Երևանում գործարկվեց «Հետիոտնային կանչ» ռեժիմով աշխատող ևս 14 լուսացույց
Երևանի ևս 12 փողոցներ այսուհետ առավել անվտանգ կլինեն հետիոտնի համար:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ անցումները հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցներով կահավորելու՝ Երևանի քաղաքապետարանի ծրագիրը շարունակվում է նաև այս տարի:
Մայրաքաղաքում անվտանգ երթևեկության ապահովումը քաղաքային իշխանության առաջնահերթություններից է: Խնդրին լուծում տալու նպատակով 2019թ. Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մի շարք ծրագրեր իրականացվեցին։ Դրանցից մեկն էլ անցումների կահավորումն էր:
«Մեր բնակիչների անվտանգությունը, առավել ևս մեր երեխաների անվտանգությունը մեր համար մեկ խնդիրն է այսօր, դրանից առավել մենք այստեղ խնդիր չունենք լուծելու»,- ընդգծում է քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Անցած տարվա կտրվածքով մենք ունեինք արդեն 28 չկարգավորվող հետիոտնային անցումներում տեղադրված հետիոտնային կանչի ռեժիմով լուսացույցներ, այս տարի աշխատանքները կրեցին շարունակական բնույթ, ներկայումս շահագործման հանձնեցինք 14 օբյեկտ՝ 12 փողոցներում: Աշխատանքները մինչև տարեվերջ շարունակական բնույթ են կրելու, և ընդհանուր ծրագրով այս տարի 63 հատ էլ կտեղակայվի»,- նշում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Էդգար Գալստյանը:
Շարունակական ծրագրի գլխավոր խնդիրը մայրաքաղաքում հետիոտների վրաերթերի դեպքերը նվազեցնելն է: Ծրագիրն իրականացնելու համար ՃՈ-ի հետ համատեղ գույքագրվել են մայրաքաղաքի խնդրահարույց կետերը:
«Այս լուսացույցները հիմնականում տեղակայվում են կրթական հաստատությունների, մշակութային ու մարզական օջախների, ինչպես նաև առողջապահական կազմակերպությունների հարևանությամբ: Հաշվի են առնվում նաև վթարների և մահվան դեպքերը»,- ասում է Էդգար Գալստյանը:
«Միանշանակ տարբերությունը զգալի է, այն հատվածներում, որտեղ ունենք այս ռեժիմով կարգավորվող անցում, պակասում է վրաերթերի և ճանապարհային պատահարների թիվը»,- ընդգծում է Ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի ավագ տեսուչ Հրանտ Ավետիսյանը:
Անվտանգ քաղաքին ուղղված համալիր ծրագրերի շրջանակում Երևանի քաղաքապետարանը 2020թ. շուրջ 100 հետիոտնային անցում էլ գիշերային լուսավորությամբ կահավորեց: Բացի այդ, քաղաքապետի հանձնարարությամբ ուսումնասիրվեցին և գույքագրվեցին նաև երեք և ավելի գոտի ունեցող ճանապարհներում հետիոտնային անցումները: Դրանց դիմաց նախաձեռնվեց սահմանված արագությունների նվազեցում` ոստիկանության հետ համատեղ: Երևանում ճանապարհային երթևեկության կարգավորումը, այդ թվում՝ լուսացույցների տեղադրումն ու գծանշումներն, ի դեպ, 2009-ից կառավարության որոշմամբ պատվիրակված են Ճանապարհային ոստիկանության ծառայությանը, սակայն կարևորելով անվտանգ երևեկության ապահովումը՝ համայնքն ուղղակիորեն շարունակում է մարդկանց կյանքեր փրկող տարբեր ծրագրեր իրագործել: