Արգելել զենքի վաճառքն Ադրբեջանին, կանխել ցեղասպանության կրկնությունը. Արցախի հարցով վաշինգտոնյան լսումներում հնչած պահանջները
ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցությունների ևս մեկ փուլի հյուրընկալմանը։ Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելի այս հայտարարությունը համըկնում է հունիսի 21-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության հարցով ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հանձնաժողովում կայացած լսումներին։ Ի՞նչ ելույթներ են հնչել լսումների ժամանակ, ի՞նչ հայտարարություններ ու առաջարկներ են արել ամերիկացի կոնգեսականները։
ԼՂ ժողովրդի պաշտպանությանը միտված քննարկումը տեղի է ունենում, քանի որ կոնգրեսի լսումների մասնակիցները մտավախություն ունեն, որ Արցախի հայերի ճակատագիրը վտանգված է։ Լսումներին մասնակցել են Կրոնական ազատությունների հարցով ԱՄՆ նախկին դեսպան, Կանզասի նախկին նահանգապետ Սեմ Բրաունբեքը, Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի (American Enterprise Institute) ավագ վերլուծաբան Մայքլ Ռուբինը, հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի (TARC) նախկին համակարգող, պաշտոնաթող դիվանագետ Դեյվիդ Ֆիլիպսը, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը և ուրիշներ։
Նրանք ԱՄՆ օրենսդիրների ուշադրությունն են հրավիրել արցախահայության դեմ Ադրբեջանի ցեղասպան գործողությունների վրա։ Ադրբեջանը սեղմում է օղակը ԼՂ-ի շուրջ Թուրքիայի օգնությամբ՝ կոնգրեսական Քրիս Սմիթն է շեշտել։ ԱՄՆ-ն չի կարող ընդունել ԼՂ-ում ցեղասպանության վտանգը կամ էթնիկ զտումները, ասել է նա․
«2020 թ.-ից ի վեր Ադրբեջանը սեղմում է օղակը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Ադրբեջանցիները ոչ միայն օկուպացրել են ԼՂ տարածքի մեծ մասը, այլև նույնիսկ բուն Հայաստանի տարածքը: Ադրբեջանի կառավարությունը խախտել է համաձայնագրերը, և մարդկանց համար ավելի դժվար է դարձել Լեռնային Ղարաբաղում սնունդ և այլ ապրանքներ ստանալ։ Մինչ մեր կառավարությունը քննարկումներ է անցկացնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ, մենք Կոնգրեսում պարտավոր ենք հարցնել, թե ո՞ր ուղղությամբ է գնում այդ ամենը»։
ԱՄՆ-ն պետք է կանգնեցնի թուրքական ու իսրայելական զենքի վաճառքն Ադրբեջանին՝ Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսն է պահանջել։ Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի (American Enterprise Institute) ավագ վերլուծաբան Մայքլ Ռուբինն էլ հիմնավորել է դրա անհրաժեշտությունը․
«Նախագահ Ալիևը փոխվել է և ավելի անկառավարելի է դարձել վերջին տասնամյակում։ Ես կասեի՝ նրա հետագիծը գրեթե նույնն է, ինչ մենք տեսանք Սադամ Հուսեինի դեպքում»։
«Անհրաժեշտ է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել, այդ թվում՝ Ազատության աջակցության ակտի 907 հոդվածը, Մարդասիրական օգնության համար միջանցքի ակտն ու Մագնիտսկու ակտը»։
907-րդ բանաձևը գործի դնելու անհրաժեշտություն է տեսնում նաև հանրապետական կոնգրեսական Սեմ Բրոունբեքը: Ադրբեջանը պատրաստվում է ազատել ԼՂ տարածքը, պարզապես ստիպելով բնակչությանը հեռանալ և չվերադառնալ․
«Մենք արդյո՞ք պատրաստվում ենք թույլ տալ, որ ևս մեկ քրիստոնյա բնակչություն դուրս մղվի իր հայրենիքից: Այս ամենն իրականացվում է ամերիկյան կամ իսրայելական զինամթերքով, որ ունեն ադրբեջանցիները: Կարծում եմ, որ եթե Ադրբեջանը չվերացնի շրջափակումը, նախագահ Բայդենի վարչակազմը պետք է գործի դնի 907 բանաձևը»։
Կոնգրեսականն առաջարկել է պատվիրակություն ուղարկել Արցախ՝ տեղում իրավիճակը գնահատելու համար:
Մարդիկ վախենում են, որ ԼՂ հակամարտությունը կարող է ցեղասպանության կրկնություն հրահրել՝ իր հերթին ահազանգել է կոնգրեսական Ջիմ Մաք Գավերնը։ Նա համոզմունք է հայտնել, որ այդ վախը հիմնավորված է՝ հաշվի առնելով հայերի դեմ Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանությունը․
«Ադրբեջանը Թուրքիա չէ, սակայն Թուրքիայի՝ Օսմանյան կայսրության հետնորդի սերտ դաշնակիցն է: Մարդիկ վախենում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը ամենաերկարատևն է հետխորհրդային փլուզումից հետո, կարող է պատմության կրկնություն հրահրել»։
Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի վայրագությունները, նմանօրինակ հետագա հանցագործությունները կանխելու նպատակով քննարկման մասնակիցները առաջարկել են նախևառաջ փաստահավաք նախաձեռնություն սկսել։