Գեղարքունիքի պարեկային կազմում հոկտեմբերին ջրային ստորաբաժանում կստեղծվի: Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով  «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենսդրական փաթեթով օրենսդրական նախադրյալներ են ստեղծվում՝ ունենալու Գեղարքունիքի պարեկային կազմում ջրային մասնագիտացված ստորաբաժանում, որը կկարողանա Սևանա լճի մակերևույթին և առափնյա հատվածներում իրականացնել նոր, ավելի բարձր պատրաստվածություն ենթադրող ծառայություն:

«Մարդը կարող է հարբած մոտորանավակ վարել, հասարակական կարգ խախտել: Այս դեպքում Սևանա լճի հատվածում հանգիստը վերածվում է անհանգստության: Եվ, ըստ այդմ, մեր ջրային պարեկներն այս իրավիճակներում կկարողանան միջամտել այդ դեպքերին: Եվ եթե լինեն նավավարման իրավունք ունեցող անձինք, որոնք տվյալ լողամիջոցը կվարեն ոչ սթափ, ոստիկանությունը կկարողանա մեկուսացնել տվյալ անձին և նավը տեղափոխել հատուկ պահպանվող տարածք»,- ասաց Արփինե Սարգսյանը և միաժամանակ ընդգծեց, որ միշտ չէ, որ կարելի է միջամտել զբոսաշրջիկների կյանքին:

Ըստ նախագծի՝ Սևանա լճի տարածքը կսպասարկեն 4 հենակետեր: Նախատեսվում է, որ օգոստոսին Հայաստանը կունենա անհրաժեշտ տեխնիկան: Ակնկալվում է, որ ջրային ծառայությունն ունենա փակ տանիքով նավեր, որը հնարավորություն  կտա աշխատել նաև ձմռանը և կանխել նաև ձկնագողության դեպքերը: 

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց, որ ծառայությունն այն մասին է, որ հանգստացողները կարգուկանոնով հանգստանան՝ չխանգարելով մյուսներին:

«Ափամերձ տնտեսվարողները թող հիմիկվանից պատրաստվեն, որ եթե խախտումներ են անում, պիտի իրենց խախտումների համար պատասխան տան»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Հանձնաժողովի նիստին նախագծերի փաթեթը դրական եզրակացություն ստացավ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն