Մինսկի խմբի ժամանումը տարածաշրջան` հրամայական․ միջազգայանգետը՝ ԵԱՀԿ ԽՎ հռչակագրի մասին
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն ընդունել է Հայաստանի պատվիրակության բոլոր առաջարկները։ Փաստաթղթում Բաքվին կոչ է արվում հեռացնել զորքերը Հայաստանի Հանրապետության տարածքից, նաև ազատ արձակել բոլոր պահվող անձանց։ Իսկ Սումգայիթում այսօր շարունակվում է Շիկահողի դիրքերից առևանգված երկու հայ զինծառայողների դատավարությունը։ Միջազգայանգետները համոզված են, որ եթե այսօր, ի թիվս բազմաթիվ միջազգային փաստաթղթերի, ԵԱՀԿ ԽՎ հռչակագիրը չգործի, ապա դա չի նշանակում, որ ապագայում այն էական նշանակություն չի ունենա։
Վանկուվերում ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովը հռչակագիր է ընդունել, որով կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զորքը Հայաստանի Հանրապետության տարածքից, ապահովել մարդկանց և ապրանքների անխոչընդոտ անցումը Լաչինի միջանցքով՝ ըստ Արդարադատության միջազգային դատարանի այս տարվա փետրվարին կայացրած որոշման, նաև հորդորում է Ադրբեջանին միջազգային հանրության հետ համագործակցությամբ ձևավորել դրական օրակարգ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորելու նպատակով:
Նման կոչեր, բանաձևեր, անգամ վճիռներ շատ են եղել, սակայն դրանք որևէ տեղաշարժ չեն արձանագրել։ Ի՞նչ նշանակություն կունենա այս նոր փաստաթուղթը։ Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը այն առանձնահատուկ չի համարում։ Նրա կարծիքով՝ սա էլ մյուսների ճակատագրին գուցե արժանանա այսօր, սակայն էական նշանակություն կարող է ունենալ ապագայում, երբ միջավայրը բարենպաստ լինի Հայաստանի համար․
«Ինչպես Հաագայի որոշումն էր, տարբեր ձևաչափերով ականատես եղանք հակաադրբեջանական որոշումներ կայացվեցին, առ այն, որ Լաչինի միջանցքով պետք է անկաշկանդ երթևեկն ապահովվի, բայց հողի վրա տեսնում ենք, որ ոչ մեկը գործի չդրվեց։ Վերպետական կառույցների որոշումները չեմ ուզում թերագնահատել, բայց չեմ էլ ուզում գերագնահատել, որովհետև գործնականում ոչ ոք հետամուտ չի լինում նման որոշումների ի կատար ածմանը։ Այսինքն, մենք տեսնում ենք շարքային որոշումներ, բայց դրանք ընթացքում կուտակվում են։ Դրան չի կարելի մատների արանքով նայել, քանի որ դրանք ինչ-որ մի տեղ կուտակվում են և կարող են պատժամիջոցների տեսքով կատարվել»։
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 2023 թվականի հռչակագիրը կոչ է անում նաև ազատ արձակել բոլոր պահվող անձանց և ճշտել արցախյան հակամարտության ընթացքում անհետ կորած բոլոր անձանց ճակատագրերը։ Այս առումով ևս որևէ տեղաշարժ ադրբեջանական կողմից ոչ միայն չկա, այլև վատ դրսևորումներ են արձանագրվում։ Ադրբեջանական կողմը առևանգում է հայ զինծառայողներին ու շինծու ծանր մեղադրանքներ ներկայացնելով փակ դատավարություններ իրանակացնում։ Շիկահողից առևանգված երկու հայ զինծառայողների՝ Հարություն Հովագիմյանի ու Կարեն Ղազարյանի սումգաիթյան դատավարությունը միաջազգային իրավունքի մասնագետները ոչ լեգիտիմ են համարում, քանի որ նախ՝ հրապարակային չէ, բացի այդ առևանգված հայ զինծառայողները հնարավորություն չեն ունեցել կապ հաստատելու հարազատների հետ և, վերջապես, նրանք իրավունք ունեին փաստաբան ունենալ, օրինակ՝ Հայաստանից։ Սակայն նման հնարավորություն նրանց չի տրվել, իսկ ցուցմունքները վերցվել են փակի տակ։ Այս բոլոր հանգամանքներն ու միջազգային կառույցների կողմից ընդունված փաստաթղթերը արդարադատության նախկին նախարար Արտակ Զաքրյանի համոզմամբ կարող են ազդեցություն ունենալ իրավական գործընթացների վրա․
«Անշուշտ, կարող են ունենալ։ Այդ բանաձևերի հիմքում նաև փաստահավաք կոմպոնենտ է լինում, և դրանք, անշուշտ, ազդեցություն են ունենում իրավական ակտերի վրա։ Նաև իրավական ակտերն են ազդեցություն ունենում բանաձևերի վրա։ ԵԽ բանաձևը հանգեցրեց այն բանին, որ Ադրբեջանը թուլացրեց Լաչինի միջանցքի տոտալ շրջափակումը»։
Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը ևս դատավարությունները շինծու է համարում և շեշտում, որ Վանկուվերում ԵԱՀԿ ԽՎ ընդունված փաստաթուղթը էական նշանակություն կարող է ունենալ, օրինակ, հենց նույն կառույցի հովանու ներքո երկար տարիներ ղարաբաղյան խնդրով զբաղվող ՄԽ-ի գործարկման պայմաններում։ Նա հստակեցնում է՝ ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը պաշտոնապես չի չեղարկվել և այն ամեն պահի կարող է վերսկսվել․
«Փորձում են շղարշ գցել այդ ձևաչափի վրա, բայց մեր արտաքին քաղաքական խոսույթը պետք է կայանա հենց դրանում, որովհետև ՄԽ համանախագահությունը պաշտոնապես չի չեղարկվել, այլ ժամանակավորապես դադարեցված է հասկանալի պատճառներով՝ ամբիցիոզ վարքագծով է պայմանավորված Ադրբեջանի, ինչպես նաև գերտերությունների իրար նկատմամբ ունեցած թշնամանքով։ Ինչպես նաև ուկրաինական ճգնաժամը խանգարում է այդ պրոցեսին, բայց այն, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հրամայականը պետք է լինի այն, որ ԵԱՀԿ ՄԽ պետք է ժամանի տարածաշրջան, դա անխոս, անբեկանելի է»։
ԵԱՀԿ ԽՎ ընդունած փաստաթուղթը խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին շարունակել բանակցությունները համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ, հիմք ընդունելով միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, ողջունում է ԵԱՀԿ ՄԽ անդամներ հանդիպացող Միացյալ Նահանգների և Եվրոպական Միության դիվանագիտական ջանքերը, որոնք նպաստում են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության և փոխվստահության կառուցմանը։ Հաշվի առնելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը Ռուսաստանի միջնորդությամբ է կայացել, ստավցում է, որ հայ–ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում դարձյալ ներգրավված են ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրները և պետք է աշխատել այդ ձևաչափը վերականգնելու ուղղությամբ, պնդում է միջազգայանագետը։