Սահմանների բացման պարագայում հայաստանյան արտադրողների խոցելիությունը շատ բարձր է
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, սահմանի բացման տնտեսական, ժողովրդագրական անվտանգային խնդիրների մասին «Առաջին լրատվականը» զրուցել է ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դասախոս Տաթև Վարդանյանի հետ:
Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիային հետ սահմանի բացման դեպքում ազգային անվտանգությանն ուղղված մարտահրավերները՝ հաշվի առնելով նաև ՀՀ-ում սեփականության ձեռքբերման օրենսդրական կարգավորումները, առանձնապես սահմանափակող դրույթների բացակայությունը, ի՞նչ պետք է արվի այս ուղղությամբ
Հայ-թուրքական սահմանի բացման պարագայում, ինչպես ազգային անվտանգության, այնպես էլ դրա կարևորագույն մաս հանդիսացող տնտեսական անվտանգության դիտանկյունից, մարտահրավերները Հայաստանի համար բավական շատ են։ Մեր ուսումնասիրության ընթացքում կիրառվել է առևտրի գրավիտացիոն մոդել, որի արդյունքները հետևյալն են. Բաց սահմանների պարագայում գրավիտացիոն մոդելը ցույց է տալիս, որ թուրքական ապրանքների ներմուծումը կարող է ավելանալ մինչև 65%, ինչն ի հայտ է բերում մի շարք ռիսկեր և մարտահրավերներ: Համաձայն մեր հաշվարկների՝ յուրաքանչյուր 10%-ով տարածության կրճատումը կարող է հանգեցնել Թուրքիայից 17.9% ներմուծման ավելացմանը: Իսկ Հայաստանից Թուրքիա արտահանման ծավալների գնահատումը ցույց է տալիս, որ բաց սահմանների պարագայում ցուցանիշը կարող է ավելանալ 42%-ով։ Ազգային անվտանգության տեսանկյունից այստեղ կարևոր խնդիր է դառնում այն, որ հայաստանյան արտադրողների խոցելիությունը շատ բարձր է, նրանք չեն դիմանալու թուրքական էժան ապրանքների մրցունակությանը։ Նոր ակտիվացող տեքստիլն ու պարենային անվտանգության համար կենսական կարևորություն ունեցող գյուղատնտեսության ոլորտը չեն դիմակայելու այս «հարվածներին»։ Բացի այդ՝ թուրքական էքսպանսիոն քաղաքականությունը նոր երևույթ չէ։ Մեր կողմից ուսումնասիրվել է Վրաստանի Բաթումի քաղաքի օրինակը, որտեղ ներդրումների 75%-ը թուրքական կապիտալից է։ ՀՀ օրենսդրության մեջ, ինչպես և Վրաստանի պարագայում, սեփականության ձեռքբերման որևէ սահմանափակող դրույթներ չեն գործում, բացի հողի ձեռքբերումից: Ստացվում է, որ սահմանների բացման պարագայում կարելի է կանխատեսել Հայաստանի առնվազն նույնչափ թրքաֆիկացում, ինչպես որ Բաթումիում է այս պահին։ Այս առումով, եթե խոսում ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին, օրենսդրական բարեփոխումների և, պետության «պաշտպանիչ» գործառույթի ապահովման լավագույն պահն է։
Գաղտնիք չէ, որ Թուրքիայի նպատակը քաղաքական-տնտեսական գերակայությունն է տարածաշրջանում ու մյուս երկրներին իրենից կախվածության մեջ գցելն է։ Այս առումով ի՞նչ ռիսկեր կան,արդյոք գործընթաղցում չեն զոհաբերվի մեր շահերն հերթական։
Գործազրկության բարձր մակարդակը, աղքատությունն ու արտագաղթը տարիներ շարունակ Հայաստանի ամենալուրջ տնտեսական մարտահրավերներն են: Այս պարագայում տնտեսության մրցունակության ցուցանիշ է տնտեսության՝ համեմատաբար բարձր վարձատրությամբ աշխատատեղերի ստեղծման ու դրանց պահպանման կարողությունը: Միևնույն ժամանակ, 2020 թվականը ամբողջ աշխարհի և, առանձնապես, Հայաստանի համար ի հայտ է բերել նոր մարտահրավերներ և խոչընդոտներ. մի կողմից 2020 թվականի սկզբից համաշխարհային տնտեսությունը կաթվածահար է արել COVID-19 համաշխարհային համավարակը, մյուս կողմից Հայաստանի և Արցախի համար լրջագույն հարված էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձաձերծված 44-օրյա պատերազմը: Այս իրադարձություններն, իհարկե, ուղղակի հարվածներ են հայկական տնտեսության մրցունակությանը, զարգացման տեմպերին և ուղղություններին: 44-օրյա պատերազմը ևս մեկ անգամ ապացուցեց Թուրքիայի հակահայ քաղաքականությունը, երբ ադրբեջանական բանակի կազմում ներգրավվեցին թուրք հատուկջոկատայինները և թուրքական զինտեխնիկան։ Մեկ այլ մտահոգիչ փաստ այն է, որ եթե սպասվելիք իրադարձությունները ՀՀ-ն անվանում է «կոմունիկացիաների ապաշրջափակում», ապա Թուրքիայի եղբայրական պետություն Ադրբեջանը դա մեկնաբանում է իբրև՝ «պատմական միջանցքի վերականգնում»։ Ուստի, կարող ենք փաստել, որ դեռևս փակ սահմանների պարագայում Թուրքիան արդեն իսկ մեծ սպառնալիք է ներկայացնում ՀՀ ազգային անվտանգության համար։ Բացի այդ՝ հայկական շուկան բավականին գրավիչ շուկա է թուրք արտադրողների և գյուղմթերքի ոլորտում զբաղվածների համար։ Դեռևս փակ սահմանների պարագայում տարիներ շարունակ թուրքական արտադրանքը գտել է իր սպառողին մատչելի գնի և այդ գնի համեմատ բարձր որակի շնորհիվ։ Սահմանների բացման պարագայում ենթադրվում են խոշոր ներդրումներ, մասնավորապես տեքստիլի և գյուղատնտեսության ոլորտներում, ինչը կհանգեցնի տեղական արտադրանքի՝ շուկայում ետմղման, կամ վատագույն դեպքում՝ դուրսմղման։ Բացի տեղական արտադրողներին վնասելուց, կստանանք նաև ազգային անվտանգության համար էական սպառնալիք հանդիսացող պատկեր։ Թուրքիայի կողմից սպասվելիք խոշոր ներդրումները կամա թե ակամա, կարող են ունենալ քաղաքական ազդեցություն, եթե «գրավեն» կարևորագույն ենթակառուցվածքները, որոնցից մեկը, ինչպես արդեն նշեցինք, գյուղատնտեսությունն է։ Նույն տրամաբանությամբ ներդրումներ սպասվում են բոլոր ոլորտներում, և եթե նմանատիպ սպասելիքներն իրականանան, տարիներ անց ՀՀ-ի՝ ոչ կայուն հիմքեր ունեցող տնտեսությունը, մեծապես կկլանվի թուրք արտադրողների, բիզնեսմենների և առհասարակ Թուրքիայի կողմից, ինչը սպառնալիք կհանդիսանա տնտեսական անկախության և ազգային անվտանգության տեսանկյունից։
Ժողովրդագրական ի՞նչ սպառնալիքներ կարող են առաջանալ սահմանի բացումից։
Սահմանների բացումը ենթադրում է նաև բնակչության ազատ տեղաշարժ՝ մի երկրից մյուսը։ Այս պարագայում ավելի շատ սպասվում է թուրքերի ու քրդերի մուտք Հայաստան, որն էական սպառնալիք կարող է դառնալ առկա ժողովրդագրական պատկերի համար։ Այդ ազգերի բնակիչները կարող են գալ, հիմնավորվել Հայաստանում, ամուսնանալ, ձեռքբերել սեփականություն և ի վերջո ավելանալ քանակապես։ Հետազոտությունների համաձայն՝ նորմալ վերարտադրության համար անհրաժեշտ ծնելիության ցուցանիշը 2.1-ն է, որը թուրքերի մոտ պահպանվում է, մինչդեռ ՀՀ-ում այդ ցուցանիշը 1.8 է, այսինքն՝ ազգաբնակչությունը գնում է ծերացման։ Այսպիսով կարճ ժամանակում կունենանք դեմոգրաֆիական պատկերի հստակ փոփոխություն, իսկ երկարաժամկետ կտրվածքով սա կվերածվի արդեն քաղաքական ռիսկի։ Հաշվի առնելով, որ ծայրամասային գյուղերը նոսր են բնակեցված հայության կողմից, ապա քրդերի և/կամ թուրքերի վերաբնակեցումը այդ գյուղերում, տարիներ անց կարող է հանգեցնել այն իրավիճակին, որ նշված բնակավայրերում արդեն այլազգիները կկազմեն մեծամասնություն, ինչը վտանգի տակ կդնի տեղի հայության ազգային, կրոնական և մշակութային յուրահատկությունների պահպանումը, և որ ամենակարևորն է՝ համայնքի ղեկավարումը ևս կարող է անցնել վերաբնակեցվածների իրավասության ներքո։
1in.am