Այո, ռուս-ուկրաինական պատերազմը կարող էր և չլինել, եթե մարդիկ առաջնորդվեին առողջ մտածողությամբ և ոչ թե հակառուսական կարծրատիպերով: Խոսքը Արևմուտքի հասարակական-քաղաքական գործիչների մասին է: Որպեսզի ընթերցողը համոզվի այս դատողության ճշմարտացիության մեջ՝ հետևենք դրանցից մեկի՝ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելի մի քանի հայտարարությանը երկամսյա կտրվածքով: Ինչպես նաև ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի մեկ ելույթին:

Վերջինս օրերս արևմտյան լրատվամիջոցներից մեկին հայտնել է, որ Արևմուտքը մի շարք սխալներ է թույլ տվել, ինչը խոչընդոտել է Ռուսաստանի հետ մերձեցմանը: Այդ սխալներից էր նաև ՆԱՏՕ-ի անդամ դառնալու վերաբերյալ Ուկրաինային տրված խոստումը: Պատկերացնո՞ւմ եք՝ Ուկրաինայից բավական հեռու՝ Հարավային Կովկասի Երևան քաղաքում բնակվող հրապարակախոսը (խոսքը տողերիս հեղինակի մասին է) այդ մասին ասում էր բազմիցս, իսկ պարոն Բորելը նոր է գլխի ընկել:

Վերոհիյալ հայտարարությանը նախորդել է Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մեկնաբանությունը: Ժոզեպ Բորելի հայտնել էր, որ ԵՄ-ն արգելք չի սահմանի ռուսական նավթի և գազի համար՝ ռուսական վառելքից մեծ կախվածության պատճառով։ Եվ ավելացրել էր, որ, ի տարբերություն ԱՄՆ-ի, որտեղ ռուսական նավթի ներկրումն էական մաս չի կազմում, եվրոպացիներն առանց դրա յոլա գնալ չեն կարող: Եվ այդ պատճառով էլ ռուսական նավթն ու գազը չեն ներառվել սահմանափակումների ցանկի մեջ: 

Վերջինս, միաժամանակ, հայտարարել էր, որ իրենք ջանքեր են գործադրում այլընտրանքային աղբյուրներ գտնելու համար: Էներգակիրների այլ աղբյուրներ փնտրելուն զուգահեռ իրենք փորձում են արագացնել կանաչ անցման փուլը: Ինչի արդյունքում Եվրոպայում պակասելու է ռուսական գազի սպառման ծավալը: Նախատեսվում է մինչև տարեվերջ սպառումը նվազեցնել 2/3-ի չափով: Թե որքանով կհաջողվի նման կտրուկ նվազեցումը՝ չեմ կարող ասել, բայց, եթե չեմ սխալվում, էներգիայի վերականգնվող աղբյուրներից (արև, քամի) զատ՝ միջուկային էներգիան ևս դասվել է «կանաչ տնտեսության» էներգակիրների շարքը: 

Այն հանգամանքը, որ Ռուսաստանի ֆինանսական հատվածի նկատմամբ պատժամիջոցներ կիրառող Եվրոպան զերծ է մնում ռուսական նավթից և գազից հրաժարվելուց, նշանակում է, որ այս հարցում «ժողովրդավարական» Ուկրաինայի նկատմամբ քաղաքական վերաբերմունքը ստորադասվում է գործարարությանը: Ինչպես գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էր ասել, եթե իրենք հրաժարվեն ռուսական վառելիքից, ապա երկրի ողջ տրանսպորտը կանգ կառնի: Ի դեպ, համարյա նույնն ասում էր մեզ Ռուսաստանը (զուտ բիզնես է)՝ մեկնաբանելով Ադրբեջանին սպառազինության վաճառքը: Այս օրինակը ցուց է տալիս, որ միջպետական հարաբերությունները կառուցվում են շահերի և այդ թվում՝ գործարար սկզբունքի հիման վրա: Թեև խոսակցական մակարդակում կարող են շեշտվել ոչ նյութական արժեքները, օրինակ, ժողովուրդների միջև բարեկամությունը: Սա պետք է հասկանալ և առաջնորդվել այդ սկզբունքով:

Իսկ այժմ անցում կատարենք դեպի մոտակա անցյալ՝ այս տարվա հունվարի կեսերը: Ֆրանսիայում գումարված ԵՄ արտաքին գերատեսչությունների ղեկավարների ոչ պաշտոնական հավաքին նույն պարոնը հայտարարում էր, որ ԵՄ-ն կշարունակի կազմել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ, ինչպես նաև այդ հարցում կակտվիվացնի համակարգումը Միացյալ Նահանգների, ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿ-ի հետ: Եվ այդ ամենը ներկայացնում էր որպես պատասխան Ռուսաստանի հնարավոր ագրեսիային: Միաժամանակ հավաստում էր, որ Եվրամիությունը նախընտրում է երկխոսության և բանակցությունների ուղին:

Թե ինչպես է այդպիսի ուղին հարիր նախապատրաստվող պատժամիջոցներին, երևի տեղյակ են եղել պատժամիջոցներ նախագծողները: Այն էլ ի պատասխան դեռևս գոյություն չունեցող հանգամանքի՝ ռուսական հարձակման: Իսկ հունվարի կեսերին ոչ միայն ռուսական ագրեսիա գոյություն չուներ, այլև Ռուսաստանի նախագահը փորձում էր երկկողմանի անվտանգության վերաբերյալ երկխոսություն ծավալել ԱՄՆ-ի նախագահի հետ: Ի դեպ, անհաջող, սակայն ոչ իր մեղքով: Իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ակտիվորեն նախապատրաստվում էր Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների վրա հարձակվելուն: Այս երևույթների մասին խոսել եմ նախորդ՝ «Ո՞վ է պատերազմի պատասխանատուն» հոդվածում:

Վերադառնանք լրատվամիջոցին տրված հարցազրույցին. ԵՄ դիվանագիտության ղեկավարը (դա նույն Ժոզեպ Բորելն է) ասել է, որ ՆԱՏՕ-ն ուղղակիորեն չի միջամտի ռուս-ուկրաինական հակամարտությանը, քանի դեռ կազմակերպության անդամ որևէ երկրի վրա հարձակում չի եղել: Հիշենք, որ փետրվարի 28-ին Ուկրաինայի նախագահը ներկայացրել էր Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության հայտը։ Հաջորդ օրն արդեն Եվրախորհրդարանը աջակցություն էր հայտնել Ուկրաինային ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու բանաձեւին։ Իսկ օրերս էլ եվրոպական երկրների ղեկավարները Ֆրանսիայում կայացած գագաթնաժողովին կողմ են արտահայտվել Ուկրաինայի եվրաինտեգրմանը։ Այդ քայլին, բնականաբար, վաղ թե ուշ հաջորդելու է Ուկրաինան ՆԱՏՕ-ի կազմի մեջ ներառելու գործընթացը: Թեև, որքան տեղյակ եմ, ՆԱՏՕ-ի նոր անդամը չպետք է տարածքային խնդիրներ ունենա իր հարևանների հետ: Իսկ այս դեպքում ոչ թե ընդամենը խնդիրներ են, այլ պատերազմ՝ թեպետ յուրահատուկ: Հիմա ինչ՝ ՆԱՏՕ-ն կսպասի՞ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության ավարտը, թե՞… 

Ի դեպ, վերջերս ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինան ինքնուրույն է որոշում կայացնելու ՆԱՏՕ-ին անդամակցության հարցի հետ կապված։ Գլխավոր քարտուղարն ավելացրել է, որ դաշինքի անդամ երկրները գնահատելու են, որպեսզի հասկանան, թե արդյոք պատրաստ է Կիևը միանալու դաշինքին թե ոչ։ Դե, առաջին հարցում տարընթերցում լինել չի կարող. դա Զելենսկու երազանքն է: Երկրորդն էլ, բնականաբար, նորություն չէ. այդպիսին է անդամակցության մեխանիզմը: Եվ, չգիտես ինչու, Ստոլտենբերգը վերջում հայտնել է, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը մոտ ապագայում դաշինքի օրակարգում չկա։ Իսկ եթե չկա, ապա ի՞նչ իմաստ ուներ անդամակցության մեխանիզմի մասին պարոն Ստոլտենբերգի «զրույցը»:

Այսպիսով, եթե ժամանակին Արևմուտքը համապատասխան վերաբերմունք ցույց տար ՌԴ նախագահի խաղաղասիրական նախաձեռնությանը և ոչ թե Ուկրաինային խոստումներ տար ՆԱՏՕ-ի անդամ դառնալու առումով, ապա չէր լինի նաև Զելենսկու ակտիվությունը Դոնեցկ-Լուգանսկ ուղղությամբ: Նույնիսկ Հայաստանի պարտությունը 2020 թվականի պատերազմում այն դերը չկատարեց, ինչ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու վերաբերյալ Արևմուտքի խոստումները:  Եվ, բնականաբար, չէր լինի նաև այսօրվա պատերազմը: Ստացվում է, որ հակառուսականության հարթությունում արևմտյան «խաղերի» արդյունքում Զելենսկին ամբողջովին կորցրել էր իրականության զգացողությունը, իսկ այդ ամենի վճարն էլ տալիս են ուկրաինացիները՝ իրենց կյանքով և գույքով:

Հ. Գ. Հաշվի առնելով գործազուրկի իմ կարգավիճակը՝ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելին առաջարկում եմ մտածել ինձ նախկին Խորհրդային Միության հարցերի գծով խորհրդական նշանակելու մասին: Դա հնարավորություն կտա, որպեսզի իրենք սխալներ չգործեն՝ հատկապես երբ դրանց արդյունքում մարդիկ են մահանում, իսկ չմահացածները՝ տնաքանդ լինում: Իսկ ես էլ կազատվեմ իմ կյանքում երրորդ անգամ կրկնվող այդ կարգավիճակից:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն