Արցախցիների վերաբնակեցում Արցախում. քաղաքակա՞ն, թե՞ իրատեսական թեզ
Սամվել Բաբայանը հայտարարել է, որ պատրաստ է Բաքու մեկնել՝ քննարկելու արցախահայերի ճակատագրի հարցը։ Նա միաժամանակ ասել է, որ եթե Արցախին հատուկ կարգավիճակ չտրվի, ինչի հնարավորությունը խիստ փոքր է գնահատում, արցախցիները հետ չեն գնա։
Խնդիրն օրակարգում պահելու և առաջնային պահանջ դարձնելու առաջարկով է հանդես եկել նաև նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Նա էլ շեշտում է, որ Ադրբեջանը 30 տարի շարունակ երբեք չի հրաժարվել իր քաղաքացիների՝ իրենց տները վերադառնալու պահանջից, նույնն այսօր պետք է պնդի Հայաստանը:
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը իրատեսական է համարում արցախահայերի վերաբնակեցումն Արցախում։ Ասում է, որ պատրաստ է անձամբ Բաքու գնալ և քննարկել արցախահայության ճակատագիրը։
«Առաջին հերթին մենք պետք է հասկանանք՝ Ադրբեջանն ինչի՞ է պատրաստ, ի՞նչ բանակցությունների է պատրաստ։ Մենք փաթեթը ուղարկել ենք, և եթե դրա շրջանակում պատրաստ է բանակցությունների, ապա կասենք այդ մասին և այդ լիազորությունները կստանանք, կհասկանանք, թե ում ենք տալիս և ով է բանակցելու»։
Սամվել Բաբայանը չի մանրամասնում, թե ինչ փաթեթ է առաջարկում բանակցությունների համար, նշում է միայն, որ կազմված է 23 կետից։ Արցախում արցախցիների վերաբնակեցման հավանականությունը չի բացառում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը, սակայն, ըստ նրա, ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչ երաշխիքներ է հնարավոր ստանալ և ոչ թե Ադրբեջանից, այլ՝ միջազգային հանրությունից։
«Կա որոշակի մեխանիզմ, որի միջոցով հնարավոր է արցախցիների վերադարձ, եթե Ադրբեջանը համաձայնի որոշակի քայլեր կատարել։ Թե ինչի՞ դիմաց Ադրբեջանը կհամաձայնի, դա ևս բանակցությունների առարկա է։ Կան որոշ առաջարկելու բաներ Ադրբեջանին, որոնք Ադրբեջանը կարող է ընդունել»։
Ռոբերտ Ղուկասյանը դեռ վաղ է համարում խոսել այն դետալների մասին, որոնց շուրջ Ադրբեջանը հնարավոր է բանակցի։ Քաղաքագետը, սակայն, կարծում է, որ մինչև այդ անհրաժեշտ է երաշխիքներ ունենալ միջազգային հանրությունից, մինչդեռ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը համոզված է, որ վերաբնակեցման դեպքում սեփական ուժերով Արցախում պաշտպանվելու հնարավորություն կա: Տարբեր մեխանիզմներ կան դրա համար՝ ասում է Բաբայանը:
«Պետք չեն ոչ միջազգային ուժեր, ոչ էլ այն ուժը, որը իբր մեզ պաշտպանում էր, բայց պարզվեց, որ չի պաշտպանում։ Մենք մեր ուժերով պաշտպանելու ենք եւ մենք մեր խնդիրները լուծելու ենք»:
Միաժամանակ Բաբայանն ասում է, որ եթե Արցախին հատուկ կարգավիճակ չտրվի՝ ինքնավար մարզի կարգավիճակ, ապա արցախցիները հետ չեն գնա: Բաբայանը հասկանում է, որ դրա հավանականությունը փոքր է մեկ տոկոսից, բայց համոզված է, որ պետք է բանակցել Բաքվի հետ։ Վստահեցնում է, որ մինչև սեպտեմբերի 19-ի ագրեսիան Բաքուն պատրաստ էր քննարկելու։
Մոտավորապես նույնպիսի թեզ է առաջարկում նաև Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Արցախահայությանն իրենց տուն ու հայրենիք վերադարձնելու օրակարգ պետք է ունենանք՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում պնդել է նախկին արտգործնախարարը։ Օսկանյանի խոսքով՝ այսօր իրավիճակ է փոխվել, հետևաբար՝ օրակարգային նոր հարցեր կան: Նախկին արտգործնախարարի համոզմամբ՝ առաջին հարցը արցախահայերին իրենց տներն ու հայրենիք վերադարձնելու խնդիրն է, որի մասին խոսվում է նաև միջազգային հարթակներում ու փաստաթղթերում, օրինակ՝ ԵԽ բանաձևում:
«Դեռևս կան միջազգային աջակցություն այս հարցում։ Բայց եթե մենք տեր չկանգնեինք այս հարցին, մենք ինքներս այս հարցը չբարձրացնենք, հավատացեք, շատ արագ նրանք էլ կհրաժարվեն։ Եվ այս հարցը կտրվի մոռացության և մենք էլ կմոռանանք առհասարակ, որ գոյություն է ունեցել նման հարց»։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը, սակայն, կարծում է, որ արցախցիների վերադարձի հարցն օրակարգում պահելն ուղղակիորեն կախված ՝ աշխարհաքաղաքական իրավիճակից։
«Ամեն ինչ կախված է նրանից, թե աշխարհաքաղաքական իրավիճակն ինչպիսին կլինի. կշարունակվի՞ արդյոք Ադրբեջանի վրա ճնշումը, որովհետև ճնշում էլ է պետք դրա համար։ Բավարար չէ միայն շահավետ առաջարկը Ալիևին։ Այսինքն, հնարավորություն կա, իհարկե, այդ հնարավորությունը բավական փոքր է»։
Օսկանյանը շեշտում է, որ Ադրբեջանը 30 տարի շարունակ երբեք չի հրաժարվել իր քաղաքացիների՝ իրենց տները վերադառնալու պահանջից, նույնն այսօր Հայաստանը պետք է պնդի: Նախկին արտգործնախարարը կարծում է, որ հայրենադարձության խնդրին զուգահեռ օրակարգային պետք է դառնա նաև Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների վերադարձի հարցը։ Այս երկու հարցերր, նրա կարծիքով, պետք է առաջնային լինեն բանակցությունների հայկական օրակարգում։