Մոսկվայում կայացած Միրզոյան- Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարարությունը տեղեկացրել է, որ  նախարարները կենտրոնացել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի ապաէսկալացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու համատեղ ջանքերի կարևորության վրա, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման, ինչպես նաև հասարակական գործիչների և փորձագետների շփումների և խորհրդարանականների միջև երկխոսության մեկնարկ տալու ուղղությամբ: Եռակողմ հանդիպումից հետո ռուսական կողմը նաև Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակման կոչ է արել։

Լավրովի կողմից, սակայն, արվել են պարզաբանումներ, որոնք իրարանցում են առաջացրել հայաստանյան քաղաքական դաշտում, մանրամասները ռեպորտաժում

Պրահայից հետո մոսկովայան ձևակերպումները կանխատեսելի էին  ՝ ասում է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով Մոսկվայում կայացած Միրզոյան- Լավրով- Բայրամով եռակողմ հանդիպմանն ու դրանից հետո տարածված հայտարարությանը։

«Մոսկվայում շատ կանխատեսելի ձևակերպումներ եղան, քանի որ արդեն մոտ 10 օր առաջ ՌԴ ԱԳՆ արձանագրել էր, որ մոսկովյան բանակցությունների ռաունդը Պրահայի քառակողմ հայտարարությունից հետո միանգամայն նոր համատեքստում է սկսվելու։ Չի կարող ԼՂ նշանաձողը խայտառակ անկում ապրել Բրյուսելում ու Վաշինգտոնում և Մոսկվայում դարձյալ վերադառնալ այն համատեքստին, որը ենթադրում էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը»։

Սուրենյանցի կարծիքով՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարությունն, ըստ էության, սրբագրեց նոյեմբերի 9-ի ստատուս քվոն։ Իսկ այս փաստաթուղթը, քաղաքագետի համոզմամբ, ավելի բարենպաստ ենթատեքստ ունի, քան կարգավորման այն տարբերակները, որոնք հիմա քննարկվում են։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ամրագրված է ԼՂ սուբյեկտայնությունը, հստակ սահմանված է միջանք հասկացությունը,  որը պետք է կապեր  Արցախը Հայաստանին և առկախված էր ԼՂ կարգավիճակի հարցը։

Իսկ այսօր ԼՂ հարցն, ըստ Սուրենյանցի, այլևս իջեցված է ազգային փոքրամասնության իրավունքների կարգավիճակի։ Ասվածի հիմնավորումը մոսկովյան հանդիպումից հետո ՌԴ ԱԳՆ Լավրովի հայտարարությունն է՝

«Հայկական կողմում առկա է այն ըմբռնումը, որ անհրաժեշտ է համոզել Լեռնային Ղարաբաղի հայերին՝ շուտափույթ կերպով հանդիպումներ անցկացնել ադրբեջանական ներկայացուցիչների հետ՝ այն իրավունքների համաձայնեցման նպատակով, որոնք բխում են համապատասխան օրենսդրությունից, միջազգային պարտավորություններից  ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին բազմաթիվ միջազգային կոնվենցիաները։ Ադրբեջանական կողմը, փոխադարձության սկզբունքից ելնելով, պատրաստ է նույնանման երաշխիքներ տրամադրել իր տարածքում ապրող մարդկանց։ Հայերն այդ բոլոր կոնվենցիաների կիրառման առումով պատրաստ են նույնն անել այն մարդկանց պարագայում, որոնք ապրում են Հայաստանի Հանրապետությունում»։

Սուրեն Սուրնյանց․ «Հայկական դիվանագիտությունը մինչև Մոսկվա հասնելը ձախողվել է նաև մեկ այլ ոլորտում։ Ալիևին հաջողվել է ԼՂ հայության ինչ-որ իրավունքների քննարկման համատեքստում պարտադրել, որ օրակարգային դառնա Հայաստան ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը։ Եվ երեկ Լավրովի խոսքից պարզ դարձավ, որ այդ հարցերը փոխկապակցված են քննարկվում»։

Ավելի քան երեք տևած եռակողմ բանակցություններից հետո Լավրովն ընդգծել է, որ կողմերը հասկանում են, որ  Ղարաբաղի հայերի իրավունքների ապահովումը պետք է ուղղակիորեն կապված լինի 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի դրույթների հետ։

«Ամենազգայուն հարցը նախկինում եղել է և հիմա էլ մնում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքները՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման համատեքստում։ Այն ամբողջությամբ պետք է համապատասխանի 1991 թվականին Ալմա-Աթայում, նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարների կողմից ստորագրված հռչակագրի դրույթներին»։

Լավրովն ընդգծել է, որ այդ հռչակագրի վավերականությունը կայացած բանակցությունների ընթացքում հաստատել են թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը և «խաղաղ պայմանագրի վրա աշխատանքը կառուցվում է հենց այս մոտեցմամբ»։

Նա հստակեցրել է, որ կողմերին  ներկայացվել են ռուսական կողմի գնահատականները՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներից ստացած զեկույցները։ Լավրովը շեշտել է նաև Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը։ Չի բացառել, որ մինչև տարեվերջ կարող է կայանալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ևս մեկ եռակողմ հանդիպում։

Ռուսաստանի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական բանակցություններում Ռուսաստանից բացի այլ միջնորդների ներգրավման հարցին և ողջունել այն ուժերի ցանկությունը, որոնք անկեղծորեն շահագրգռված են օգնելու, որ Երևանն ու Բաքուն համաձայնությունների հանգեն։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցվիչ Մարիա Զախարովան սակայն նշել է, որ ոչ  Բրյուսելը, ո՛չ Միացյալ Նահանգները, իրենց միջնորդության առումով, չունեն որևէ արդյունք, որը կհանգեցնի կայունացման Հարավային Կովկասի տարածաշրջանում։

«ՀՀ-ում ԵՄ առաքելությունը խնդիր ունի սպասարկել ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական բախումը և որևէ խոսք չկա Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների նորմալացման մասին։ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական դիմակայությունն է։

 Զախարովան  նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ն և Թուրքիան մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Հարավային Կովկասի նկատմամբ, ևՄոսկվան, ըստ նրա, վստահ է, որ դաշինքի ներգրավվածությունը տարածաշրջան կբերի ապակայունացում և երկար ժամանակով կհետաձգի լիարժեք խաղաղ կարգավորումը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն