Ինչո՞ւ է տապալվել Ստեփանակերտ–Բաքու երկխոսությունը
Հայաստանն Արդարադատության միջազգային դատարան այս շաբաթ լրացուցիչ ապացույցներ կներկայացնի Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ և բետոնե պատնեշներ տեղադրելու վերաբերյալ։ Այս մասին Երևան–Ստեփանակերտ հեռուստակամուրջ-ասուլիսի ընթացքում ասել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Նա հույս է հայտնել, որ միջազգային դատարանը որոշումը կայացնելիս չի հապաղի՝ հիշեցնելով, որ Հայաստանն այս հարցով իր պահանջը շուրջ երկու ամիս առաջ է ներկայացրել: Կիրակոսյանը նշել է, որ ՄԻԵԴ են ներկայացվել նույն ապացույցները, որոնք ներկայացրել են Արդարադատության միջազգային դատարան՝ պահանջելով, որ Եվրոպական դատարանն իր կիրառած միջոցի մասին ծանուցի ԵԽ Նախարարների կոմիտեին։
Նախորդ ամիս երրորդ երկրում՝ ԱՄՆ–ի միջնորդությամբ, բայց ոչ մասնակցությամբ Ստեփանակերտ–Բաքու հնարավոր հանդիպումը չեղարկելու մասին լուրի մեջ կա և՛ իրականություն, և՛ ապատեղեկատվություն։ Իրականություն է, որ այդպիսի հնարավորություն իսկապես եղել է, բայց ապատեղեկատվություն է, որ հանդիպումը մերժել է արցախյան կողմը։ Ուղիղ երկխոսության չեղարկման և մտավախությունների հիմքերը ներկայացնում է Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը։
«Արցախյան կողմն ամենաշահագրգիռ կողմն է նման իրական երկխոսության մեջ։ Բայց որպեսզի այդ երկխոսությունը կառուցողական բնույթ ունենա, պետք է որոշ չափորոշիչների համապատասխանի։ Մեր խորին համոզմամբ ճնշումների տակ, դա չի կարելի անվանել երկխոսություն կամ բանակցություն։ Երկխոսություն նախապայմաններով չի լինում, բայց մյուս կողմն էլ պետք է ցույց տա, որ ինքը պատրաստ է երկխոսության։ Եթե ճանապարհ են փակում ո՞նց մենք կարող ենք հասկանալ, որ ադրբեջանական կողմն այդ երկխոսությանը պատրաստ է»։
Արցախի արտգործնախարարի ներկայացմամբ՝ Արցախը տարբեր երկրներից և միջազգային կազմակերպություններից պարբերաբար առաջարկներ է ստանում Ստեփանակերտ-Բաքու հանդիպում կազմակերպելու համար։ Քննարկումներն այս ուղղությամբ շարունակվում են: Այլ պատկեր է արցախյան կողմի՝ Բաքվին փոխանցված առաջարկների դեպքում․ երկկողմ հանդիպումներին առնչվող արցախյան առաջարկները Ադրբեջանը մերժել է։ Սերգեյ Ղազարյանը չի մանրամասնում, թե ինչ առաջարկների մասին է խոսքը։
Արցախը նաև ինքն է քայլեր ձեռնարկում։ Մասնավորապես, ԼՂ նախագահը Վլադիմիր Պուտինին հասցեագրված նամակ է ուղարկել, իսկ նախօրեին՝ նրա խնդրանքով տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը։ Ակնկալիքը նոյեմբերի 9-ի հայտարարության պարտավորությունների շրջանակում խաղաղապահների կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումն է։ ՌԴ նախագահը Արայիկ Հարությունյանի նամակին դեռ չի պատասխանել։ «Սպասում ենք»,– ասաց Արցախի արտգործնախարարը՝ հավելելով․ գիտակցում են, որ այլ խաղաղապահ առաքելություն ունենալու հեռանկարը մեծ չէ հատկապես միջազգային հարաբերություններում առկա ճգնաժամի պայմաններում։
Փաշինյան–Պուտին հեռախոսազրույցից պաշտոնական հաղորդագրությունից բացի ոչինչ հայտնի չէ։ Կառավարության նիստից առաջ, սակայան, Փաշինյանը նորից պնդել է․
«Որքան էլ այսօրվա իրերի դրությունը դժվար է բարոյական, քաղաքական, անվտանգային, էմոցիոնալ առումով, խաղաղության օրակարգի իրավումը այլընտրանք չունի։ ԼՂ իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն Բաքու–Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակներում։ ԻՍկ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է «Խաղաղության պայմանագիր» ստորագրվի»։
Նախանշված քայլերի հաջորդականությանն արձագանքել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ Նրա խոսքը, սակայն, ուղղված է առաջին հերթին միջազգային հանրությանը, որը, ըստ պետնախարարի՝ հանցակից է դառնում Ադրբեջանին իր լռության պատճառով։
«Մեզանից շատ որևէ մեկը այս տարածաշրջանում խաղաղություն չի ուզում։ Աջակցե՛ք տարածաշրջանում երկարատև հաստատմանը, բայց գիտակցե՛ք, որ ոչ մի խաղաղություն չի կարող ձեռք բերվել ցեղասպանության, Արցախի ժողովրդին էթնիկ զտման գնով»։
Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքից օրինակներ է ներկայացնում Հայաստանի վարչապետը՝ նշելով, որ Ադրբեջանն ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը ի պատասխան ոչ մի համարժեք քայլ չի արել։ Մերժում է նաև Հայաստանի առաջարկները՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության պայմաններով տարածաշրջանի ապաշրջափակման և կոմունիկացիաների բացման ուղղությամբ․
«Արդեն վաղուց Հայաստանի Կառավարության որոշման նախագիծ է դրված պաշտոնական շրջանառության, որով նախատեսվում է 3 հսկիչ անցակետերի հիմնադրումը Հայաստան-Ադրբեջան սահմանին Հայաստանի կողմից: Այդ որոշումը չի ընդունվում Ադրբեջանի դեստրուկտիվ մոտեցման պատճառով, որը նմանատիպ գործընթաց անգամ չի էլ նախաձեռնել և չի էլ պատրաստվում ճանապարհ տրամադրել Հայաստանին»:
Ընթացակարգը պահանջում է, որ նույն որոշումը կայացնի նաև Ադրբեջանը, որպեսզի երկու կողմից անցագրային կետեր լինեն։ Բաքվի մոտեցումն այս հարցում վարչապետն ընկալում է որպես ցուցիչ, որը ցույց է տալիս, որ Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանին շրջափակման ենթարկելու իր 30-ամյա քաղաքականությունից։
«Ադրբեջանը Հայաստանին շարունակում է մեղադրել իր տարածքով տրանսպորտային կապի ապահովման պարտավորությունները չկատարելու մեջ, «միջանցքային» ինչ–որ երկիմաստ մեկնաբանություններով։ Ստիպված եմ կրկնել, որ Հայաստանը երբևէ ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր որևէ «միջանցքային» պարտավորություն չի ստանձնել և նման որևէ մեկնաբանություն երբևէ չի ընդունի»։
Հայաստանի վարչապետը հերքում է նաև Ադրբեջանի ղեկավարության հերթական մեղադրանքներից մեկը՝ հայտարարելով, որ ԼՂ–ում ՀՀ բանակ չկա, ՀՀ–ն ԼՂ–ում զինվոր չունի։
«Լեռնային Ղարաբաղում գործում է ԼՂ պաշտպանության բանակը, որի գոյության պատճառները յուրաքանչյուր ոք ամեն օր կարող է գտնել Ադրբեջանի պաշտոնական քարոզչության և գործողությունների մեջ, որի անթաքույց էությունը Լեռնային Ղարաբաղի հայերին էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկելն է: Ըստ էության, այդ քաղաքականության սողացող իրագործումն ենք այսօր տեսնում Լեռնային Ղարաբաղում»:
Ադրբեջանի պահանջներից մեկը հենց ՊԲ լուծարումն է, ինչն Արցախի արտաքին գործերի նախարարը ստեղծված իրավիճակում իրատեսական չի համարում։