Ադրբեջանը դարձյալ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաների համար։ Բաքուն հայտնում է, թե «Լաչին» անցակետում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով հուլիսի 1-ին, 3-ին, 5-ին փորձեր են արվել մաքսանենգ ճանապարհով տարբեր տեսակի ապրանքներ տեղափոխել Լեռնային Ղարաբաղ։ Հաղորդագրության մեջ նշվում է, թե ԿԽՄԿ-ին պատկանող տրանսպորտային միջոցները և բժշկական տարհանումը մաքսանենգության համար օգտագործելը Ադրբեջանի օրենքների կոպիտ խախտում է և ԿԽՄԿ-ի հանդեպ Ադրբեջանի վստահության չարաշահում։ Կատարվածին արձագանքել է նաև ԿԽՄԿ–ն։ Գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ իրենց պատկանող  որևէ փոխադրամիջոցում որևէ չարտոնված իր չի հայտնաբերվել ։

«Բաքուն սեղմում է Արցախի շուրջ օղակը»,- ասում է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը։ Նրա համոզմամբ՝ ԿԽՄԿ –ին անվստահություն հայտնելով և Լաչինի միջանցքը լրիվ արգելափակելով՝ Բաքուն փորձում է ընդգծել, որ Արցախն իր տարածքն է, և ըստ նրա՝ էական չէ, թե ինչ է տեղափոխվել ԿԽ մեքենաներով։

«Միայն ինքնիշխան տարածք մուտք գործելիս պետք է հաշվետու լինել, թե ինչ ապրանք են տեղափոխում և մաքսազերծում պահանջեն։ Իսկ Արցախն իրենց սուվերեն տարածքը չէ, այս հարցը վիճարկվում է հենց  արցախցիների կողմից։ Արցախն ինքնիշխան է ուզում դառնալ, որովհետև իր ճակատագիրը Ադրբեջանի կազմում չի պատկերացնում։ Ադրբեջանը այսպիսի քայլերով փորձում է իր ինտեգրացիոն քաղաքականությունն իրականացնել, որի վերջնարդյունքը և  էությունը ցեղասպան քաղաքականությունն է»։

Եվրոպական ատյաններն իրենց դիրքորոշումն արտահայտել են Բերձորի միջանցքի ագելափակման հարցում և տարբեր ձևաչափերով հայտարարել են, որ Բաքուն պետք է բացի այն։ Միջազգային հեղինակավոր կառույցները ևս կոչերով, հայտարարություններով, բանաձևերով պարտավորեցրել են Ադրբեջանին բացել միջանցքը։ Այս քայլերին կարող է  հաջորդել միայն պատժամիջոցների կիրառումը՝  ասում է քաղաքագետը։

«Ակնհայտ է, որ ռազմական միջամտություն աշխարհը մեր փոխարեն չի ցուցաբերելու։ Եթե ՀՀ ՊԲ ներուժը բավարարեր, մենք կարող էինք այդ քայլին դիմել, բիրտ ուժ կիրառելով՝ բացել Բերձորի միջանցքը, և որևէ մեկը մեզ չէր կշտամբի, բայց  մենք դա չենք կարողանում անել, իսկ աշխարհին հասու են միայն դիվանագիտական ճնշումները, որոնց միջոցով հարաբերական կայունությունը մենք դեռ տեսնում ենք, լայնածավալ պատերազմ չկա և Արցախի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն առայժմ չկա»։

Ապագայում, ըստ Գուրգեն Սիմոնյանի,  հավանական է, որ տնտեսական պատժամիջոցներ կիրառվեն Բաքվի դեմ։ Նա հիշեցնում է, որ Ֆրանսիան հրաժարվել է Ադրբեջանի հետ էներգետիկ, այսպես ասած, առք ու վաճառքից։ Պետք չէ չափազանցնել Ադրբեջանի տնտեսական կարևորությունը ասում է զրուցակիցս , միանգամայն հավանական համարելով ադրբեջանական էներգակիրներից հրաժարվելու հին աշխարհամասի դիրքորոշումը։

«Չմոռանանք, որ 90-ականներին ԱՄՆ-ի այդպիսի պատժամիջոցներից էր նաև այն հատուկ բանաձևը, որը հայկական լոբբին առաջ մղեց Կոնգրեսում, համաձայն որի՝ Ադրբեջանին ցանկացած տեսակի սպառազինություն մատակարարելն արգելվում էր»։

Քաղաքագետն այս ամենով հանդերձ առավել հուսալի գործիքակազմ է համարում Հայաստանի Հանրապետության ռազմական հզորացումն ու պաշտպանունակության բարձրացումը։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ԿԽ մեքենաների համար Բերձորի միջանցքի արգելափակումը պատրվակ է համարում։

«Ադրբեջանը ցանկացած պարագայում առիթ է փնտրելու միջանցքը փակ պահելու համար։ Նաև տեսանելի է հետևողականություն․ բլոկադան ամուր պահելով՝ արցախցիներին անվտանգային ու մարդու իրավունքների տեսանկյունից  անընդհատ դժվարություններ հարուցել, և սա այդ դրվագներից մեկն է։  Մյուս կողմից՝ այդ գործողությունները նպատակ ունեն, մեծացնելով Արցախի շրջափակումը, մեծ վնաս հասցնել արցախցիներին՝ դիվանագիտականից մինչև առաջնագծում առկա լարվածություն առաջացնելը»։

Կատարվածին ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նաև ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։ Նա միջազգային միջնորդների կեցվածքին է անդրադարձել։

«Ինձ մի հարց է հուզում` այն բոլոր միջազգային միջնորդները, որոնք Նիկոլ Փաշինյանին խորհուրդ են տվել Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս ու հետո իբր ապահովել կոնսոլիդացիա Արցախի շուրջ, չե՞ն ուզում գալ ու ուղղակի մտնել Արցախ և տեսնել իրավիճակը, թե՞ վախենում են Ադրբեջանից։ Եթե ազդեցության լծակ չունեք Ադրբեջանի վրա, ուրեմն դուք չեք կարող ստանձնել միջնորդի դեր, որովհետև դա հսկայական պատասխանատվություն է։ Դուք պատասխանատու եք Արցախում ստեղծված ծանր ու օրեցօր վատացող իրավիճակի համար», – գրել է վերլուծաբանը։

Կատարվածին արձագանքել է նաև ԿԽՄԿ–ն։ Գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ իրենց պատկանող  որևէ փոխադրամիջոցում որևէ չարտոնված իր չի հայտնաբերվել և որ փոխադրվող ողջ բեռը ենթակա է մաքսային ստուգման Ադրբեջանի Հանրապետության կողմից։

ԿԽ–ն  պարզաբանել է նաև, որ առանց իր  իմացության վարձու չորս վարորդներ փորձել են առևտրային նշանակության ապրանքներ տեղափոխել սեփական փոխադրամիջոցներով, որոնց վրա ժամանակավորապես փակցված է եղել ԿԽՄԿ տարբերանշանը։ Նշված անձինք չեն եղել ԿԽՄԿ աշխատակիցներ, և նրանց հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերն անմիջապես խզվել են ԿԽՄԿ-ի կողմից։ Լաչինի միջանցքի երկայնքով ԿԽՄԿ աշխատանքը մշտապես և բացառապես մարդասիրական բնույթ ունի՝ նշվում է հաղորդագրության մեջ։ Շեշտվում է նաև, որ գործունեությունը մշտապես փոխհամաձայնեցվում է կողմերի հետ և հազարավոր մարդկանց կյանքի վրա կենսական ազդեցություն ունի։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն