Բրյուսելում եռակողմ ձևաչափով հանդիպումից փորձագետները մեծ ակնկալիքներ չունեն, քանի որ կողմերի դիրքորոշումներն իրարամերժ են։ Բրյուսելյան հանդիպման մեկնարկից անմիջապես հետո ուշագրավ հայտարարոություն է տարածել Ռուսաստանի ԱԳՆ-ն․ մասնավորապես ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելու Հայաստանի որոշումը արմատապես փոխել է ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայման պայմանները։

Փաշինյան-Ալիև-Միշել բրյուսելյան եռակողմ հանդիպումից արագ արդյունք պետք չէ սպասել՝ համոզված են քաղաքագետները, կարծում են  գերտերությունները չեն շտապում լուծումների գնալ։ Մինչև հանդիպումը եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան, որի անունը չի հրապարակվում, «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ բրյուսելյան հանդիպումները մյուս ձևաչափերին չեն հակասում և որ առաջնորդների մակարդակով հանդիպումները առանցքային նշանակություն ունեն խաղաղ կարգավորումն առաջ մղելու և նոր բախումներից խուսափելու համար։ Ըստ նրա՝ բրյուսելյան հանդիպմանը կքննարկվեն օրակարգային բոլոր հարցերը, այդ թվում՝ մարդասիրական խնդիրները, սահմանի դելիմիտացիան, խաղաղության համաձայնագիրը, Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացումը։

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանն ավելի կարևորում է վաշինգտոնյան ու բրյուսելյան հարթակներում բանակցությունները։ Հիշեցնում է, որ բրյուսելյան նախորդ հանդիպումից հետո հայտարարվեց, որ երկու երկրների ղեկավարները ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։

«Իհարկե, մենք հակում ունենք, որ հարցերին արագ լուծում լինի, բայց սա տևական գործընթաց է։ Մենք բանակցել ենք Միշելի հովանավորությամբ, Բլինքենի հովանավորությամբ, և այստեղ որոշակի ձեռքբերումներ կան։ Ադրբեջանից կարողացել ենք կորզել գոնե տարածքային ամբողջականության ճանաչում, որովհետև գիտենք, որ Ադրբեջանը դա էլ չէր ճանաչում, քանի որ մեծ եղբոր՝ Պուտինի հետ, Հայաստանին էին ներկայացրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որտեղ Հայաստանը հայտարարվել էր սահմաններ չունեցող պետություն։ Նաև Միշելը հայտարարեց, որ Ադրբեջանը պետք է նստի Արցախի հետ բանակցելու, սա մեծ ձեռքբերում է»։

Խսոքը Բրյուսելում այս տարվա մայիսի 14-ին կայացած և չորս ժամ տևած հայ-ադրբեջանական բանակցությունների մասին է, ինչից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը։ Ընդ որում՝ Շառլ Միշելն երկու երկրների տարածքները նշեց թվերով՝ Հայաստանի 29 հազար 800 և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կմ-ը։

Քաղաքագետ Սուրեն Սուրնյանցը որևէ ակնկալիք չունի բրյուսելյան հարթակում բանակցություններից, քանի որ սկզբունքնային հարցերի շուրջ կողմերը լուրջ տարակարծություններ ունեն, ավելին՝ նա այս հանդիպումից հետո լարվածության աճ է կանխատեսում։

«Հանդիպումից հետո նույնիսկ էսկալացիայի աճի վտանգ եմ տեսնում, որովհետև նման հանդիպումների ժամանակ, երբ լուրջ ձեռքբերումներ չեն լինում, դա կարող է վտանգավոր ազդակ դառնալ։ Այսինքն՝ Ադրբեջանը շարունակելու է իր պարտադրողական դիվանագիտությունը, ինչը ուժի և դիվանագիտության զուգակցումով միտված է « կրճատել» այն հարցերը, որոնց շուրջ բանակցություններում պահպանվում են հակասությունները»։

Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ նրան է փոխանցել ԼՂ նախագահի նամակը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն ու լուսանկար հրապարակել։  Որքանո՞վ այս նամակը ազդեցություն կունենա Արցախում հումանիտար ճգնաժամը մեղմելու գործում և կստիպի  Բաքվին բացել Բերձորի միջանցքը։

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանը կարևոր է համարում  նամակի բովանդակությունը։

«Հուսամ՝ դա այն բովանդակությունն ունի, ինչի մասին բազմիցս ասել եմ, որ Արցախի նախագահը ուղերձով պետք է դիմի Միշելին, որ ինքը պատրաստ է Միշելի առաջարկած ձևաչափով կամ այլ ձևաչափով Ադրբեջանի հետ բանակցել։ Եթե դա է, ապա շատ ողջունելի է, իսկ եթե ավանդական ՝ էս ինչ է լինում, միջազգային հանրությունը մեղավոր է․․․ բովանդակությամբ նամակ է լինելու ապա արդյունք չի տալու»։

Միջազգային հարթակներում բանակցություններն արդյունք կտան՝ ըստ քաղաքագետի, եթե Հայաստանը մեծացնի ռազմական պոտենցյալը։

«Այս պահին Հայաստանի Հանրապետության ռազմական պոտենցյալը տեղը չի, դրա համար թեքվել է դիվանագիտական հարթակներ և այստեղ որոշակի հաջողություններ կան, բայց սա տևական խաղաղոթւյան չի բերի։ Իշխանությունները այժմ շրջանառության մեջ են դրել խաղաղության դարաշրջան ձևակերպումը, դե խոսում են էլի, դիսկուրս է դրել են շրջանառության մեջ էլի։ Պետք է իմանանք մի բան, որ եթե իրենց նպատակն է դիվանագիտական ճանապարհով հասնել դրան ուրեմն հարկավոր է իմանալ, որ դա հնարավոր չէ։ Դիվանագիտական ճանապարհը մեզ տալու է որոշակի կարճաժամկետ միջանցք, որի ընթացքում մենք պետք է մեր պետության պոտենցյալը հավաքենք, առաջին հերթին ռազմական։ Եթե ՀՀ դա անի  արդյունք կունենա, քանի որ Ադրբեջանի վրա ճնշումներ կան»։

Մինչ Բրյուսելում եռակողմ հանդիպում է ընթանում,  Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ Մոսկվան պատրաստ է մոտ ապագայում կազմակերպել ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ։ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելու Հայաստանի որոշումը արմատապես փոխել է ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայման պայմանները։ Պետք է անհապաղ սկսել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը՝ հիմնվելով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա»,-նշվում է ՌԴ ԱԳն հայտարարության մեջ։

Ռուսաստանը նաև կոչ է անում Ադրբեջանի ղեկավարությանը շտապ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման համար։

Նշվում է, որ ստեղծված պայմաններում չպետք է Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը բարդել երրորդ երկրների վրա․ «Ղարաբաղի շուրջ իրավիճակը զարգանում է բացասական սցենարով, ճգնաժամը կարող է իր հետ բերել ամենադրամատիկ հետևանքները»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն