Միջազգային կազմակերպությունների և երկրների թիրախավորումը, որոնք օբյեկտիվ գնահատում են Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը և Ադրբեջանի գործողությունները, հանդիսանում է Բաքվի էթնիկ զտումների քաղաքականության մի մասը, կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանն ամիսներ շարունակ լայնածավալ հակաքարոզչություն է սկսել Ֆրանսիայի նկատմամբ, որի թե՛ պաշտոնական, թե՛ հանրային հարթակներում հնչում են հասցեական գնահատականներ և ահազանգեր` Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայության դեմ իրագործվող ապօրինի քայլերի մասին»,-ասել է նա։

«Ֆրանսիայի դեմ ուղղված քարոզչությունն այլ երկրների կողմից Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամին հասեցական հնարավոր գնահատականները կանխելն է»,-ասել է Փաշինյանը։

«Հայաստանը, իր հերթին շնորհակալություն հայտնելով Ֆրանսիային, պետք է բոլոր միջոցները ձեռնարկի, որ ավելի ու ավելի շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ հասցեական գնահատականներով հանդես գան՝ Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ»,- հայտարարել է նա։

Նախորդ շաբաթ Ադրբեջանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մեղադրել է հայամետ դիրքորոշման մեջ։

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հակաադրբեջանական հայտարարությունները Մարսելում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ անընդունելի են»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր այցի ընթացքում Մարսելում հանդիպել է հայկական ազդեցիկ շրջանակների հետ։

«Ես միակն եմ, որն ունի հստակ դիրքորոշում և ուղերձ ղարաբաղյան հարցում»,- ասել է Ֆրանսիայի նախագահը և հավելել, որ ճնշում է գործադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա։

«Չկասկացե՛ք Արցախի և ընդհանրապես Հայաստանի հարցերով վճռականությանս մեջ: Պիտի շարունակեմ ջանքերս, նույնիսկ եթե մինչ օրս այս օրակարգով գրեթե միակն եմ միջազգային ընտանիքի մեջ: Գիտեք նաև, որ առաջին անգամ Ֆրանսիան Հայաստանում իր դեսպանություն է ուղարկել զինվորական կցորդ, իսկ դա ինչ-որ բան նշանակում է, չէ՞։ Մենք պիտի անենք մեր կարելին, առավելագույնը»,- հայտարարել էր Մակրոնը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն