Շրջափակված, բայց հաղթանակի սպասումով․ Մայիսի 9-ը Արցախում
Շուշիի ազատագրման օրը՝ շրջափակված Արցախում։ Զգացողությունները նույնն են՝ այն գիտակցումով, որ Շուշիի ազատագրման հաղթանակը ոչ մի թշնամի չի կարող խլել։ Լավատեսությունը իրական հիմք ունի՝ 1992 թ մայիսյան առաջին օրերին վիճակը նույնպես ծանր էր, բայց «Հարսանիք լեռներում» օպերացիան տեղի ունեցավ։
Պարտված, շրջափակված, բայց հաղթանակի պատրաստ՝ հայրենիքում արժանապատիվ ապրելու համար։ Շրջափակված Արցախում Մայիսի 9-ը շնորհավորանքով են սկսում, վստահությամբ, որ Շուշիի հաղթանակի օրը որևէ մեկը, ոչ մի թշնամի, չի կարող խլել։
Ստեփանակերտի բնակիչ Նարինե Կարապետյան․
«Ունենք շրջափակված Արցախ, որը տոնում է իր հաղթանակը։ Արցախում հաղթանակը չեն մոռացել, այն մեզ մեծ ուժ ու վստահության հավատ է տալիս՝ ամեն ինչ հաղթահարելի է։ Մենք պետք է հաղթահարենք։ 1992 թ Շուշիի ազատագրումը մենք նույնպես համարում էինք հրաշքի պես բան, քանի որ վիճակը ահավոր ծանր էր։ Ստեփանակերտի նկուղներում մարդիկ այլ ելք չունեին։ Մեզ կարող էր միայն հաղթանակը փրկել, ու մարդիկ այն ձեռք բերեցին»։
Արցախի փողոցներում եռագույն դրոշներ են, մարդկանց մոտ տոնի, հաղթանակի, բայց նաև՝ պարտության զգացողություն կա, ասում Նարինեն․
«Այսօր բոլորս իրար շնորհավորում ենք, ճիշտ է գլխիկոր՝ հասկանալով, թե ինչ է տեղի ունեցել, բայց հավատով ու հպարտությամբ»։
Կարինե Հայրապետյանի մոտ այս օրվա ընկալումը նույնն է՝ ինչ 2019թ մայիսի 9–ին։ Արցախցին չի փոխվել, օրվա խորհուրդը նույնն է, պարզապես այս անգամ շրջափակված են․
«Ամեն ինչ վերջացած չէ, մենք դեռ Շուշիում քառատոն տոնելու ենք։ Հույսս չեմ կորցնում՝ հաղթանակը մերն է լինելու»։
Զրուցակցիս լավատեսությունը հիմք ունի՝ մինչև 1992-ի նույն օրերը դժվար էր պատկերացնել «Հարսանիք լեռներում» օպերացիայի մասին։ Բայց ունեցանք։ Թե Նարինե Կարապետյանի, թե Կարինե Հայրապետյանի ընտանիքների անդամները մեծ ներդրում են ունեցել Շուշիի ազատագրման գործում․
«Հայրս նույնպես մասնակցել է «Հարսանիք լեռներում» օպերացիային։ Առաջին կարգի հաշմանդամ էր, ցավոք, այժմ մեզ հետ չէ։ Ես հպարտ եմ, որ իր աղջիկն եմ, ու այդ զգացողությունը նաև ինձ է փոխանցվել։ Ես հավատում եմ, որ նորից Շուշիում, Հադրութում լինելու ենք»։
Նարինե Կարապետյանը հիշում է իր առաջին հանդիպումը Շուշիի հետ։ Պատերազմից հետո էր․
«Առաջին անգամ Շուշին տեսա 1993 թվականին։ Գնացինք Ջրդրդուզ։ Վառ մանկական սիրուն պատկերներով եմ հիշում Շուշին։ Խոնավ՝ իր մշուշի մեջ»։
Արցախի ու ընդհնարապես հայ ժողովրդի փրկությունը ուժի մեջ է, իսկ ուժը՝ կամքի, իմաստնության, հետևողականության, համարձակության ու գաղափարականության՝ Հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ իր ուղերձում Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն է գրառում կատարել՝ շնորհավորելով Մայիսյան եռատոնը։ Արդի մարտահրավերներին համապատասխան սեփական բանակն այլընտրանք չունի՝ որպես մեր անվտանգության գլխավոր երաշխիք»,-գրել է Բեգլարյանը:
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը համոզված է՝ թեև հուսահատ ու ապագայի հանդեպ անորոշ տրամադրությամբ դիմավորած, բայց եռատոնը միշտ լինելու է ոգեշնչման աղբյուր և հաղթանակների վերածննդի ուղենիշ: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն էլ վստահություն է հայտնել, որ Արցախը եղել է, կա ու պետք է լինի հայկական։