«Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ նախագահ Կարինե Մովսիսյանը կարծում է, որ Քաշաթաղի շրջանի համայնքներն ի վերջո հայաթափվելու են, քանի որ չկա պետական քաղաքականություն ու չի հստակեցվում պատերազմից հետո Ադրբեջանին չանցած համայնքների կարգավիճակը։

Նշենք, որ պատերազմից հետո Բերձոր, Սուս ու Աղավնո համայնքները մնացել հայկական վերահսկողության տակ։ Սակայն թույլ չի տրվում, որպեսզի, մասնավորապես, Բերձորի բնակիչները վերադառնան քաղաք, քիչ թվով ընտանիքներ են ներկայում բնակվում այնտեղ։

«Ռուս խաղաղապահները հսկում են միայն ճանապարհը, իսկ քաղաքն ամբողջությամբ հսկողությունից դուրս է։ Արգելված է բնակիչներին ավտոմեքենաներով անցնել դեպի իրենց տներ, նույնիսկ մինչև վերջերս կողքի ճանապարհները ռուսների կողմից ամբողջությամբ փակված են եղել։ Իրենք ասում են՝ եթե ուզում ես գնալ քո տուն, գնա, բայց մենք քո անվտանգության համար պատասխան չենք տալու։ Քաղաքում թողնում են սահմանափակ քանակի մարդ, պետական կառույցներն ամբողջությամբ լուծարված են՝ դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց, ոստիկանություն, անվտանգություն։ Այսինքն՝ ինձ թվում է, որ ամեն դեպքում չեն թողնելու, որ այդ քաղաքում հայեր ապրեն։ Ես չգիտեմ՝ գնում են բանակցություններ, թե ոչ, բայց համենայնդեպս այսօրվա դրությամբ ոչ ոք չի կարող ապահովել Բերձորի բնակիչների անվտանգությունը»,- Lragir.am-ին ասաց նա։

Ըստ Կարինե Մովսիսյանի՝ եթե պետությունը չի ապահովում մարդկանց՝ այնտեղ բնակվելը, այս պատկերն է ստացվում։ «Գրեթե բոլորի տներն այնտեղ թալանված են, և թալանվել են ոչ թե պատերազմից հետո, այլ պատերազմի օրերին՝ հենց հայերի կողմից։ Եթե մարդիկ գնան, իրենց բնակարանային հարցը գոնե պետք է լուծեն։ Եթե այսօր պետական ոչ մի կառույց այդ խնդիրը չի վերցնում իր վրա, մարդիկ ո՞նց գնան այնտեղ»,- հավելեց նա։

Կարինե Մովսիսյանի խոսքով՝ երբ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ստորագրվել է և պարզ է դարձել, որ Բերձորը չի անցնելու Ադրբեջանին, շատ ընտանիքներ ցանկություն են հայտնել վերադառնալու, «բայց ասել են՝ պետք չէ»։ Նա հավելեց, որ վերջերս քաշաթաղցիները հանդիպել են Արցախի նախագահի Արայիկ Հարությունյանի հետ, նրան հարցրել են, թե Բերձորի, Սուսի և Աղավնոյի կարգավիճակն ինչ է լինելու։ Արայիկ Հարությունյանը անորոշ պատասխան է տվել նրանց։ Չնայած գրեթե մեկ տարի է անցել, բայց Կարինե Մովսիսյանի խոսքով, այսօր էլ շատ ընտանիքներ կցանկանան վերադառնալ Բերձոր, բայց բաց է անվտանգության հարցը։ Աղավնո համայնքում համեմատաբար շատ ընտանիքներ են ապրում, սակայն նա նկատում է, որ այնտեղ էլ անվտանգությունն ապահովված չէ։ Սուս համայնքում, Կարինե Մովսիսյանի տվյալներով, մի քանի ընտանիք է բնակվում ընդամենը։

«Մենք 30 տարի անց կանգնել ենք փաստի առաջ, իսկ պետությունը մեզ նույնիսկ չի կանչում մեր տներ։ Հստակ պետական քաղաքականություն պետք է լինի։ Եթե այդ քաղաքականությունը չկա, մենք հասկանում ենք որ չունենք այն ուժը, որը մեզ ասում է՝ եկեք այստեղ։ Ոչ մի խելամիտ մարդ իր երեխային չի տանի մի տեղ, որտեղ անվտանգության հարցը լուծված չէ»,- նշեց նա։

44-օրյա պատերազմի հետևանքով Քաշաթաղից, պաշտոնական տվյալներով, տեղահանվել է 10 հազար մարդ՝ մոտ 3000 ընտանիք։ Նրանք ներկայում բնակվում են Հայաստանի տարբեր բնակավայրերում։ «Մեր ՀԿ-ն ստեղծվել է պատերազմից անմիջապես հետո, երբ Բերձորի, Աղավնոյի և Սուսի հարցն այս վիճակում չէր, և մենք կարծում էինք, որ հնարավորություն լինելու է այդ համայնքներում ապրել։ Ամեն դեպքում, վերադարձի ակնկալիք բոլորս էլ պետք է ունենանք, եթե ոչ հիմա, ապա մեզանից հետո եկած սերունդը։ Մենք վերաբնակեցված ենք, բայց երկու-երեք սերունդ երեխաներ ունեն մարդիկ, որոնք ծնվել են այնտեղ։ Այդ երիտասարդները վաղը պետք է պահանջ դնեն՝ իրենց ծննդավայր վերադառնալու համար»,- հավելեց Մովսիսյանը։

Կարինե Մովսիսյանը նաև կարծում է, որ եթե ռուսական կողմը ցանկանար, վերոնշյալ երեք համայնքները կբնակեցվեին հայկական ընտանիքներով։ Մյուս կողմից էլ, Արցախի ու Հայաստանի կառավարությունը պետք է այդ ուղղությամբ աշխատանք տանեն։ «Ստացվում, է, որ մենք ինքներս փաստացի որոշումներ չենք ընդունում, այսօր այնքան թույլ ենք, որ նայում ենք իրենց՝ կլինի Ադրբեջանը, թե Ռուսաստանը։ Չեմ կարող ասել, թե ինչ խնդիր է լուծվում, բայց համենայնդեպս այդ համայնքների հայաթափումն արդեն կատարվել է։ Ինձ թվում է՝ մարդիկ, ովքեր այնտեղ են, Աստված տա, որ ես սխալվեմ, բայց վաղ թե ուշ գալու են Հայաստան»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն