Լուկաշենկոն թերևս պետք է հիշի, որ Հայաստանը սպասում է վաղուց
Բելառուսի նախագահ Լուկաշենկոն Մոսկվայում Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, թե պետք է անցկացնել ՀԱՊԿ ու ԵԱՏՄ Վեհաժողով: Հասկանալի է, Լուկաշենկոն Պուտինի հետ խոսել է ուկրաինական թեմայով: Բելառուսի նախագահի նախաձեռնությունը Հայաստանի համար պարունակում է ռիսկեր, այն տեսանկյունից, որ կարող են դրվել այսպես ասած «ներգրավման» հարցեր: Ասել, որ այդ ռիսկերը այսօր խիստ գործնական են, թերևս վաղ է և համենայն դեպս միայն Լուկաշենկոյի հայտարարությունը չարժե դիտարկել իբրև այդ գործնականության վկայություն: Սակայն պատրաստ լինել հնարավոր հարցադրումների և փորձերի, Երևանն իհարկե պարտավոր է, առավել ևս ՀԱՊԿ նախագահող երկրի կարգավիճակով: Եթե օրինակ Ղազախստանի պարագայում Հայաստանի գործողությունները չունեցան միջազգային ռեզոնանս, որովհետև բոլորովին այլ էր խնդրի էությունն ու այսպես ասած քաղաքական խաղի արժեքը, ապա ուկրաինական իրադարձությունների պարագայում անկասկած պատկերը բոլորովին այլ է և այս դեպքում ՀԱՊԿ նախագահող Հայաստանից պահանջվում է թերևս անել առավելագույնը թեկուզ հարաբերական հավասարակշռության ու չեզոքության խախտում թույլ չտալու համար: Այս դեպքում առկա է կարևոր հանգամանք, որ չկա սպառնալիք ՀԱՊԿ սահմաններին: Ավելին, եթե կա այդպիսի սպառնալիք, ապա սպառնալիքն առաջին հերթին Հայաստանի սահմանի հանդեպ է, որ թույլ է տվել Ադրբեջանը:
Հետևաբար, եթե ՀԱՊԿ մտածում է որևէ արձագանքի մասին, ապա «հերթի» մեջ Հայաստանը «սպասում» է վաղուց: Առավել ևս, որ ընդամենն օրեր առաջ ադրբեջանցիները գնացին հերթական սրացման՝ Նախիջևանի ուղղությամբ: Այլ է իհարկե իրավիճակը ԵՏՄ պարագայում: Այստեղ իհարկե Հայաստանը կարող է ունենալ ընդհանուր հետաքրքրություններ տնտեսական վիճակի առումով: Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ռիսկեր են առաջացնում նաև Հայաստանի համար և, եթե ԵՏՄ ունի հնարավորություններ թեկուզ որոշակիորեն նվազեցնել այդ ռիսկերը, ապա Երևանն անշուշտ հետաքրքրված է դրանք օգտագործելու տեսանկյունից: Սակայն, միայն այսպես ասած «պաշտպանական» տրամաբանությամբ, այսինքն ԵՏՄ տնտեսական տարածության վրա պատժամիջոցների ռիսկի կամ հետևանքի հաղթահարմանն ուղղված ներքին ջանքեր՝ տնտեսական գործակցությունն ակտիվացնելու համար: Ռուսաստանի «մեկուսացումը» ԵՏՄ վրա տարածելը արդեն կլինի սահման, որը պարունակում է քաղաքական և գուցե նույնիսկ ռազմա-քաղաքական ռիսկեր: Թեև, այս դեպքում թերևս Ռուսաստանն ինքը կարող է չունենալ այդպիսի շահագրգռություն, քանի որ ԵՏՄ այլ պետությունների հարաբերությունն Արևմուտքի հետ, ՌԴ-ն կարող է դիտարկել որպես «թթվածնային սնուցում»: Թերևս Ռուսաստանն այդ հնարավորությունից զրկելն էլ իր հերթին չի մտնում Արևմուտքի ծրագրերի մեջ, քանի որ դա հազիվ թե լուծի որևէ էական խնդիր, փոխարենը կարող է ստեղծել կամ առաջացնել նորերը:
1in.am