Միջազգային հանրությունը սկսում է հասկանալ, որ Ալիևը բանակցելու ունակ չէ
Հայկական մեդիատիրույթում ակտիվորեն տարածվում են Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպանի թվիթերյան գրառումները, որտեղ նա ներկայացնում է, թե ինչ է խոսել Հաագայում տեղի ունեցած քննարկումների ժամանակ։ Մասնավորապես, նա գրել է՝ Արցախի հայերը որևէ իրավունք չեն ունենա։ Ադրբեջանցի դեսպանի այդ գրառմանը անդրադարձել է Հաագայում նույն քննարկմանը մասնակցած ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։ Նա Ֆեյսբուքում գրել է, որ հայկական կողմը փաստեր է ներկայացրել եվրոպացի պաշտոնյաներին ու դեսպաններին, որ Ադրբեջանը չի գնում իրական խաղաղություն կառուցելու ճանապարհով։
Միջազգային հանրության ընկալումներն արցախյան հակամարտության լուծման վերաբերյալ աստիճանաբար փոխվում են, համոզված է ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը։ Նա միջազգային փորձագետների ու ադրբեջանցիների մասնակցությամբ բազմաթիվ քննարկումների է մասնակցել։ «Ռադիոլուրի» հետ զրույցում Գայանե Աբրահամյանը վստահեցնում է, որ աշխարհին աստիճանաբար հասկանալի է դառնում, որ «Անջատում հանուն փրկության» մոտեցումն այլընտրանք չունի։
Հաագայում այս օրերին ընթացող համաժողովի շրջանակներում Ադրբեջան-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան-Հայաստան-Վրաստան հարաբերությունների շուրջ քննարկումների ժամանակ Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը խախտել է նախապես ձեռք բերված պայմանավորվածությունն ու թվիթերյան գրառումով հայտնել է, թե իբր հայերին բացատրել է, որ Ղարաբաղի հայերի իրավունքները կապահովվեն Ադրբեջանի մյուս քաղաքացիների հետ հավասար պայմաններով։
Ադրբեջանցի դեսպանի այս գրառումն, ըստ Գայանե Աբրահամյանի, այն է, ինչ պարբերաբար ու բացահայտ ասում է Ալիևը․
«Լավ է, որ սա տեղի է ունենում եվրոպացի բավականին բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ։ Ստացվում է, որ այն հույսերը, որ տարբեր միջնորդներ ունեն, թե ինչ-որ ձևով հնարավոր է հասցեագրել մարդու իրավունքների պաշտպանությունը Արցախում, դիտարկելով Արցախն Ադրբեջանի մաս, որևէ հաջողության չեն հասնելու, եթե անգամ լինելու է իրավունքների պաշտպանության որևէ երաշխավոր»։
Անդրադառնալով ադրբեջանցի դիվանագետի նույն այդ գրառմանը, Հաագայի վերը նշված քննարկման մասնակից ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը ֆեյսբուքում գրել է՝ «Դեսպանի անհանդուրժող ու ռազմատենչ ելույթը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մենք իրավացի էինք: Այդ երկրում հայերի դեմ ատելություն քարոզվում է պետական մակարդակով ու վերոնշյալ դիվանագետը չկարողացավ դա թաքցնել: Այդ ամենը տեղի ունեցավ եվրոպացիների աչքի առաջ, որոնք պատրանքներ ունեն, թե հայերը Ադրբեջանի կազմում կարող են անվտանգ լինել: Այնպես որ ադրբեջանցի դիվանագետի ռազմատենչությունը միայն իրենց վնաս տվեց այս քննարկման արդյունքում»,–գրել է Տաթև Հայրապետյանը:
Գայանե Աբրահամյանը եզրակացնում է, որ արցախյան հակամարտության հարցում միջազգային հանրության ընկալումները փոխվում են հատկապես Հակարիի կամրջին անցակետի տեղադրումից հետո։ Այսպես՝ եթե Լաչինի միջանցքի փակվելուց հետո կարծիք կար, թե դա արվում է, որ Արցախի բնակչությանը Ադրբեջանի կողմից Աղդամով սնունդ հասցվի և այդ կերպ իբր ինտեգրման գործընթացը սահուն կազմակերպի, ապա տոտալ շրջափակումից հետո շատերը հասկացան, որ Բաքվի առումով լավատեսության հարցում սխալվել են, ասում է ԱԺ նախկին պատգամավորը․
«Հատկապես ամերիկյան կողմում վերջին շրջանում հստակ է որոշակի փոփոխություն՝ հասկանում են, որ Ալիևը բանակցաունակ չէ: Միջազգային հանրության ընկալումների փոփոխությունը տեղի է ունեցել Ալիևի սխալ հաշվարկների ու շարունակական ագրեսիվ քաղաքականության հետևանքով, այսինքն՝ Ալիևը սխալներ է թույլ տալիս, որն իր դեմ է»։
Արդեն հստակ է նաև միջազգային հանրությանը, որ Ալիևը գնում է էթնիկ զտման ճանապարհով, ասում է Գայանե Աբրահամյանը։ Նա նաև նկատում է, որ միջազգային հարթակներում փոխվել է նաև մոտեցումը պատերազմական հանցագործություններ թույլ տված ադրբեջանցի գեներալների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցում։ Ըստ Աբրահամյանի՝ նախկինում այլ էին ընկալումները նաև այս հարցում։
Ադրբեջանական ատելության պայմաններում «Անջատում հանուն փրկության» մոտեցումը միակ գործիքն է նրա համոզմամբ, որին պետք է հասնել ՄԱԿ-ի արտարադատության միջազգային դատարանի միջոցով։
«Միջազգային իրավունքը չի սահմանում՝ «անջատում հանուն փրկության» սկզբունքը որ դեպքում կարող է կիրառվել, բնակչության ինչ ծավալի դեպքում։ Կոսովոյում բնակչությունը շատ ավելի մեծ էր և այստեղ կա այդ դիլեման, թե արդյոք 120 հազարը բավարար է, բայց մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից մեկ անձի փրկության համար էլ պետք է գործեն այդ մեխանիզմները»։
Նախկին պատգամավորի համոզմամբ՝ բավարար ջանք ներդնելու դեպքում հնարավոր է հասնել «անջատում հանուն փրկության» սկզբունքի իրագործմանը արցախյան հակամարտության կարգավորման հարցում։