոսքն ավելացել է, փոքր ՀԷԿ–երն ավելի շատ են հոսանք արտադրում, քան մենք»։
Եթե էլեկտրագիծը վերանորոգվի, գազամատակարարումը վերականգվի ու տեղումներն էլ փոքր–ինչ ավելանան, ապա ամառվա ընթացքում հնարավոր կլինի գոնե կիսով չափով լցնել ջրամբարը։ Գյուղատնտեսական աշխատանքների սկսվելուց հետո հոսանքի հարցը սրվել է․Արցախի հողատարածքների 60 տոկոսը մեխանիկական եղանակով է ոռոգվում՝ պոմպերի միջոցով, որոնք նույնպես հոսանքով են աշխատում։ Այս պահին տարածքներ չկան, որ ջրի խնդիր չունենան՝ ասում է Արցախի ջրային կոմիտեի նախագահը։
«Հիմնականում պետությունն իր հնարավորության սահմաններում փորձում է մարդկանց ջրով բավարարել՝ մեխանիկական եղանակով կամ ինքնահոս եղանակով։ Մեր հնարավորության սահմաններում, իհարկե։ Կան վայրեր, որ նոր ջրհորներ պետք է հորատենք, բայց սա ժամանակի հարց է»։
Հույս կար, որ գարնանային տեղումները կբարձրացնեն ջրամբարի մակարդակը, սակայն ապրիլը սակավաջուր էր․ անցյալ տարվա համեմատ տեղումների քանակը մի քանի անգամ պակասել է։ Սա ոչ միայն ոռոգման, այլ նաև խմելու ջրի խնդիր է առաջացրել Արցախում։ Չորացել են անգամ աղբյուրները։ Սարերում կուտակված ջուրն էլ չկա՝ ընդգծում է Արարատ Խաչատրյանը․
«Տեղումների քանակը երկու անգամ նվազել է։ Ջրի օգտագործումն ավելացել է, գետեր կան, աղբյուրներ ու առուներ կան, որոնք ցամաքել են»։
Սարսանգի ջրամբարի ջուրն Արցախում ոռոգման նպատակով չեն օգտագործում։ Փոխարենն այդ նպատակով ամռան ամիսներին այն օգտագործում են հարակից ադրբեջանական գյուղերում։ Այնպես որ, Ադրբեջանի ստեղծած վիճակից վաղը տուժելու են այդ երկրի գյուղացիները, քանի որ ջրամբարից ոռոգման սեզոնին բաց թողնելու ջուր չի մնացել: