Մոդուլային ռեակտորները չեն կարող այլընտրանք լինել ՀԱԷԿ-ին․ էներգետիկ անվտանգության փորձագետ
Միացյալ Նահանգները դիտարկում է ՀՀ–ում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը․ ԱՄՆ կառավարության՝ Եվրոպայի և Եվրասիայի աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգինի այս հայտարարությունը բազմաթիվ հարցեր առաջացրեց՝ քաղաքականից մինչև տնտեսական, էներգետիկ ու անվտանգային։ Մասնագետները դեմ չեն մոդուլային ռեկտորների կառուցմանը մեր երկրում, սակայն ասում են, որ Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունները հստակեցնելու պարագայում ակնհայտ կդառնա, որ փոքր մոդուլային կայանները, որոնք ԱՄՆ-ը մտադիր է կառուցել Հայաստանում, չեն կարող այլընտրանք լինել Հայկական ԱԷԿ-ին։
Ամերիկացի պաշտոնյայի հայտարարության մեջ ընդգծվում է, որ մոդուլային ռեակտորները կարող են ավելի մեծ էներգետիկ անկախության ապահովել Հայաստանի համար ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Չինաստանից։ Որքանո՞վ են ավելի արդյունավետ մոդուլային ռեակտորները Մեծամորի ատոմակայանից և ի՞նչ լուծումներ են առաջարկում մասնագետները ՀԱԷԿ-ի գործարկման ժամկետը 2036 թվականին լրանալուց հետո։
Էներգետիկ անվտանգության մասնագետ Արթուր Ավետիսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հստակենում է, որ չի կարելի փոքր մոդուլային ռեակտորները որպես ատոմակայանի այլընտրանք դիտարկել։ Հայկական ատոմակայանը թե՛ հզորությամբ, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և, ամենակարևորը՝ անվտանգության տեսանկյունից անհամեմատելի է փոքր միջուկային ռեակտորների հետ։ Սակայն դա չի նշանակում, որ փոքր ռեակտորներ պետք չեն Հայաստանին։ Ատոմային էներգետիկան՝ քաղաքականության կարևոր բաղադրիչ է, ըստ մասնագետի, սակայն, նախ պետք է հասկանալ, թե որոնք են Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունները այդ ոլորտում․
«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության, էներգետիկ անվտանգության համար կարևոր է, որ ունենանք, նոր կառուցենք, ավելի հզոր ատոմային կայան։ Մոդուլային ռեակտորները առավելագույնը կարող են ունենալ 300 մգվտ հզորություն, համեմատության համար ասեմ, որ ներկայում գործող մեր ԱԷԿ-2 ՝ 408 մգվտ հզորություն ունի։
Հաշվի առնելով Հայաստանում աճող էլեկտրաէներգիայի պահանջարկը, նաև Հյուսիս-Հարավ նոր էներգետիկական միջանցքին միանալու, ինչպես նաև Սև ծովի հատակով ԵՄ երկրներ էլէներգիայի մատակարարմանը միանալու հնարավորությունը, մոդուլային ռեակտորները որևէ այլընտրանք չեն կարող լինել»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով ամերիկյան կողմի հայտարարությանը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշել էր, որ առաջիկայում Հայաստանից պատվիրակություն կմեկնի Միացյալ Նահանգներ՝ տեղում ավելի մանրամասն ծանոթանալու մոդուլային ատոմակայանների հնարավորություններին․
«Մեր ծրագրում կա Հայաստանի միջուկային կարողությունները զարգացնելու ծրագիր։ Ցավոք, մեր գործող ատոմակայանն ունի մի վերջնաժամկետ, որից հետո այն չենք կարող շահագործել։ Եվ հիմա մենք մի քանի գործընկերների հետ շատ ակտիվ բանակցում ենք նոր ատոմակայան կառուցելու հարցում։ Այդ բանակցությունները վարվում են ՌԴ հետ, ԱՄՆ հետ, նաև երրորդ երկրների հետ։ Եվ մենք հիմա դիտարկում ենք, թե այդ տարբերակներից որն է տնտեսապես մեզ ավելի շահավետ։ Այդտեղ կա ներդրման չափ և այլն։ Մեր էներգետիկայի մասնագետները շատ խորը վերլուծություններ են անում, թե որ հզորությունն է, որը մեզ անհրաժեշտ է»։
Աշխարհը հիմա գնում է մոդուլային ատոմակայանների կառուցմանը, ասում է ԵՊՀ միջուկային ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ Սուրեն Բզնունին, քանի որ դրանք չափերով փոքր են, կառուցվում են առանձին մոդուլներով՝ ըստ երկրի էներգետիկ պահանջների․
«Դրանք կառուցվում են մեծ երկրների ենթակառուցվածքներ չունեցող հեռավոր երկրամասերում, օրինակ՝ Սիբիրում, որտեղ հնարավոր չէ հազարավոր կիլոմետրերով էլեկտրահաղորդման լարեր անցկացնել։ Կառուցվում են նաև փոքր երկրներում, որտեղ ցանցը փոքր է, փոքր ռեակտորի կարիք կա»։
Փոքր մոդուլային ռեակտորներ սովորաբար կառուցվում են այնպիսի փոքր երկրներում, որտեղ կամ ԱԷԿ կառուցելու համար տարածք չկա, կամ էլ այն երկրներում, որտեղ լրացուցիչ հզորություններ են հարկավոր գործող ԱԷԿ-ին զուգահեռ՝ իր հերթին շեշտում է Էներգետիկ անվտանգության մասնագետ Արթուր Ավետիսյանը։ Վերջին տարբերակի տրամաբանությամբ, օրինակ, Սյունիքի պղնձամոլիբդենային կոմբինատի համար իդեալական տարբերակ կարող է լինել փոքր մոդուլային ռեակտորը։ Իսկ տարածքի առումով՝ Մեծամորը լիովին բավարարում է նոր ԱԷԿ կառուցելու պահանջարկը․
«Ներկայիս Մեծամորի հարթակը մեզ հնարավորություն է տալիս, նոր մեծ, հզոր մինչև 1300 մգվտ հզորությամբ, այսինքն գործողից երեք անգամ ավելի հզոր ԱԷԿ կառուցել։ Այսինքն, եթե մենք սա դիտարկում ենք որպես այլընտրանք հզոր ատոմակայանի, սխալ է, և չի կարելի նման դիտարկում անել, բայց եթե մենք մոդուլայինը դիտարկում ենք գործողին զուգահեռ հավելյալ տարբերակ , իհարկե շատ լավ կլինի, այսինքն, մեզ մոտ կլինի և՛ ռուսական տեխնոլոգիան, և՛ ամերիկյանը։ Ես ոչ թե խնդիրը դնում եմ, որ ԱՄՆ-ինը լավը չէ, Ռուսականն է լավը, կամ հակառակը, այլ ինձ անհանգստացնում է, որ մենք չզրկվենք հզոր ատոմակայանի հնարավորությունից։ Իսկ ես կարծում եմ, որ մենք շատ մոտ ենք նոր ատոմակայանի նախագծի մեկնարկին, եթե սխալ քաղաքական քայլեր չարվեն»։
Ժամանակին նաև ռուսական կողմն է առաջարկել փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցել Հայաստանում, սակայն մասնագետները ուսումնասիրություններ են կատարել ու հուշել կառավարությանը, որ պետք է հրաժարվել ԱԷԿ-ի փոխարեն փոքր մոդուլային ռեակտորներից, քանի որ Հայաստանին հզոր ատոմակայան է հարկավոր։
Չփորձել հաճոյանալ ԱՄՆ-ին կամ Ռուսաստանին, այլ հասկանալ, որ ԱԷԿ-ը ազգային անվտանգության հարց է Հայաստանի Հանրապետության համար, հստակեցնում է Արթուր Ավետիսյանը․
«Ոչ մի պետություն, այդ թվում և խելագար Ադրբեջանը պատրաստ չեն հարվածել Հայաստանին։ Մեծամորի ատոմակայանը վահան է մեզ համար։ Դրա համար Թուրքիան ու Ադրբեջանը հսկայական գումարներ են ծախսում, որ Հայաստանի ԱԷԿ-ը փակվի ավելի շուտ, քան նախանշված է, որովհետև, եթե ավելի շուտ փակվի, մենք նոր ատոմակայանի կառուցման հարցում խնդիր կունենանք»։
Մասնագետը նաև հուշում է, որ նոր ատոմակայանները, որ կառուցվում են Իրանում, Թուրքիայում, Ռուսաստանում, 60+ 40 տարվա գործարկման հնարավորություն ունեն՝ գրեթե մեկ դար, իսկ մոդուլային ռեակտորները 30-40 տարվա կյանք ունեն։
Մեծամորի ատոմակայնի գործարկման ժամկետը լրանում է 2036 թվականին։ Արթուր Ավետիսյանը գտնում է, որ նոր ատոմակայան կառուցելը ճիշտ է, և սխալ են այն պնդումները, որ այն կարժենա 7 մլրդ դոլար։ Դա, ըստ մասնագետի, այդպես կլինի, եթե կառուցվի կանադական կամ եվրոպական տարբերակով , սակայն ռուսական տարբերակի դեպքում արժեքը կրկնակի քիչ կլինի։
Բացի այդ, մասնագետը հուշում է, որ 10 տարի հետո կանաչ էներգետիկա ունենալու տրամաբանության շրջանակներում, Եվրահանձնաժողովի փետրվարի 9–ի որոշմամբ, ատոմային էներգետիկան համարվելու է կանաչ էներգետիկայի տեսակ։