Ավելի քան 200 օր շրջափակման մեջ գտնվող Արցախում հունիսի 15-ից Ադրբեջանն արգելափակեց դեպի Արցախ բոլոր տեսակի հումանիտար փոխադրումները, որոնք շրջափակման ընթացքում իրականացվում էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուսական խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ։ Հումանիտար բեռների փոխադրման արգելափակումը ավելի է խորացրել Արցախում ստեղծված ճգնաժամը, և այդ ֆոնին Ադրբեջանի տեղեկատվական դաշտում մի նոր առաջարկ–պահանջ է քննարկվում։

Ադրբեջանը պատրաստ է հումանիտար փոխադրումները թույլ տալ իր տարածքով, բայց ոչ Լաչինի, այսպես կոչված, անցակետով։ Ահա, Բաքվի այսպիսի նոր պահանջի մասին են գրում ադրբեջանական լրատվամիջոցները։ Թե ո՞ր ճանապարհով է առաջարկում Բաքուն հումանիտար բեռները տեղափոխել Արցախ՝ չի հստակեցվում։ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ենթադրում է, որ հավանաբար նկատի ունեն այն ճանապարհները, որոնցով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները կապվում են Ստեփանակերտի կամ Արցախի այլ բնակավայրերի հետ։   

7 ամիս է Արցախը շրջափակման մեջ է։ Ադրբեջանը հունիսի 15-ից հումանիտար բեռների տեղափոխման սահմանափակ հնարավորություններն էլ արգելափակեց, որոնք կատարվում էին ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջոցով։ Թեպետ Կարմիր խաչի միջոցով Արցախից Հայաստան ծանր հիվանդների տեխափոխումը օրեր անց վերականգնվեց, բայց խոչընդոտներն անգամ Կարմիր խաչի գործունեության առումով չեն վերացել։ Այս մասին ահազանգում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Արդեն ադրբեջանական տիրույթում կա տեղեկատվություն այն մասին, որ պահանջ է ներկայացվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ փոխադրումները իրականացնել Ադրբեջանի տարածքով»։

Ադրբեջանական լրատվական դաշտում տարածված այդ խոսույթը, Գեղամ Ստեփանյանի կարծիքով, այս պահին դեղորայքի տեղափոխման մասին է։ Սա հերթական ապացույցն է, որ Ադրբեջանը հումանիտար խնդիրները քաղաքականացնում է ու դարձնում իր  նպատակներին հասնելու գործիք, անտեսելով միջազգային բոլոր նորմերը։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը մշտապես է խոչընդոտվել Ադրբեջանի կողմից՝ ամենատարբեր պատրվակներով ինչ-ինչ պահանջներ ու խնդիրներ առաջ քաշելով։ Այդպիսի խնդիրներից մեկն էլ, որի լուծմանը հետամուտ է փորձում լինել Բաքուն, այն է, որ Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը ենթարկեցնի Բաքվի գրասենյակին։ Այս համատեքստում պահանջներից մեկն էլ այն է եղել, որ ԿԽՄԿ-ի նոր ղեկավարը Ստեփանակերտ այցելի ոչ թե Հայաստանի տարածքից, այլ Ադրբեջանի։ Գեղամ Ստեփանյանը նկատում է.

«Սրանք մաքուր քաղաքական հարցեր են, որոնք արգելվում է հումանիտար գործունեություն իրականացնող Կարմիր խաչի առաջ բարձրացնել։ Մենք տեսնում ենք, որ անգամ այս սկզբունքների առաջ Ադրբեջանը կանգ չի առնում և փորձում է խոչընդոտել բացառապես հումանիտար գործառույթ իրականացնող Կարմիր խաչի գործունեությանը»։

Վերադառնալով հումանիտար փոխադրումները դեպի Ստեփանակերտ ոչ Լաչինի միջանցքով իրականացնելու Ադրբեջանի պահանջին. թե ո՞ր այլ ճանապարհն է առաջարկում Ադրբեջանն իր տարածքով հումանիտար փոխադրումներ իրականացնելու վերաբերյալ, հայտնի չէ։ Արցախի օմբուդսմենը ենթադրում է, թե Բաքուն դեպի ու՞ր է ցանկանում մղել հումանիտար բեռների փոխադրումը և ի՞նչ նպատակով։

 «Լաչինի միջանցքը և այդ հումանիտար փոխադրումները դիտարկվում են որպես Արցախի ժողովրդին, այսպես կոչված, ինտեգրելու ճանապարհին լուրջ խոչընդոտ։ Եվ համարում են, որ Արցախի կապը Հայաստանի հետ խոչընդոտում է, որ ԼՂ-ի ժողովուրդը կապ հաստատի Բաքվի հետ և սկսի խոսել Բաքվի հետ և գնա իրենց առաջարկած ինտեգրման ճանապարհով»։

Այսինքն՝ միանգամայն հասկանալի է և ամբողջությամբ բացահայտում է Բաքվի նպատակը։ Ադրբեջանն օգտագործում է հումանիտար հարցերը՝ ազդելու մարդկանց կամքի վրա, ճնշում բանեցնելով հպատակեցնելու մարդկանց։ Արցախի օմբուդսմենի ձևակերպմամբ՝ հստակ է, որ Ադրբեջանի առաջարկը ոչ թե ինտեգրացիա է, այլ պարզապես բռնի հպատակեցում, ինչը, բնականաբար, Արցախում բացարձակապես անընդունելի են համարում։ 

«Սա է իրական նպատակը՝ փորձել բոլոր միջոցներով հպատակեցնել Արցախի ժողովրդին։ Ստիպել Արցախի ժողովրդին հրաժարվել միջազգային իրավունքով մեր ժողովրդին տրված ինքնորոշման իրավունքից, և գնալ Բաքվի հետ, այսպես կոչված, ինտեգրացիայի վերաբերյալ քննարկումների։ Ինչը մեզ համար, բազմիցս նշել ենք, ընդունելի չէ և մենք այդ օրակարգով չենք առաջնորդվում»։

Հենց դա են փորձում Արցախցիները տարբեր դերակատարների համար ընկալելի դարձնել, որ այն ինչ անում է Ադրբեջանը, ուղղակի, ցեղասպանության սպառնալիք է՝ կամ բռնի հպատակվում ես կամ վտարվում քո հայրենիքից՝ ահա այն այլընտրանքները, ինչ առաջարկում է Ադրբեջանը։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն