Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  դադարեցրել է նստացույցը, բայց ակցիաները Ստեփանակերտում շարունակվում են։ Արցախի նախագահը վստահեցրել է, որ դրանց մասնակիցների հետ պարբերաբար կհանդիպի ու կքննարկի անելիքները։

Բացի այդ, Արայիկ Հարությունըյանը Հայաստանի Հանրապետության իշխանություններին կոչ է արել առավելագույն ջանքեր գործադրել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի վճռի կատարման և Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անհապաղ դիմելու և շոշափելի արդյունքներ ապահովելու ուղղությամբ:

Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, որ Արցախի Աժ նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել, չի համապատասխանում իրականությանը, «Ռադիոլուրին» ասաց Արցախի խորհրդարանի «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը․

«Առայժմ հրաժարական չի տվել։ Վաղը մենք ունենք արտահերթ նիստ։ Օրակարգն ավելի շատ միտված է ներկա կացությանն ու անելիքներին»։

Որպես Արցախի խորհրդարանի նոր նախագահի թեկնածու մամուլում շրջանառվոում է հենց Դավիթ Իշխանյանի անունը։ Այս մասին մեր հարվին ի պատասխան, պատգամավորն առաջարկեց սպասել Հուլիսի 27-ի նիստին։ Արտահերթ նիստի օրակարգում, ըստ Դավիթ Իշխանյանի, լինելու է ԱԺ-ի ուղերձի հարցը։

Հայկական երկու հանրապետություններում արդեն մի քանի օր է իրազեկման հանրահավաքներ ու նստացույցեր են անցկացվում։ 10 օր առաջ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նստացույց անող քաղաքացիներին միացել էր նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Այսօր արդեն նա  հայտարարեց, որ դադարեցնում է նստացույցը, քանի որ համարում է, որ համաժողովրդական շարժումն ու մնացած բոլոր ջանքերն արդեն որոշակի արդյունք ապահովել են՝

միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու և գործնական քայլերի մղելու հարցում։ Ըստ նախագահի գրառման՝ այս ընթացքում հրապարակային ու փակ ձևաչափով գործադրված ջանքերի ու իրականացրած միջոցառումների արդյունքում մեծացել է Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը։ Սա դրսևորվել է հայտարարություններով ու գործողություններով․

«Հաշվի առնելով ստեղծված ծանրագույն իրավիճակը , Արցախը հայտարարել եմ աղետի գոտի, միջազգային հանրությանը կոչ անելով հրատապ հումանիտար աջակցություն ցուցաբերել: Դրա առաջին արձագանքը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն է Արցախի ժողովրդին աղետից փրկելու նպատակով այսօր Արցախ մեծաքանակ հումանիտար աջակցություն ուղարկելու մասին: Կա՛մ Ադրբեջանը կբացի Լաչինի  միջանցքը այդ հումանիտար աջակցության առջև, կա՛մ աղետի գոտի հումանիտար բեռների մուտքի հերթական արգելքով, ի լուր աշխարհի, լրացուցիչ կերպով կվերահաստատի իր քաղաքականության ցեղասպանական էությունը»:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ քաղաքական, հումանիտար, հնարավոր այլ գործիքակազմերի կիրառմամբ պետք է մեծանա ճնշումը  նաև Լաչինի միջանցքը բացելու հարցում։ Արցախի իշխանությունները քննարկում են բոլոր հնարավոր սցենարներն ու քայլերը՝ ըստ զարգացումների կիրառելու նպատակով:

Արցախի Աժ «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանին հետաքրքրում էր, թե միջազգային ո՞ր ճնշման մասին է խոսքը։ Միջազգային հանրությունը 44–օրյա պատերազմից մինչ օրս կատարվող իրադարձությունների մասին լռում է։ «Ռադիոլուրի» հետ զրույցում Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավորը նախագահի նստացույցի դադարեցումն ավելի շատ քննադատության արդյունք է համարում։

«Իր նստացույցի արդյունքում բավական իջեցվեց մեր սուբյեկտայնությունը, և հիմա երկրի նախագահը պարտավոր է հնարավորինս ջանքեր գործադրել բարձրացնելու այդ ուղղությամբ՝ չնայած ես լավատես չեմ»։

Արցախի փրկության հարցն օրհասական է, ասում է Մետաքսե Հակոբյանը։ Ըստ նրա՝ օրակարգում պետք է պահել ոչ թե հումանիտար աղետը, այլ՝  քաղաքական։

«Այսօր Արցախում սոված կամ կուշտ լինելու խնդիրը չէ գլխավորը։ Մեր մոտ հիմա ոչ թե հումանիտար աղետ է, այլ քաղաքական, ինչի արդյունքում սովի են մատնված բնակիչները»։

Ստեփանակերտ–Բաքու երկխոսության անհրաժեշտությանն է անդրադարձել Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։ Նա նշել է, որ Արցախի ժողովուրդը ևս հասկանում է, որ երկխոսությունն անհրաժեշտ է՝ խոսելու, քննարկելու, իրենց իրավունքները՝ այդ թվում ինքնորոշման իրավունքը ներկայացնելու և պաշտպանելու, տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն նպաստելու համար: Բայց, միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունից պարզ է դառնում, որ ՀՀ կողմից արդեն որոշվել է այդ երկխոսության ընթացքում քննարկման ենթակա հարցերի շրջանակը, կամ ՀՀ-ն համաձայնել է Ադրբեջանի կողմից առաջարկված քննարկման առարկայի հետ:

«Հիմա կամ ՀՀ կողմից պետք է հերքվի այդ հանգամանքը, կամ պետք է արձանագրենք, որ անասելի չափ իջեցվել է նաև Բաքու-Ստեփանակերտ երկխոսության «նշաձողը»: Սա շատ կարևոր է, որպեսզի հայ ժողովուրդը, այդ թվում՝ արցախահայությունը, հասկանան իրենց հետագա անելիքները»:

Արցախում շարունակվում են նստացույցերն ու ակցիաները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն