Արդեն մի քանի օր է՝ Ադրբեջանն արգելափակել է դեպի Արցախ բոլոր տեսակի հումանիտար փոխադրումները, որոնք շրջափակման ընթացքում իրականացվում էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուսական խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ։ Հումանիտար բեռների փոխադրման արգելափակումն ավելի է խորացնում Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Պետական համակարգն ամբողջապես խնայողության ռեժիմի է անցել։ Կասեցվել է ֆիզիկական անձանց արդեն տրամադրված կտրոններով վառելիքի հատկացումը։ Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում նրանք պետք է դիմեն ԱՀ կառավարության վերահսկողական ծառայությանը։ 

Հունիսի 15-ի առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ռազմական սադրանքից հետո Ադրբեջանը 2023 թվականի ապրիլի 23-ից ապօրինի տեղադրված անցակետում երկու ուղղություններով արգելափակել է բոլոր տեսակի՝ այդ թվում մարդկանց և բեռների հումանիտար փոխադրումները: Դեպի Արցախ հումանիտար բեռների փոխադրման արգելափակումը ավելի է խորացնում շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ ահազանգում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը․

«Վեց ամիս շարունակվող շրջափակման հետևանքով ստեղծված պարենային, առանց այն էլ սուղ իրավիճակը, հումանիտար փոխադրումների արգելափակման հետևանքով գոյաբանական սպառնալիքներ է ստեղծում Արցախի 120 000 բնակչության, այդ թվում՝ 30 000 երեխաների, 20 000 տարեց և 9000 հաշմանդամություն ունեցող անձանց համար»։ 

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ Արցախի պետական համակարգն ամբողջապես անցել է խնայողության ռեժիմի․

 «Դադարեցված են ինչպես ռուսական խաղաղապահ ուժերի կողմից իրականացվող հումանիտար բեռնափոխադրումները, այնպես էլ հիվանդներին պատշաճ բուժօգնություն ապահովելու նպատակով Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջոցով նրանց ՀՀ տեղափոխելու գործընթացը։ Այս հանգամանքը հաշվի առնելով, պետական համակարգը ամբողջապես անց է կացվել խնայողության ռեժիմի, հանրային սպասարկումն ապահովող ծառայություններին տրվել են համապատասխան հանձնարարություններ, կիրառվում են սահմանափակումներ»։

Արցախի պետնախարարի խոսքով՝ իրավիճակի կտրուկ փոփոխությունը նկատի ունենալով, գործող մոտեցումներում արագորեն կատարել են որոշակի վերանայումներ։ Մասնավորապես, պետնախարարը խնդրել է պետական կառավարման համակարգի ղեկավար կազմին՝ վառելիքի և նմանօրինակ այլ հարցերում դիմել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, դադարեցնել կամ նվազագույնի հասցնել ծառայողական մեքենաների օգտագործումը․

 «Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները կապահովվեն անհրաժեշտ պայմաններով՝ բնակչությանը սննդի, հացի մատակարարման գործընթացը կազմակերպելու համար։ Առողջապահության նախարարությանը կապահովենք անհետաձգելի բուժօգնությունը կազմակերպելու համար անհրաժեշտ պայմաններով»։ 

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի փոխանցմամբ՝ միջանցքի ամբողջական արգելափակման հետևանքով չի իրականացվել 102 բուժառուների և նրանց ուղեկցող անձանց նախապես պլանավորված տեղափոխությունը Արցախից ՀՀ և հակառակ ուղղությամբ։ Ամբողջությամբ դադարեցվել են նաև անհրաժեշտ դեղորայքի մատակարարումները՝ լրջագույն խնդիրներ հարուցելով քաղաքացիների և Արցախի բուժհաստատությունների համար․

«Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական շրջափակումը, հումանիտար փոխադրումների արգելափակումը, կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն գործունեության դիտավորյալ և տևական խափանումը ցուցիչ է այն բանի, որ անգամ հումանիտար բնույթի հարցերը Ադրբեջանի կողմից օգտագործվում են Արցախի ժողովրդի նկատմամբ ճնշումներ գործադրելու, ահաբեկելու, տարբեր պահանջներ առաջ մղելու համար»։

Հումանիտար բնույթի հարցերն Ադրբեջանն օգտագործում է որպես գործիք՝ Արցախի ժողովրդի նկատմամբ վարվող էթնիկ ատելության և էթնիկ զտման քաղաքականությունն առաջ մղելու համար՝ ֆեյսբուքում եռալեզու գրառմամբ ահազանգում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտնել է, որ փորձելու են առավելագույն չափով օժանդակել գյուղատնտեսական աշխատանքներին։ Այս պահին Արցախում դադարեցված է ֆիզիկական անձանց վառելիք տրամադրելու գործընթացը։ Պետնախարարը խնդրում է՝ ըմբռնումով մոտենալ, նշում է նաև, որ հասարակական տրանսպորտը կշարունակի գործել, միջշրջանային երթեր նույնպես կկազմակերպվեն․

 «Տնտեսվարող սուբյեկտներին հորդորում եմ պատասխանատվորեն վերաբերվել խանութներում մնացորդ-ապրանքների իրացումն իրականացնելիս և այն կազմակերպեք ունեցած հնարավորությունների գնահատման ու հավասարաչափ բաշխման սկզբունքով։ Ես այս ամենը չեմ ներկայացնում խուճապի մատնվելու համար. հատկապես վերջին շրջանում մենք համբերատար պատրաստվել ենք այսպիսի իրավիճակների, մեր գյուղացիական տնտեսությունները ունակ են որոշակիորեն մեղմելու ստեղծված խնդիրները և ապահովելու ինքնաբավության թեկուզ նվազ հնարավորություն, բայց, բոլոր դեպքերում, պետք է լինել կազմակերպված, հավասարակշռված և զգոն։ Իրավիճակի հետագա զարգացումների և փոփոխությունների մասին կտրամադրեմ հավելյալ տեղեկություններ»։     

Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույց է հրապարակել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Պաշտպանն անդրադարձել է միջանցքի արգելափակման և անցակետի տեղադրման հետևանքով առաջացած մարդու իրավունքների խախտումներին, ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների, հանրային և քաղաքական գործիչների կողմից հնչեցված` հայատյաց արտահայտություններ, ատելության խոսք, ուժի կիրառման սպառնալիք պարունակող հայտարարություններին, ինչպես նաև անցակետի տեղադրմանն ադրբեջանական հասարակության արձագանքին․

«Լաչինի միջանցքի շրջափակումից ի վեր ադրբեջանական պաշտոնյաների հայտատարությունները վկայում են, որ ինչպես այսպես կոչված «էկո-ակտիվիստների» ցույցերը, այնպես էլ անցակետի տեղադրումը, հետապնդում են արցախահայությանը կենսական անհրաժեշտության ապրանքներից և ծառայություններից զրկելու նպատակ՝ ստեղծելով հումանիտար ճգնաժամ և հարկադրելով անձանց լքել իրենց տները»։

Արցախահայության իրավունքների խախտումների վերաբերյալ օմբուդսմենի արտահերթ զեկույցը հրատապ ուղարկվելու է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին, պետական իրավասու գերատեսչություններին։

Առայժմ Ֆրանսիայի արտգործնախարարությունն է վերահաստատել իր աջակցությունը Արցախն աշխարհին կապող միջանցքում երթևեկությունը վերականգնելուն և Արդարադատության միջազգային դատարանի` 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման լիարժեք իրականացմանը։ Ֆրանսիայի արտգործնախարարությունն այդ մասին նշել է հայ–ադրբեջանական վերջին սահմանային միջադեպերի, այդ թվում՝ Երասխում քաղաքացիական անձնակազմի վրա կրակոցների կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ, որում կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, թուլացնել լարվածությունը և պաշտպանել քաղաքացիական բնակչությանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն