Հաջորդ շաբաթ տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հերթական հանդիպումը։ Առանց հստակ օրը նշելու՝ ձեռք բերված պայմանավորվածության մասին կառավարության նիստում տեղեկացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Խոսքը հունիսի 12–ին ծրագրված և Ադրբեջանի խնդրանքով հետաձգված հանդիպման մասին է։ Ժամանակագրությունը փաստում է, որ սահմանային սադրանքներն Ադրբեջանն ակտիվացրել է հենց այդ հանդիպման հետաձգման հաջորդ իսկ օրը։ «Շահած» ժամանակահատվածում Բաքուն հասցրել է քայլեր անել, որոնք խորացրել են հումանիտար ճգնաժամը ԼՂ–ում, սրել իրավիճակը Հայաստան–Ադրբեջան սահմանագծի տարբեր ուղղություններով և այժմ Հայաստանը նոր ձևակերպված ծրագրերով է մեկնելու Վաշինգտոն։

Վաշինգտոն մեկնելուց առաջ պաշտոնական Երևանը վերաձևակերպում է միջազգային հանրությանն ուղղված իր ասելիքը։ Հունիսի 12–ին ծրագրված հանդիպումը հետաձգելուց հետո Բաքուն այդ ժամանակն օգտագործեց իրավիճակը սրելու համար, հենց այդ ընթացքում ամբողջովին արգելափակվեց երթևեկությունը Հայաստանը Արցախին կապող Հակարիի կամրջով։ Արգելքը գործում է անգամ Կարմիր խաչի համար և ոչ միայն սնունդ կամ առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրման, այլև՝ ծանր հիվանդներին Արցախից տեղափոխելու համար։

Հայաստանի նոր ասելիքը ձևակերպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ միջազգային և ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի օրակարգի հարց պետք է դարձնել Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքով երթևեկությունը անհապաղ վերականգնելու վերաբերյալ փետրվարի 22–ի որոշումը չկատարելու հարցը։ Ըստ պաշտոնական Երևանի՝ ՄԱԿ–ի ԱԽ–ն այդ հարցով պետք է զբաղվի որպես կառույց, որը պատասխանատու է դատարանի որոշումների պարտադիր կատարման համար։ 

«Այդ որոշման չկատարումն ու արհամարհումը բերել է հումանիտար ճգնաժամի։ Ամեն ինչ արվում է հայերի կյանքը ԼՂ–ում անհնար դարձնելու համար։ Հենց սա է էթնիկ զտման քաղաքականությունը, որի մասին տարիներ շարունակ ահազանգում ենք»։

Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն անձամբ է տեսել, թե ինչ է կատարվում Հակարիի կամրջին։ Եվրոպական խորհրդի 6 հոգանոց պատվիրակությունը ԵՄ դիտորդական առաքելության միջոցով նախօրեին պարեկություն է իրականացրել կամրջի մոտ Հայաստանի հատվածից։ Հակառակ Ադրբեջանի քարոզչությանը՝ տեսել են, որ ոչ մի շարժ այդ ճանապարհին չկա, անգամ ռուս խաղաղապահների շարասյուն չեն տեսել Արցախ ուղևորվելիս։

«Եվրոպական խորհրդարանը սատարում է փաստահավաք առաքելության գաղափարին։ Եվրոպական Խորհրդարանը առհասարակ ողջունում է միջազգային ներկայության գաղափարը լիարժեք պաշտպանելու համար ԼՂ հայերի բնակչության իրավունքներն ու շահերը։ Մենք նաև միանգամայն կողմ ենք, որպեսզի ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձև ընդունելուն։ Որքան շուտ, այնքան լավ կլինի՝ ՄԱԿ–ի եվրոպական անդամները պատրաստեն այդօրինակ բանաձևի նախագիծը»։

Եվրոպացի պաշտոնյան հարկ է համարում ուղերձ հղել նաև Բաքվում հավատարմագրված ԵՄ դեսպաններին։ Եթե Ադրբեջանը նրանց հրավիրի Հակարիի կամրջին ապօրինի տեղակայված անցակետ, նրանք ձեռնպահ կմնան հրավերն ընդունելուց։ Ասում է՝ հետևողականորեն պետք է հասնեն Արդարադատության միջազգային դատարանի վճռի կայացմանը։ Լուազոն պնդում է՝ ԼՂ բնակիչների իրավունքները և Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն։

Հակարիի կամրջից վերադառնալուց հետո հատկապես երկու հարց ունի։ Առաջինը Ադրբեջանին է ուղղված․

«Որքանով Հայաստանը ամբողջապես նվիրված է խաղաղությանը, Ադրբեջանը պարտավոր է ապացույցներ ներկայացնել առ այն, որ ինքն էլ է նվիրված խաղաղությանը»։

Լուազոյի երկրորդ հարցի հասցեատերը Ռուսաստանն է։ Նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությամբ նա է պատասխանատու Լաչինի միջանցքի անարգել երթևեկությունն ապահովելու համար։ Կարծում է, որ ցանկության դեպքում Ռուսաստանը կարող էր ավելի խիստ լինել Բաքվի նկատմամբ և ակնարկում է հնարավոր գործարքի մասին։

«Մեզ զարմացնում է Ադրբեջանի կողմից գազի արտահանումը, քանի որ այդ ծավալը հիմա արդեն գերազանցում է Ադրբեջանի կողմից արտադրության գազի ծավալը։ Այսինքն՝ եթե Ռուսաստանը որոշել է Ադրեջանի հետ պայմանավորվել, Ադրբեջանի կողմն անցնել, ապա ժամանակն է, որպեսզի այդ մասին Ռուսաստանն ասի հրապարակավ»։

Եվրոպացի պաշտոնյան նաև համոզված  է, որ «Հայաստանն ու Ադրբեջանը խոսելու շատ բան ունեն՝ սահմանազատում, ռազմագերիների ազատ արձակում, ԼՂ բնակչության կյանքի և բարօրության պաշտպանություն, Լաչինի միջանցքի բացում»։

Վաշինգտոնից առաջ հստակ առաջարկներով հստակ օրակարգ է ներկայացնում նաև Երևանը։ Վարչապետ Փաշինյանը թվարկում է, թե վերջին շրջանում որ ուղղություններով են առաջարկներ ուղարկվել Բաքու։ Բացի Ստեփանակերտ–Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի ստեղծումից, Լաչինի միջանցքը բացելուց և Արդարադատության միջազգային դատարանի որոշումը միջազգային կառույցների օրակարգ դարձնելուց՝  նոր առաջարկներն են․

«Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է նաև անցկացնել սահմանագծման հանձնաժողովի նիստ, և նիստն անցկացնելու սկզբունքային պայմանավորվածություն կա։ Հայաստանը պատրաստ է նաև օր առաջ տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակմանը՝ կողմերի ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների ներքո»։ 

Վաշինգտոնում արդեն անհամբեր սպասում են «շուտով բանակցությունների ևս մեկ փուլ հյուրընկալուն», ձևակերպել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։

«Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները շարունակում է հավատալ, որ քայլերը, որոնք լարվածություն են հրահրում և ավելացնում են լարվածությունը, անարդյունավետ են այս փուլում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարբեր հարթակներում բանակցություններ են ընթանում»։

Դիվանագետն ընդգծում է, որ խնդիրները լուծելու և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու միակ ճանապարհն ուղիղ երկխոսությունն է:

ԱՄՆ–ի անկեղծ ջանքերին չի վստահում Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններում միջնորդներից Ռուսաստանը։ Արտգործնախարար Լավրովը հրապարակավ խոսել է դրա մասին, ինչին Պատելն արձագանքել  է՝ ԱՄՆ–ն շարունակում է հավատալ, որ այս բանակցություններն առաջ են շարժվում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն