360 տոննա հումանիտար բեռ տեղափոխող 19 բեռնատարները կանգնած են մնացել Հակարիի կամրջի մոտ
360 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներով բեռնված 19 բեռնատարներն ամբողջ գիշեր կանգնած են մնացել Հակարիի կամրջի մոտ։ Ըստ Հայաստանի կառավարության՝ ռուս խաղաղապահների հետ բանակցություններ են ընթանում, որ նրանց օգնությամբ և ուղեկցությամբ բեռը տեղ հասցվի։ ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները նույնպես Հակարիի կամրջի մոտ են։ Նրանք հետևում են, թե ինչ լուծում կստանա մարդասիրական բեռները շրջափակված արցախցիներին հասցնելու գործընթացը։
Հումանիտար օգնությունը երեկվանից Սյունիքի մարզի Կոռնիձորում է՝ 19 բեռնատարները Լաչինի միջանցքի մուտքի մոտ են։ Ռուս-ադրբեջանական բանակցությունների արդյունքներին են սպասում՝ ասում է Հայաստանի վարչապետի որոշմամբ ստեղծված Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ղեկավար Վարդան Սարգսյանը.
«Գործընթացը պահանջում է որոշակի ըմբռնում, համբերատար մոտեցում և քայլերի որոշակի հաջորդականություն, և այս պահին մենք դեռ որևէ արձագանք չենք ստացել և սպասում ենք արձագանքի»։
Ադրբեջանն անհասկանալիորեն խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը՝ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտնել.
«Մենք խնդրել ենք, որ ԼՂ-ում տեղակայված խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները ընդունեն բեռը և տեղափոխեն ԼՂ, որտեղ Լաչինի միջանցքի՝ շուրջ 8 ամիս ապօրինի արգելափակված լինելու հետևանքով հումանիտար ճգնաժամ է հաստատված։ Ադրբեջանը, սակայն, խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը Լաչինի միջանցքի հատված և ԼՂ։ Այս գործելակերպը անհասականալի է և անընդունելի։ Լաչինի միջանցքը ապօրինի արգելափակելու Ադրբեջանի պատճառաբանությունն այն էր, թե իբր Հայաստանը միջանցքն օգտագործում է ռազմական նպատակներով։ Սա, իհարկե, անհեթեթ պնդում է, բայց այն օգտագործվում է որպես պատրվակ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման համար»։
Ալյուր՝ 100 տոննա, մակարոնեղեն՝ 80 տ, շաքարավազ՝ 60 տ, բուսական յուղ՝ 40 տ, կաթի փոշի՝ 40 տ, աղ՝ 20 տ, մանկական կեր՝ 12 տ, դողորայք՝ 9 տոննա – 19 բեռնատարներով ԼՂ ուղարկված բեռների պարունակությունն է թվարկում Փաշինյանը․
«Երևանից շարժվելուց առաջ ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները հրավիրվել ու ծանոթացել են այդ բեռնատարների պարունակությանը։ Այդ դեպքում ինչո՞ւ Ադրբեջանը թույլ չի տալիս այդ բեռների մուտքը ԼՂ։ Մի՞թե ոչ այն պատճառով, որ Ադրբեջանի իրական նպատակը ԼՂ ժողովրդին սովի մատնելն է, ցեղասպանության ենթարկելը։ Անկախ մեր գնահատակններից, մենք սպասում ենք ռուսական խաղաղապահ զորախմբի, պաշտոնական Բաքվի դրական արձագանքին, որովհետև հումանիտար բեռների մուտքը թույլ չտալը կհաստատի ԼՂ-ում ցեղասպանություն իրականցնելու Բաքվի մտադրությունը։ Լաչինի միջանցքի մոտ սպասող բեռների մուտքը կնպաստի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին, դրական քայլ կլինի վստահության մթնոլորտի հաստատման ճանապարհին»։
Հայաստանի կառավարությունը երկու օր առաջ էր որոշել 361 տոննա հումանիտար օգնություն ուղարկել Արցախ։ Որոշման հրապարակումից անմիջապես հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հումանիտար բեռ ուղարկելը որակել էր որպես «սադրանք»։ Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, արձագանքելով այդ հայտարարությանը, շեշտել է, որ դա սադրանք չէ, այլ մարդկանց սովամահությունից փրկելու փորձ։ Նա ասել է, որ Հայաստանն իր գործողություններով ոչ մի տեղ չի թողել նման որակումների համար.
«Մարդկանց շրջափակման մեջ պահելը սադրանք չէ՝ ըստ իրենց, գազը, էլեկտրաէներգիան անջատելը, կապը արտաքին աշխարհի հետ կտրելը սադրանք չէ, բայց նրանց ձեթ, ալյուր, առաջնային դեղորայք, երեխայի կեր հասցնելը սադրա՞նք է։ Այն հայտարարությունները, որոնք արվում են, դրանք ներվային ջղաձգումներ են, որովհետև գնալով ապացուցվում է բոլոր հարթակներում, բոլոր մակարդակներում, որ Ադրբեջանը շուրջ 120 հազար մարդու շրջափակել և սովի է մատնում 21-րդ դարում»։
Հատուկ հանձնարարություններով դեսպանը Հակարիի կամրջի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում նաև նշել է, որ թեպետ դիվանագիտական և հումանիտար մակարդակում բոլոր քայլերն արվել են, այդ թվում նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համահունչ պարտավորությունները, հումանիտար ճգնաժամն օր օրի ավելի է խորանում։
«Պետք է շարունակենք մեր գործողությունները և ես, բնականաբար, հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այս բեռները փոխանցել ՌԴ խաղաղապահ զորախմբին»։
Նախօրեին Բաքվից հայտարարել էին, որ Աղդամով՝ Ակնայով հնարավոր է բեռներ տեղափոխել Ստեփանակերտ։ Բաքվի այդ պատրաստակամությունն ի գիտություն է ընդունել Եվրամիությունը։ Այդ կառույցի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, նշելով այդ հանգամանքը, միաժամանակ հստակ շեշտել է, որ Աղդամը չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վ այլընտրանք։ «Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով և թույլ չտալ ճգնաժամի հետագա սրացում»:
Նշենք նաև, որ ԵՄ-ն նախօրեին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը տարածաշրջանում լրջորեն տուժելու մասին էր ահազանգել և կոչ արել վերսկսել այն՝ ներառյալ հիվանդների տեղափոխումն ու մարդասիրական մատակարարումները: Ի դեպ՝ այսօր Կարմիր խաչի ուղեկցությամբ շտապ բուժօգնության կարիք ունեցող 11 բուժառու է Արցախից տեղափոխվել Երևան։