Արցախում ահագնանում է հումանիտար ճգնաժամը, իսկ միջազգային հարթակներում դեռ լսում են Բաքվի հորինվածքները
Արցախը արագորեն գլորվում է անվտանգային ու հումանիտար աղետի անդունդը ահազանգում են Ստեփանակերտից, Բաքուն, սակայն, միջազգային հանրությանը, այդ թվում՝ ԵԽԽՎ պատվիրակներին, շարունակում է մոլորեցնել ապատեղեկատվությամբ։ Իր իսկ սադրանքներն ու ռազմական գործողությունները Ադրբեջանը վերագրում է հայկական կողմին։
«Բոլոր պետությունները պետք է իրենց բաժին պատասխանատվությունը ստանձնեն ու կանխեն վերահաս ողբերգությունը»,– Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ահազանգում է Արցախում օր օրի ահագնացող հումանիտար ճգնաժամի խորացման մասին։
Արցախը շրջափակման մեջ է արդեն 191 օր և այս ընթացքում մարդկանց ու հումանիտար բեռների խիստ սահմանափակ տեղաշարժը կազմակերպվել է բացառապես Կարմիր խաչի ու խաղաղապահների միջոցով:
Բայց արդեն 6 օր է Արցախի 120 000 բնակչությունը գտնվում է ամբողջական մեկուսացման ու պաշարման մեջ, առանց որևէ մատակարարման ու տեղաշարժի, նույնիսկ Կարմիր խաչի ու խաղաղապահների կողմից՝ Ֆեյսբուքում գրել է Արտակ Բեգլարյանը:
Նա կից հրապարակել է լուսանկարներ, որոնք հստակ ցույց են տալիս, թե ինչպես են վերջին օրերին ադրբեջանական զրահամեքենաները փակել Արցախ-Հայաստան միակ ճանապարհը իրենց ապօրինի անցակետի մոտ:
Սա՞ է «ազատ տեղաշարժի» իրենց երաշխիքը, որ այդքան խաբում են աշխարհին, թե իբր շրջափակում չկա, հարցնում է Արցախի պետնախարարի խորհրդականը, նշելով՝ «Արցախը արագորեն գլորվում է անվտանգային ու հումանիտար աղետի անդունդը, և բոլոր պետությունները պետք է իրենց բաժին պատասխանատվությունը ստանձնեն ու կանխեն վերահաս ողբերգությունը՝ ոչ թե մեկը մյուսի վրա գցի պատասխանատվությունը»:
Արտակ Բեգլարյանը գրում է, որ ակնկալում են ամենահրատապ ու գործնական քայլերը Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Եվրամիությունից, ՄԱԿ-ից և մնացած բոլոր դերակատարներից, իսկ աշխարհասփյուռ հայությունից՝ մեծ ճնշում բոլորի հանդեպ։
Ստեղծված իրավիճակին անդրադարձել է նաև Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հարցազրույց է տվել Հայաստանի հանրային հեռուստատեսությանը: Այն դեռ չի հրապարակվել, սակայն Արցախի պետնախարարը տեղեկացնում է, որ կրկին վերահստատել է, որ համակարծիք չէ այն մարդկանց կամ իշխանությունների կամ միջազգային դերակատարների հետ, որոնք, խոսելով Արցախի ժողովրդի իրավունքների մասին, նկատի չունեն նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը.
«Միջազգային արդի հարաբերություններում վայրենություն ու ահաբեկչություն պիտի գնահատվի այն դեպքը, երբ սովի են մատնում 120 հազար մարդու, խոշտանգում նրանց, որից հետո ասում՝ եթե չեք ուզում սոված մնալ, խոշտանգվել, եկեք բանակցությունների: Արցախի իշխանությունները դեմ չեն Արցախ-Ադրբեջան շփումներին, սակայն բանակցության ընթացքում կողմերի իրավունքների՝ միջազգային նորմերին համահունչ իրացնելու հնարավորությունը պետք է լինի միջազգային մեխանիզմներով երաշխավորված ու պաշտպանված: Այդ երաշխիքները, սակայն, պետք է լինեն համոզիչ ու վստահելի»:
Արցախի պետնախարարը շեշտել է, որ ավելի քան վեց ամիս արցախցիների նկատմամբ Ադրբեջանը կիրառում է ուժ կամ ցուցաբերում է ուժի կիրառման սպառնալիք, արցախցիները զրկված են գազամատակարարումից, էներգամատակարարումից, պատշաճ բժշկական օգնությունից, բավարար սննդից, տարեցները, հղիները, երեխաները և նորածինները զրկված են խնամքի անհրաժեշտ պարագաներ ու դեղորայք ձեռք բերելու հնարավորությունից:
«Եթե Արցախի ժողովրդի իրավունքների միջազգայնորեն երաշխավորված պաշտպանությունն այս տեսքն ունի, ապա պետք է արձանագրենք, որ մենք առայժմ անվտանգության ու իրավատեր լինելու հուսալի ու համոզիչ երաշխիքներ չունենք»:
Լաչինի միջանցքի ամբողջությամբ փակման հետևանքով ստեղծված ճգնաժամի հարցը հայկական պատվիարակությունը բարձրացնում է միջազգային հարթակներում։ Նախօրեին հաջողվել է միջանցքի ապաշրջափակման հարցը ներառել ԵԽԽՎ օրակարգ, հրատապ քննարկումը նախատեսված է հունիսի 22-ին։
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ֆեյսբուքում գրել է՝ Ադրբեջանի պատվիրակության ջանքերը տապալվեցին ու Լաչինի միջանցքի հարցը ներառվեց ԵԽԽՎ ամառային նստաշրջանի օրակարգում։
Ադրբեջանական պատվիարակության ղեկավար Սամեդ Սեիդովը ընդհատել է հայկական կողմի ելույթներն ու հայտարարել, թե իբր քննարկումն ավելի շուտ գլխացավանք կարող է առաջացնել, քանի որ հայ-ադրբեջանական հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ են կողմերն այսքան մոտեցել իրար։
Սեիդովը փորձել է խեղաթյուրել ակնհայտ իրողությունները միջազգային հանրության համար, ասելով, որ շրջափակում գոյություն չունի, ցեղասպանությունը դուրս է օրակարգից, իսկ սադրանքներն ու ռազմական գործողությունները Հայաստանի կողմից են։
Հակադարձելով ադրբեջանցուն, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ներկաներին տեղեկացրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են խաղաղության հարցով, սակայն ցանկացած քննարկում, որը վերաբերում է հումանիտար հարցերին, Լեռնային Ղարաբաղում ճգնաժամին, կարևոր է և չի կարող վնասել բանակցություններին։