Հայկական ու հայալեզու ․հայ դոմենը 7 տարեկան է։ Գոյության 7 տարիներին 1000 կայքի անուն է հայկականացրել։ Որքան շատ մարդ է «տեղափոխվում» համացանցային աշխարհ, այնքան մեծանում է այդ տարածքում ինքնությունը պահպանելու խնդիրը․ հայալեզու բովանդակությունը խթանելը դա անելու տարբերակներից է։ Հայատառ դոմենը ևս մեկ խնդրի լուծման ճանապարհ է։

«Բոլոր այն ազգերը, որոնք ունեն իրենց այբուբենը, փորձում են համացանցում լինել ավելի ներգրավված, որովհետև, բոլորս գիտենք, համացանցը գործում է  լատինատառ, բայց ազգային այբուբենի գործածումը ավելի նպատակահարմար է դառնում այն օգտատերերի համար, որոնք անգլերենի վատ կամ քիչ իմացության պատճառով կնախընտրեն օգտագործել իրենց ազգային լեզուն»,- մանրամասնում է «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի անդամ Քրիստինա Հակոբյանը։

Սա ոչ միայն էսթետիկ տեսանկյունից՝ աչք, ազգային տեսանկյունից՝ էգո շոյող երևույթ է, այլև խիստ կիրառական նշանակություն ունի։ «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի անդամ, տեխնիկական խմբի համակարգող Արամ Վերդյանն օրինակով է բացատրում՝ ինչպես կհեշտանա մարդու կյանքը, եթե կայքը հայատառ անուն ևս ունենան․

«Օրինակ՝ դուք ունեք ռադիոկայան, ասենք՝  Ճշմարտություն ռադիո FM,  և հեռարձակվում եք միայն հայերենով և միայն Հայաստանի տարածքով։ Հիմա եթե դուք եթերով ասեք՝ այցելեք մեր կայքը՝ ճշմարտություն․հայ, հայատառ, բոլորը կիմանան՝ ոնց գրեն, կամ մեյլ ուղարկեք ղազարոսխաչատրյան@ճշմարտություն․հայ հասցեին։ Իսկ եթե դուք չունեք հայատառ դոմեն, անձամբ ես չգիտեմ՝ ո՞նց պետք է լատիներեն գրեմ «ճշմարտություն» բառը։ Ստիպված պիտի թարգմանեմ անգլերեն, դա էլ պարզ չէ՝ ունկնդիրները կիամա՞ն, թե ոնց գրել անգլերենով»։

Համացանցում ազգային լեզուն լատինատառի միջոցով մեռած լեզու չդարձնելու համար միայն Հայաստանը չէ, որ պայքարում է։ Մեծ ու ակտիվ շարժումը համաշխարհային տարածում ունի։ Քրիստինա Հակոբյանը խոսքով՝ խնդիրներն առաջանում ու հընթացս լուծվում են․

«Հիմա մի հարց ունենք, որ ընթացքի մեջ է․ հայատառ կետը դեռ որոշ օպերացիոն համակարգերում չի ընդունվում, մենք աշխատում ենք ԲՏԱ նախարարության հետ, նամակ պետք է պատրաստենք, ուղարկենք Google-ի և Microsoft-ի գրասենյակներ, որ լուծումը լինի հետևյալը՝ հայատառ կետը լինի ընդունելի բոլոր համակարգերի կողմից»։

«Խոսքը միայն Windows ստանդարտ ստեղնաշարի մասին է, որտեղ կետը մեր հայատառի ժամանակ որպես միջակետ է։ Այսինքն՝ պիտի փոխենք անգլերենի, կետը դնենք, փոխենք հայերենի, շարունակենք։ Մնացած  համակարգերը հասկանում են որպես նորմալ կետ»,- մանրամասնում է Արամ Վերդյանը։

Տեխնիկական խմբի համակարգողն ասում է՝ դոմենի հետ կապված հնարավոր խնդիրները գրեթե ամբողջությամբ լուծված են։ Հայատառ էլեկտրոնային հասցեները հասկանալիս համաշխարհային սարդոստայնը դեռ մի փոքր թերանում է։ Սակայն մասնագետները վստահեցնում են՝ հայատառ փոստը շուտով բոլորին հասկանալի կդառնա։

Սրա արդյունքում նաև գրանցված 1000 հայատառ դոմենները կավելանան։

«Պետական հիմնարկներին մենք տրամադրում ենք նաև անվճար դոմենային անուները, մեր քաղաքականության մեջ դա ամրագրված է, որ պետական մարմինները, ՏԻՄ-երը կարող են դիմել մեզ ու ստանալ անվճար դոմենային աննուները։ Մենք այս տարի նախատեսում ենք հենց էս միջոցառման շրջանակում 50 դոմենային անուն տրամադրել նաև կրթության և մշակույթի ոլորտում աշխատող սուբյեկտներին»,- ասում է Քրիստինա Հակոբյանը։

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն հայատառ համացանցի կարևորությունը հասարակությանը ներկայացնելու համար բազմաթիվ միջոցառումներ է կազմակերպում։ Առաջիկայում կազմակերպվելու է անիմացիոն հոլովակների մրցույթ 10-16 տարեկան երեխաների համար։ Մրցույթի մանրամասները շուտով կներկայացնեն, այժմ նշում են՝ խումբը թիրախային է․ համացանցի ապագա բնակիչները պետք է դետալային պատկերացում ունենան, թե ինչու է անհրաժեշտ նաև վիրտուալ իրականությունում հայերեն խոսել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն